«Ճգնաժամը մի վիճակ է, ոը բերում է աղետալի փլուզման, դուք լավ գիտեք, թե ինչ է ճգնաժամն, ու չեմ կարծում, որ պետք է դասեր տանք, թե ինչ է դա»,-այսօր ԱԺ նիստերի ժամին ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ պատասխանելով ՀՀԿ-ական Խոսրով Հարությունյանին:
«Կարող է դուք ավելի լավ դասեր տաք, ես էլ ընդունեմ, բայց դա կապ չունի մեր «դիսկուսիայի» հետ: Երկիրն առևտրի բացասական բալանս ունի երեք միլիարդով: Մենք տնտեսություն չունենք, չունենք»,-հավելեց Զուրաբյանը:
Հարությունյանը հարց ուղղեց, թե արդյոք իշխանությունն ընդհանրապես չի՞ պայքարում կոռուպցիայի դեմ: Ի պատասխան Զուրաբյանը նշեց. «Կարող է մի երկու հոգու բռնել է ձևի համար, բայց երկրի բարձրագույն ղեկավարությունն է զբաղված բիզնեսով: Բերանս բացե՞մ, ասե՞մ՝ ինչեր են պատմում, մի կոռուպցիոները դուք եք, դուք չգիտե՞ք, որ ձեզ արգելվում է զբաղվել բիզնեսով, կարող է գիտեք Երևանում մարդ կա՞, որ չգիտի Խոսրով Հարությունյանի բիզնեսները, դե իմ մոտ մի հատ բիզնես գտեք էլի»:
Հարությունյանը նախապես հարցրել էր նաև, թե Զուրաբյանը չի կարծում, որ ընդդիմությունն էլ «հիվանդ է»: «Ընդդիմությունը հիվանդ կլինի, չի լինի, դա ուրիշ հարց է, ամբողջ ղեկը երկրի ձեր ձեռքն է, «հիվանդը» դուք եք, ձեր իշխանությունն է», – հայտարարեց ՀԱԿ պատգամավորը:
Խոսրով Հարությունյանն արձագանքեց. «Խորհուրդ կտամ ամբիոնն օգտագործել ավելի կոռեկտ` ձեր քաղաքական մտքերն արտահայտելու համար: Իմ ու շատերի կենսափորձը բավարար է միայն ձեզ ու ամբողջ քաղաքական ուժին հասկացնելու համար: Ես պնդում եմ, որ ընդդիմությունը «հիվանդ» է» »:
Լևոն Զուրաբյանն էլ հակադարձեց. «Եթե խոսում եք հասկացնելու մասին և հասկանալու, ուրեմն ինձ դաս չի կարող տալ մի մարդ, որը լինելով Հայաստանի վարչապետ՝ հանդես եկավ սեփական կառավարության ծրագրի դեմ ելույթով: Այդ արարքը ցույց է տալիս, որ հասկացնելու հարցում սովորելու բան չունեմ»: