Դուդուկը քչից-շատից ճանաչում, փող է բերում. Կամո Սեյրանյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դուդուկահար Կամո Սեյրանյանը, ով նոր է վերադարձել Շվեյցարիայում կայացած համերգից, արդեն պլանավորում է այս տարի մենահամերգ ունենալ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Նա «Ժողովուրդ»-ին պատմել է իր ծրագրերի մասին, անդրադարձել է իր դաշտում կայանալու ճանապարհին հանդիպող խոչընդոտներին: Կամո Սեյրանյանն այն կարծիքին է, որ որքան էլ երաժիշտը տաղանդավոր լինի, միեւնույն է, հեռուստաընկերությունները գումարը ստանալու են, որ «աղբը վերցնեն ու տարածեն»:

-Օրերս եք վերադարձել Շվեյցարիայում կայացած համերգից, որտեղ հանդես եք եկել աշխարհահռչակ երաժիշտներ ընդգրկող «Forbidden Saints» խմբի հետ: Արտերկրի հանդիսատեսն ինչպե՞ս ընդունեց դուդուկը:

-Համերգը շատ լավ անցավ: Այս խմբում հավաքվել են արտասահմանցի շատ լուրջ երաժիշտներ, մեծ մասը՝ Լատինական Ամերիկայից: Նրանցից մեկը նվագում է Շակիրայի բենդում, 4 «Գրեմմի» է ստացել: Իսկ դուդուկը շատ ջերմ է ընդունվում արտերկրում: Հիմա արդեն մեր խմբով պատրաստվում ենք մայիսի 3-ին ԱՄՆ-ի «Նոկիա» թատրոնում կայանալիք համերգին:

-Տաղանդավոր դուդուկահարի առջեւ Հայաստանում կայանալու ի՞նչ հնարավորություններ են բացվում, եւ ի՞նչ խոչընդոտներ կան, որոնք շրջանցելը խրթին է:

-Արդեն երկար տարիներ է, ինչ դասավանդում եմ եւ կարող եմ փաստել, որ մենք ունենք փայլուն ուսանողներ: Անձամբ ես դաշտում կայանալու համար շատ մեծ ֆինանսական խնդիրների եմ բախվել: Մեր երկրում, եթե ձեռքիդ կոնկրետ գումար չունենաս, շատ դժվար կլինի քեզ համար: Որքան էլ որ տաղանդավոր լինես, միեւնույն է, հեռուստաընկերությունները գումարը ստանալու են, աղբը վերցնեն ու տարածեն…Ի՞նչ տաղանդի մասին է խոսքը…

-Բայց ուսանողների մեջ դուդուկի «հետեւից գնացողները» շատ են, այնինչ՝ մյուս գործիքներն անտեսվում են:

-Որովհետեւ դուդուկը քչից-շատից ճանաչում, փող է բերում: Եվ կան նախադեպերը, որ այս գործիքի շնորհիվ կարելի է հասնել բարձունքների: Իսկ, ահա, ուրիշ գործիքներ՝ թառը, քամանչան, աստիճանաբար «կորչում են», դրանցով հետաքրքրվողները՝ պակասում: Ու դա ո՛չ մշակույթի նախարարությանն է մտահոգում, ո՛չ ԶԼՄ-ներին:

-Դուք այն երաժիշտներից եք, որ առաջնորդվելով «արվեստը սահմաններ չունի» կարգախոսով՝ անգամ նվագակցեցիք ադրբեջանցուն, ինչի համար բուռն քննադատությունների ենթարկվեցիք: Ամեն դեպքում, դրանք չե՞ն կոտրում արտիստին:

-Միանշանակ, արվեստը սահմաններ չի ճանաչում, պետք լինի՝ վաղն էլ կնվագեմ: Ես այդ քննադատներին մի բան ասացի՝ ի՞նչ է՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ռուսաստանում Մոցարտ, Բեթհովեն չէի՞ն լսում. երաժշտությունն ազգություն չի ճանաչում:

-Դուք համարձակություն ունեցաք դուդուկի նվագակցությամբ ներկայացնել Արամ Խաչատրյանի «Լեզգինկա»-ն եւ «Սուսերով պար»-ը: Հաջորդ հեղինակը, ում «կդիպչեք», ո՞վ կլինի:

-Մտադիր եմ ներկայացնել Շուբերտի «Ավե Մարիա»-ն: Ես դուդուկով ներկայացրել եմ նաեւ Բաբաջանյան: Առհասարակ, շատ գործերի կարելի է «մոտենալ», դուդուկով գեղեցիկ կհնչի նաեւ Մանսուրյանը…Սակայն, ցավոք, այս գործիքի հնարավորությունները շատ մեծ չեն:

-Այս տարի կայանալիք Ձեր մենահամերգը նվիրված է լինելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Առհասարակ, այս թեմայով աշխարհին ի՞նչ մեսիջներ եք պատրաստվում հղել Ձեր արվեստի միջոցով:

-Համերգը յուրահատուկ հնչողությամբ եւ օրիգինալ է լինելու: Ներկա են լինելու սիմֆոնիկ նվագախումբ, արտասահմանցի սոլիստներ: Շվեյցարացի երաժիշտները շատ ոգեւորված են իմ նախաձեռնությամբ եւ խոստացել են իմ կողքին լինել: Իսկ ինչ վերաբերում է մեսիջներին, ապա ասեմ, որ հիմա մի հետաքրքիր բան եմ մտածել, որը եթե հաջողվի իրագործել, հրաշալի կլինի: Հոլիվուդյան շուկայում կա մի հայտնի կոմպոզիտոր՝ Հանս Զիմերը: Նա Հոլիվուդի ամենահզոր ֆիլմերի երաժշտություններն է գրում: Հնարավոր է՝ կոմպոզիտորին պատվիրենք Հայոց ցեղասպանության թեմայով մի ստեղծագործություն դուդուկի համար: Դրա համար մեծ գումարներ կպահանջվեն: Տեսնենք՝ ինչպես կստացվի…

Աննա Բաբաջանյան




Լրահոս