ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հնչեցրած իր ելույթում ուղղակի ազդարարեց, որ իշխանությունները սկսում են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ որպես քաղաքական գործչի «ոչնչացման» գործընթացը: Այս ուղղությամբ առաջին քայլերից մեկը լինելու է 2007-ին ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր Գագիկ Ծառուկյանին ԱԺ պատգամավորի մանդատից զրկելու հարցի լուծումը: Սարգսյանն ԱԺ-ի ուշադրութունը հրավիրեց այն փաստի վրա, որ այս գումարման՝ ԱԺ-ի 145 նիստերից Ծառուկյանը մասնակցել է միայն 4-ին:
Համաձայն ՀՀ Սահմանդրության 67-րդ հոդվածի՝ մեկ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից անհարգելի բացակայելու դեպքում պատգամավորը զրկվում է մանդատից: Իսկ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 99-րդ հոդվածի 4-րդ կետը սահմանում է. «Նախորդ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից անհարգելի բացակայած պատգամավորների բացակայության հարցը ընդգրկվում է հերթական նստաշրջանի առաջին չորսօրյա նիստերի օրակարգում»: Այսինքն՝ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցը պետք է ընդգրկվեր ԱԺ գարնանային նստաշրջանի առաջին` փետրվարի 2-ից 5-ի քառօրյայի օրակարգում: Իշխանությունները մի փոքր ուշացել են:
Մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանն իր ելույթում ազդարարել է. «Այս պահին շատ ավելի կարեւոր է հենց հիմա զբաղվել քաղաքական դաշտի մաքրմամբ՝ քաղաքական դաշտում քաղաքական գործիչների համար տեղ բացելով, որ հնարավոր լինի քաղաքակա՛ն լուծումներ գտնել, քաղաքակա՛ն որոշումներ կայացնել»: Եթե Սերժ Սարգսյանը հավատում է իր ասածին եւ իսկապես ցանկանում է մաքրել քաղաքական դաշտը, ապա պետք է սկսի հենց իր հարազատ ՀՀԿ-ից, որի պատգամավորների մի զգալի մասը գործարարներ են, ինտելեկտով էլ չեն փայլում: ՀՀ Սահմանադրության 65-րդ հովածն արգելում է պատգամավորներին զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:
Հ.Գ. Այսօր Հայաստանում տոնում են «Տյառն ընդ առաջ»-ը. նորապսակները պտտվում, ապա թռչում են կրակի վրայով՝ վանելով չար ուժերին:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ Հանրապետական կուսակցության, ապա նաեւ՝ ՀՀ նախագահի նստավայրի կուլիսներում բավական երկար քննարկվում էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկության հարցը: Ծրագիր կար, որ Հ. Աբրահամյանը պետք է հրաժարական տա ՀՀ վարչապետի պաշտոնից եւ նշանակվի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի գործընթացը կազմակերպող շտաբի պետ: Ճիշտ այնպես, ինչպես 2011-ի նոյեմբերին, երբ Աբրահամյանը հրաժարական տվեց ԱԺ նախագահի պաշտոնից՝ նշանակվելով ՀՀԿ նախընտրական շտաբի պետ: Սակայն Սերժ Սարգսյանի հետ երեկ ունեցած զրույցից հետո որոշվել է, որ Հովիկ Աբրահամյանը մնում է ՀՀ վարչապետի պաշտոնում: Ինչը նաեւ ենթադրում է, որ նաեւ պետք է անմիջական մասնակցություն ունենա իր խնամու` Գագիկ Ծառուկյանի դեմ ծավալված «պատերազմում»: Իհարկե, որպես խնամի Հովիկ Աբրահամանը կարող է նաեւ փորձել Գագիկ Ծառուկյանին համոզել, որ նա ինքնակամ հեռանա քաղաքականությունից, ինչը, սակայն, քիչ հավանական է, որ կստացվի:
Փետրվարի 9-10-ն ընկած ժամանակահատվածում ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամները ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ հանդիպում են ունեցել ՌԴ Պետդումայի ներկայացուցիչների հետ: ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը եւս Մոսկվա էր մեկնել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա ասաց, որ խոսվել է նաեւ հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանության մասին, եւ ինքը ռուս գործընկերների մոտ բարձրացրել է սպանությունը կատարած Վալերի Պերմյակովին ՀՀ դատին հանձնելու հարցը: «Հանձնելու առումով կարծես մտադրություն չկա այնտեղ, բայց իրենց վճռականությունը մեծ էր Պերմյակովին ամենախիստ պատիժը տալու: Իրենք ասեցին, որ իրենց մոտ գնդակահարությունը կա, ու ինքն արժանի է այդ պատժին: Ուղղակի չի կիրառվում այդ պատիժն իրենց մոտ, սառեցված է: Նույնիսկ այսպիսի արտահայտություն եղավ, որ Եվրոպայի հետ հարաբերությունները վերջնական խզելու պարագայում կարող է նաեւ վերանայվի գնդակահարության հարցը»,-նկարագրեց գյումրեցի պատգամավորը:
ՀՀ Կառավարության աշխատակազմն անցած մեկ ամսում կոմունալ վճարների տեսքով ծախսել է 223 միլիոն 237 հազար դրամ: Նշված գումարից մոտ 60 միլիոն դրամը վճարվել է գազի, շուրջ 110 միլիոն՝ էլէներգիայի եւ 11 միլիոն 400 հազար էլ՝ ջրի վարձի համար: Մնացած գումարը տրվել է բջջային կապի եւ ֆիքսված հեռախոսակապի համար: Մասնավորապես, «ԱրմենՏել» ընկերությանը ֆիքսված եւ բջջային կապի համար ընդհանուր վճարվել է 34 միլիոն դրամից մի փոքր պակաս գումար, իսկ «Ղ-Տելեկոմին» (ապրանքանիշը «ՎիվաՍել») բջջային կապի ծառայության դիմաց վճարվել է 8,5 միլիոն դրամ: Ասել է թե՝ անցած 2014 թվականին գործադիրը մատուցված կոմունալ ծառայությունների համար վճարել է մոտ 460 հազար ԱՄՆ դոլար: Հետաքրքիր է, եթե ինչ-որ կերպ գնահատվի Կառավարության օգտակար գործողության գործակիցը, ապա այն որքան կկազմի եւ արդյոք կարդարացնի պետբյուջեից հատկացվող միլիարդավոր դրամները:
ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀՈՒՅՍ
Եվ այսպես` Մինսկում շուրջ 16 ժամ տեւած բանակցությունների արդյունքում կարծես թե հնարավոր դարձավ նոր լայնամասշտաբ պատերազմից խուսափել: Համենայն դեպս, «Նորմանդական ձեւաչափով» այս բանակցություններից առաջ իրավիճակն այն աստիճան լուրջ էր եվ մոտ անվերահսկելիության եզրագծին, որ Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Ուկրաինայի առաջնորդները հայտարարեցին, թե այս հանդիպումը, ըստ էության, վերջին հնարավորությունն է, եւ այն ամեն դեպքում լինելու է շրջադարձային` վատ կամ լավ առումով:
Բարեբախտաբար, շրջադարձը եղավ լավ առումով. մինսկյան բանակցությունների արդյունքում Ուկրաինայի վերաբերյալ ընդունվեց 13 կետից բաղկացած համաձայնագիր, որով սահմանվեց նախ` փետրվարի 15-ից Ուկրաինայի Դոնեցկի եւ Լուգանսկի առանձին հատվածներում կրակի անհապաղ եւ համապարփակ դադարեցում, ծանր սպառազինության դուրսբերում՝ ԵԱՀԿ-ի վերահսկողության ներքո, անօրինական խմբավորումների զինաթափում, սպառազինության դուրսբերման գործընթացի սկսումից մեկ օր անց երկխոսության մեկնարկ, ինչպես նաեւ՝ Ուկրաինայի օրենսդրության եւ «Ուկրաինայի Դոնեցկի ու Լուգանսկի առանձին շրջաններում տեղական ինքնակառավարման մարմինների ժամանակավոր կարգի մասին» օրենքի համաձայն՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների անցկացման եւ այդ տարածքների ապագա ռեժիմի շուրջ, 30 օրվա ընթացքում, Գերագույն ռադայի որոշման ընդունում:
Առայժմ դժվար է այս համաձայնագիրը որակել պատմական` հաշվի առնելով նախկինում հենց այս նույն ձեւաչափով կայացած բանակցությունների արդյունքում ձեռք բերված համաձայնության կոպիտ խախտումը թե՛ Ուկրաինայի, թե՛ Ռուսաստանի կողմից: Սակայն այն, որ այս համաձայնագիրը խոստանում է առնվազն ժամանակավոր խաղաղություն եւ իրավիճակի լիցքաթափում, արդեն իսկ մեծ ձեռքբերում է:
Այնուամենայնիվ, մի բան է այս համաձայնագրի ընդունումը, մեկ այլ բան` դրա իրագործումը, հատկապես, եթե հաշվի առնենք, որ Ուկրաինայի նախագահ Պետր Պորոշենկոյի համար օբյեկտիվորեն բավականին բարդ է լինելու դիմագրավել իր ընդդիմախոսներին եւ Ուկրաինայի ազգային շահերի տեսանկյունից նշված փաստաթղթով սահմանված զիջումները մարսել: Մինչդեռ, օրինակ, Վլադիմիր Պուտինի համար նման խնդիր գրեթե չկա, թեեւ ՌԴ-ն այս համաձայնագրով եւս որոշակի զիջումների գնացել է:
Արդյոք անկանխատեսելի Ուկրաինան այսպիսով կկարողանա ճեղքել արդեն մեկուկես տարի տեւող եւ շուրջ հիսուն հազար մարդու կյանք խլած այս մղձավանջը եւ, ի վերջո, վերագտնել իր կայունությունը, թե այդ երկրին դեռ սպասում են նոր «մայդաններ» եւ հեղաշրջումներ, դժվար է ասել: Բայց որ ցանկացած ելքի դեպքում Ուկրաինան հետ չի բերի իր կորցրած տարածքները, կասկածից դուրս է: Եվ որքան էլ ցավալի է, սակայն պատմության մեջ հենց դա է մնալու որպես կատարվածի արժանահիշատակ արձանագրում: