Տհաճ էր, երբ Զարուհի Փոստանջյանի ելույթի ժամանակ տղամարդիկ տեղից ռեպլիկներ էին անում. Հեղինե Բիշարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չգիտես ինչու, բացարձակ մեծամասնություն կազմող քաղաքական ուժը ոչ մի վայրկյան կանգ չի առնում և տարատեսակ պիտակներ է կպցնում ընդդիմադիր գործիչներին»,-այսօր ԱԺ-ում կառավարման ճգնաժամի մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանը:

«Որպեսզի մենք կարողանանք ասել` կառավարությունը ճգնաժամ է ապրում, թե` ոչ, պետք է խոսենք առարկայական, փաստերով` հետևությունները թողնելով մնացածին: Պատասխանատվության մեծ թևը իշխանության վրա է, սակայն իր բաժինն ունի նաև ընդդիմությունը: Արտագաղթը կանգնեցնելու համար երկրորդ կարևոր խնդիրը հարկային քաղաքականությունն է: Այժմ վարվող քաղաքականության արդյունքում է, որ ամեն քայլափոխի փակվում են խանութներ, գործարարներ, սպասարկման ոլորտներ», – նշեց նա:

«Չի´ կարելի մարդկանց սովի մատնել, չի´ կարելի մարդկանց վախեցնել: Ի՞նչ են նշանակում «որ գաք միտինգի, արյուն է թափելու» խոսքերը: Ի՞նչ արյան մասին եք խոսում: Սա կառավարության չէ, սա ամեն ինչի ճգնաժամ է»,-հավելեց ՕԵԿ-ական պատգամավորը:

«Շատ տհաճ էր, որ երեկվա Զարուհի Փոստանջյանի ելույթի ժամանակ տղամարդիկ տեղից ռեպլիկներ էին անում, սա ուղղակի մեջս կուտակված էր երեկվանից: Կոչ եմ անում չարությունը ձեր մեջից հանել` անկախ նրանից՝ ընդդիմություն եք, թե` իշխանություն»,- ասաց Բիշարյանն ու կոչ արեց միմյանց չարիք չանվանել, պիտակներ չկպցնել:




Լրահոս