Փետրվարի 20-ին համազգային հանրահավաք անցկացնելու որոշման մասին հայտարարելուց հետո, իշխանությունները հանրահավաքը տապալելու նպատակով Համաժողովրդական շարժման դեմ սանձազերծեցին մի ամբողջ ահաբեկչական արշավ` բռնաճնշումների եւ սպառնալիքների հիմնական թիրախ դարձնելով Բարգավաճ Հայաստան կուսակցությանը:
Ինչպես հայտնի է, ԲՀԿ քաղխորհուրդն այսօր հայտարարություն է տարածել իշխանությունների կողմից հարուցված անօրինական խոչընդոտների պայմաններում փետրվարի 20-ի հանրահավաքը չեղյալ համարելու մասին: Հայ Ազգային Կոնգրեսը ըմբռնումով է մոտենում ԲՀԿ-ի հայտարարությանը եւ հավաստում, որ կօգտագործի քաղաքական պայքարի բոլոր միջոցները` իր գործընկերոջ նկատմամբ բռնությունները դադարեցնելու նպատակով:
Միեւնույն ժամանակ Հայ Ազգային Կոնգրեսը, հայտարարում է, որ շարունակելու է ապօրինի ռեժիմի հեռացման եւ Հայաստանում ժողովրդավարության հաստատման համար վճռական պայքարը եւ ժողովրդին հրավիրում է մարտի 1-ին ժամը 15.00-ին Ազատության հրապարակում կայանալիք համազգային հանրահավաքին: Հանրահավաքի իրազեկումը քաղաքապետարանի կողմից ընդունված է ի գիտություն: Հանրահավաքում կվերլուծվի ստեղծված իրավիճակը եւ կներկայացվեն Համաժողովրդական շարժման հետագա անելիքները: