Բորիս Նեմցովի ամենամտերիմ ընկերը՝ Նիժնի Նովգորոդի նախկին քաղաքապետ Յուրի Լեբեդևը Բ. Նեմցովի սպանությունը պատվիրված է համարում: Նրա խոսքերով՝ հանցագործության հիմնական դրդապատճառը եղել է ընդդիմադիրի քաղաքական գործունեությունը:
Նեմցովի նախկին մամլո քարտուղարն ու նրա ընկեր Ալեքսանդր Կոտյուսովը նկատել են, որ «Նեմցովը եղել է Ռուսաստանում այն քիչ քաղաքական գործիչներից, ով ասել է այն, ինչ մտածել է, իսկ դա ոչ բոլորին է դուր եկել»:
Մինչ այդ սոցկայքերում չեն դադարում ռուս ընդդիմադիրի սպանության մեջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին մեղադրանքներ հնչեցնելը:
«Պուտին, անիծված լինես: Բորիս Նեմցովի մահը քո ուսերին է»,- սոցկայքերից մեկում գրել է հանրահայտ հեռուստահաղորդավոր Եվգենի Կիսելյովը:
Իսկ Kasparov.ru-ի բլոգեր Իգոր Էյդմանը գրում է, որ համոզված է, որ Բորիս Նեմցովի սպանության պատվիրատուն Պուտինն է:
«Այժմ շատերը գրում են, որ Պուտինը Նեմցովի սպանության հրամանը չի տվել, սակայն նա մեղավոր է նրանով, որ «ատելության ջինին» դուրս է թողել շշից և երկրում շովինիստական հիստերիայի մթնոլորտ է ստեղծել: Իսկ դրա արդյունքում ինչ-որ սրիկաներ սպանել են Բորյային: Իսկ ես համոզված եմ, որ հենց Պուտինն է այս կամ այն ձևով անձամբ հրաման տվել սպանել Նեմցովին»,-ասել է նա: