Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ելույթ ունեցավ նաև ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը:
«Հայաստանում բաց հասարակություն է ստեղծված. յուրաքանչյուր ոք որտեղ ինչ կուզի կասի, ցանկացած միտք առաջ կտանի և քննարկումների մեջ կմտի: Սա իսկապես արժեք ու նվաճում է: Արտահայտվելու այսպիսի ազատությունների պայմաններում տրամաբանական կլիներ, որ նույնպիսի ակտիվ քննարկումների կիզակետում լինեին նաև տնտեսության զարգացմանը միտված ամենատարբեր առաջարկությունները, նախաձեռնությունները, մեր երկրի այն հնարավորությունները, որոնք դեռ արդյունավետ չեն օգտագործվում», – նշեց նա:
Պատգմանավորը նշեց, որ ամենևին համաձայն չէ այն տեսակետի հետ, թե կառավարությունն է միակ պատասխանատուն նոր գործարար մտքերի ու գաղափարների առաջացման համար.
«Տարեցտարի ավելանում են արտերկրյա լավագույն բուհերում ուսումնառություն առած մեր երիտասարդները, ովքեր հրաշալի տիրապետում են միջազգային փորձի ուսումնասիրման արվեստին: Նման այլ հարցերի շուրջ հրաշալի գաղափարներ ունեցող փորձառու մասնագետներ մեր երկրում իսկապես շատ կան: Ռուսաստանում արտագնա աշխատանքի մեկնած մեր հազարավոր հայրենակիցները բոլորից լավ գիտեն, թե որտեղ և ինչ կարելի է արդյունավետ իրացնել այդ մեծ շուկայում: Ո՞վ և ինչպե՞ս պետք է բոլոր այս սեգմենտները միացնի իրար, աշխատող ու եկամտաբեր գաղափարներ բյուրեղացնի և գործարար ծրագրերի համար հումք տա: Միացնի Սորբոնն ավարտող Արմենին, Պսկովում գյումթերքներ իրացնող Հայկին, լոլիկի համն ու հոտը հրաշալիորեն ստացող վարպետ Գեղամին ու ներդրումային ծրագրեր փնտրող իքս ընկերությանը: Կարծում եմ՝ առաջին հերթին՝ բաց հասարակությունը»: