Ոստիկանության անգործության պայմաններում Իջևանում շարունակվում են հանցագործությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը գրություններ է ուղարկել ոստիկանության Իջեւանի բաժին` հետաքրքրվելով, թե ի՞նչ ընթացք են ստացել Իջեւանի կենտրոնական դեղատան մոտ արմավենի հրդեհելու, Իջեւանի տարբեր հատվածներում տեղադրված ճանապարհային երթեւեկության 10 նշանները ջարդելու, քաղաքային զբոսայգու քանդակների գիշերային լուսավորության 6 լամպերի գողության, Երեւանյան փողոցում էլեկտրական հենասյունը ջարդելու, Իջեւանի բժշկական կենտրոնի մոտակա լուսացույցը վնասելու, քաղաքի Վասիլան փողոցում գիշերային լուսավորության հենասյունը եւ լուսատուն ջարդելու դեպքերի քննությունները, որոնց վերաբերյալ Իջեւանի քաղաքապետը մի քանի ամիս առաջ գրավոր հայտնել էր ոստիկանությանը: Ի պատասխան` ոստիկանության բաժնից քաղաքապետին գրավոր տեղեկացրել են, որ այդ հանցագործությունների վերաբերյալ իրենք նախկինում Իջեւան համայնքի ղեկավարից դիմումներ չեն ստացել:

Վարդան Ղալումյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք նախկինում դիմում-գրությունները ոստիկանություն փոստով չեն ուղարկել, քանի որ այդ կերպ նամակը բավական ուշ է տեղ հասնում: Եթե համարենք, որ քաղաքապետարանի ուղարկած դիմումները ոստիկանության Իջեւանի բաժնում չեն ստացվել, միեւնույն է, տարակուսելի է` ոստիկանությունը տեղյակ չէ՞ քաղաքի կենտրոնում կատարված բազմաթիվ հանցագործությունների մասին. չէ որ արմավենին անհայտ չարագործի կամ չարագործների կողմից հրդեհվել է ոստիկանության Տավուշի մարզային վարչության շենքից մոտ 50-60 մ հեռավորությամբ:

Այդ դեպքերի մասին նաեւ զանգվածային լրատվության միջոցներում բազմաթիվ հրապարակումներ են եղել:

Քաղաքապետ Ղալումյանը հավելեց, որ նախկինում Տավուշի մարզկենտրոնի Անկախության փողոցում անհայտ անձանց կողմից ջարդվել է 2 հատ տույա ծառ: Նրա վկայությամբ՝ անհայտ անձը կպչուն ժապավենով կապել է այդտեղ տնկված 3-րդ տույան, որպեսզի չերեւա դրա բնի ջարդված լինելը: Այդ ծառն այժմ կանգուն վիճակում չորացել է: Իջեւանի քաղաքապետարանից հայտնեցին նաեւ, որ փետրվարի լույս 17-ի գիշերը քաղաքի Անկախության փողոցի 23 շենքի մոտից գողացվել է 3 հատ արմավենի:
Այդ շենքի բնակիչները լավ էին խնամում անցյալ տարի տնկված այդ ծառերը:

Հավելենք, որ 2014թ. Իջեւանի Ազատամարտիկների հրապարակից գողացվել է մեկ հատ արմավենի: Նշված բոլոր հանցագործությունները կատարողները դեռեւս բացահայտված չեն: Իջեւանը կանաչապատվում է, քաղաքում գիշերային լուսավորության ցանցն՝ ընդլայնվում, սակայն ծառերի, գիշերային լուսավորության ցանցի ջարդարարությունը նույնպես շարունակվում է: Եվ որ ամենամտահոգիչն է` ոստիկանության բացարձակ անգործության պայմաններում:

Ոսկան Սարգսյան
Տավուշ 




Լրահոս