Ե. Զախարյանը Տորոնտոյում մասնակցել է հանքարդյունաբերության ոլորտի համաժողովին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը մարտի 1-3-ը Տորոնտոյում մասնակցել է հանքարդյունաբերության ոլորտի ամենամյա միջազգային համաժողովին:

Համաժողովին յուրաքանչյուր տարի մասնակցում է 100 երկրների շուրջ  25 հազար ներկայացուցիչ՝ հանքարդյունաբերության ոլորտի համաշխարհային դերակատարներ, բնագավառի քաղաքականությունը մշակողներ, ներդրողներ, ֆինանսավորողներ, արդյունահանողներ եւ վերամշակողներ:

Տորոնտոյի համաժողովի հիմնական նպատակն է բնական պաշարների ոլորտում խթանել նոր գործարար ուղիներ՝ Կանադայի եւ Եվրասիական տարածաշրջանի երկրների միջեւ: Համաժողովը միաժամանակ հիանալի հնարավորություն է մասնակից երկրների համար  ներկայացնել  ընդերքի ոլորտում ունեցած հնարավորություններն ու առաջարկները:

Համաժողովին ելույթ է ունեցել նաեւ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների  նախարար Երվանդ Զախարյանը: Նախարարն իր ելույթում ներկայացրել է Հայաստանի  ընդերքի ոլորտի քաղաքականությունը, օրենսդրական դաշտը,  բնագավառի ընթացիկ իրավիճակն ու զարգացման հեռանկարները:

Երվանդ Զախարյանը համաժողովի շրջանակներում հանդիպումներ է ունեցել հանքարդյունաբերության բնագավառի մի շարք ընկերությունների, այդ թվում՝ Հայաստանում գործունեություն ծավալող «Dundee Precious Metals», «Lydian International», «Centerra Gold inc» ընկերությունների ղեկավարների հետ:

Քննարկվել են Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում ներդրումների ներգրավման եւ գործունեության ընդլայնման հետ կապված հարցերը:

Նախարարը մասնակցել է նաեւ համաժողովի շրջանակներում կազմակերպված հանքարդյունաբերության ցուցահանդեսին:




Լրահոս