Հայաստանի տնտեսությունը հաստատուն գլորվում է անդունդը. վիճակը` թվերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա հունվարի պետական բյուջեի եկամուտները, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են երկուսուկես տոկոսով: Անցած տարվա հունվարին պետական բյուջեի եկամուտները կազմել են 80 միլիարդ 278 միլիոն 500 հազար դրամ: Այս տարի այդ ցուցանիշը կազմել է 78 միլիարդ 283 միլիոն 700 հազար դոլար: Ուշագրավն այն է, որ հարկերի եւ տուրքերի մասով պետբյուջեի եկամուտները ոչ միայն չեն նվազել, այլեւ մի բան էլ ավելացել են` 2014-ի հունվարին այդ ցուցանիշը եղել է 73 միլիարդ 144 միլիոն դրամ, իսկ այս տարի կազմել է 75 միլիարդ 751 միլիոն դրամ: Կտրուկ նվազել են «այլ եկամուտներ» տողով մուտքերը` 2014-ի առաջին ամսում եղել է 7 միլիարդ 133 միլիոն դրամ, իսկ այս տարի նվազել է մինչեւ 2 միլիարդ 532 միլիոն դրամ:

Պետբյուջեի եկամուտների նվազման պայմաններում զգալի ավելացել են ծախսերը, այսպես՝ ընդհանուր ծախսերը կազմել են 57 միլիարդ 994 միլիոն դրամ, որը նախորդ տարվա հունվարի համեմատ ավելացել է 21,5 տոկոսով: Ի դեպ, երբ առանձին ոլորտներով ենք դիտարկում պետբյուջեի ծախսերի ավելացման ուղղությունները, ապա տեսնում ենք, որ հասարակական կարգի պահպանման ծախսերն այս տարվա հունվարին, նախորդ տարվա համեմատ, աճել են 37 տոկոսով: 2014-ի հունվարին հասարակական կարգի պահպանության դասակարգման ներքո ծախսերը կազմել են 3 միլիարդ 793 միլիոն դրամ, այս տարի այդ ցուցանիշը հասել է մինչեւ 5 միլիարդ 201 միլիոն դրամի:

Այն փաստը, որ պետբյուջեի եկամուտների անկումը հարկեր-տուրքերի նվազելով չի պայմանավորված, գործարարների համար, մեղմ ասած, լավ նորություն չէ: Բանն այն է, որ «այլ եկամուտների» նվազման բացը լրացնելու համար իշխանությունները պետք է փորձեն այդ գումարները հարկահավաքությամբ լրացնել: Այլ կերպ ասած՝ հարկայինն «անտեր» գործարարներից կսկսի երկրորդ «կաշին քերթել», որպեսզի պակասող գումարը լրացնի:

Այս տարվա առաջին ամսում Հայաստանի արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 6,3 տոկոսով: Գումարային արտահայտությամբ այս հունվարին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 87 միլիարդ 42 միլիոն դրամ: Ի դեպ, արդյունաբերության անկումը հիմնականում արձանագրվել է էլէներգիայի` 23 տոկոս անկման պատճառով: Փոքր` կես տոկոս, անկում է արձանագրվել նաեւ «մշակող արդյունաբերության» ճյուղում: Այս ճյուղն, ի դեպ, կազմում է Հայաստանի ընդհանուր արդյունաբերության 56 տոկոսը:

Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների՝ այս տարվա հունվարին փողի բազան կազմել է 833 միլիարդ 398 միլիոն դրամ, ինչը 53 միլիարդ 367 միլիոն դրամով պակաս է, քան անցած տարվա դեկտեմբերին: Ակնհայտ է, որ փողի բազայի նվազումը ՀՀ ԿԲ-ի կողմից իրականացված դոլլարային ինտերվենցիաների արդյունքն է:

Հայաստանի ԿԲ-ի կողմից իրականացված դոլլարային ինտերվենցիաների արդյունքը լուրջ ազդեցություն է ունեցել նաեւ Հայաստանի միջազգային պահուստների վրա: Ըստ այդմ, անցած տարվա դեկտեմբերին ՀՀ միջազգային պահուստները կազմել են 392 միլիարդ 796 միլիոն դրամ, իսկ այս տարվա հունվարին այն նվազել է մինչեւ 346 միլիարդ 451 միլիոն դրամ, անկումը կազմել է 11.8 տոկոս: Ի դեպ, դեկտեմբերին էլ Հայաստանի միջազգային պահուստները նվազել էին 3.6 տոկոսով:

ՀՀ բնակչության բանկերում ներգրավված ավանդների ընդհանուր ծավալը հունվարին կազմել է 884 միլիարդ 333 միլիոն դրամ: Այս ցուցանիշը նախորդ ամսվա` դեկտեմբերի համեմատ նվազել է 9 միլիարդ 819 միլիոն դրամով: Այլ կերպ ասած՝ մարդիկ սկսել են ծախսել նախկինում կուտակած իրենց միջոցները: Այս ցուցանիշը Հայաստանում առկա տնտեսական եւ սոցիալական վիճակի, թերեւս, ամենաբնորոշող գործոնն է:
Իսկ այն փաստը, որ հունվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը (տնտեսական աճը) չնչին` 1,3 տոկոսի աճ է արձանագրել, թերեւս զուտ պաշտոնական վիճակագրերի` թվերի հետ կատարած մեքենայությունների շնորհիվ է: Սակայն ուշագրավ է այն փաստը, որ պաշտոնական վիճակագիրները, որոնց աճ նկարելու համար ստեղծագործական լիարժեք ազատություն է տրված, չեն կարողացել տնտեսական ակտիվության ցուցանիշը գոնե երկու տոկոսի հասցնել, որպեսզի կրկնեին անցած տարվա արդյունքը` 2,3%:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս