«Երևան Մոլ»-ի մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժինը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է.
«Մեկնաբանելով այսօր մամուլում շրջանառվող տեղեկատվությունն այն մասին, որ «Երևան Մոլում» իրավիճակը դարձել է անկառավարելի, պաշտոնապես հայտարարում ենք, որ «Երևան Մոլում» գործող Electronics Planet տեխնիկայի խանութը կազմակերպել էր ակցիա, ըստ որի խանութ այցելած 100 հաճախորդներին հեռուստացույցներ և մի քանի այլ տեսակի կենցաղային տեխնիկա վաճառվելու է 1000 ՀՀ դրամով։
Այդ առիթով մոլը իրապես մարդաշատ էր, սակայն ոչ մի արտառոց դեպք չի գրանցվել:
Ակնհայտ է, որ այդ ակցիան պետք է աշխուժություն առաջացներ հանրության մեջ, քանի որ այդպիսի առաջարկներ լինում են հազվադեպ:
«Երևան Մոլում» գործող բոլոր խանութները առանձին տնտեսվարող սուբյեկտներ են և նրանց մարքեթինգային գործունեությունը չի վերահսկվում մոլի ղեկավարության կողմից:
Հայտնում ենք նաև, որ այս պահին ակցիան ավարտված է, և որևէ արտակարգ իրավիճակ, ինչպես նկարագրվում էր մամուլի տարածած նախորդ հաղորդագրություններում չի գրանցվել»:
Հիշեցնենք, որ armtimes.com-ը տեղեկացրել էր, որ «Երևան մոլ» առևտրի կենտրոնում իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել. քաղաքացիները ճեղքել են ոստիկանական շղթան և ներխուժել առևտրի կենտրոն։