ՆԱԶԱՐՅԱՆՆԵՐԻ ԲԻԶՆԵՍԸ ՎԵՐՋՆԱԿԱՆ «ՓԱԿՎԵՑ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօրվանից այլեւս չի գործելու «Մոսկվիչկա» ցանցի` Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում գտնվող խանութը: Երեկ սուպերմարկետն ամբողջությամբ «դատարկել» էին, որպեսզի հանձնեն նոր սեփականատիրոջը: Ըստ մեր տեղեկությունների՝ նույն հասցեում գործելու է «Էվրիկա» սուպերմարկետը, որը Երեւանում մի քանի մասնաճյուղ ունի: Իսկ «Մոսկվիչկա» սուպերմարկետն այլեւս ցանց չի ունենալու, այդ անվամբ միակ խանութը գործելու է Երեւանի Հյուսիսային պողոտայում:

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ «Էվրիկա» սուպերմարկետների ցանցը պատկանում է ազգությամբ եզդի Թեմուր Ուսուբովին: Հիշեցնենք, որ դեռեւս փետրվարին «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ ՀՀ նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին պատկանող «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ-ն դատական հայց է ներկայացրել Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի որդուն` Արմեն Նազարյանին պատկանող «Բիզնես լիդեր հոլդինգ» ՍՊԸ-ի դեմ: Այսօրվա դրությամբ Երեւանի նախկին ոստիկանապետի որդու ընկերության դրամական միջոցներն արգելանքի տակ են: Տեղեկացնենք նաեւ, որ հունվարի 26-ին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ներսես Նազարյանը, անդրադառնալով իր որդու բիզնեսի խնդիրներին, ասել էր. «Ո՞վ այսօր բիզնես չունի, ո՞վ այսօր պրոբլեմ չունի բիզնեսում, կա՞ տենց մեկը»:
«Ժողովուրդ»-ը երեկ զրուցել է Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի որդու՝ Արմեն Նազարյանի հետ, որը ղեկավարում էր սուպերմարկետների ցանցը:
-Պարո՛ն Նազարյան, փաստորեն Երեւանի Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում գտնվող «Մոսկվիչկա» սուպերմարկետի գործունեությունը որոշել եք դադարեցնել: Ինչո՞ւ եք վաճառել սուպերմարկետը, ըստ շրջանառվող տեղեկությունների՝ որոշել եք լքել Հայաստանը ու Ձեր բիզնես գործունեությունը ծավալել ԱՄՆ-ում:
-Փակվելու է սուպերմարկետը ու այլ ցանցի է միանալու, ես չեմ ուզում նշել, թե ինչ ցանց է այդտեղ գործելու, քանի որ դա իմ իրավասությունների մեջ չի մտնում: Կդառնա այն, ինչ կդառնա, դա բոլորը կտեսնեն: Ես հանձնում եմ այլ ցանցի: Սա արվում է միայն նրա համար, որպեսզի բոլոր հարցերը կարգավորվեն մատակարարների, բանկերի հետ, այժմ պրոցես է գնում, ու մենք փորձում ենք այդ պրոցեսում կարգավորել այս հարցերը: Ոչ մի ուրիշ խնդիր չկա: Այն տեղեկությունները, թե ես երկրից գնում եմ, իրականության հետ որեւէ կապ չունեն: Ես երկրում եմ:
-Տեղեկություններ կան նաեւ, որ Դուք դիմելու եք համապատասխան մարմիններին՝ Ձեզ սնանկ ճանաչելու համար: Պատրաստվո՞ւմ եք նման քայլի դիմել:
-Երկրից բացակայել, դիմել սնանկության, որեւէ մեկի գումարը չվճարել եւ այլն, եթե նման տեղեկություններ են տարածում, ապա Ձեզ վստահեցնում եմ, որ նման բան չկա: Խնդրում եմ, որ նման հերյուրանքների չհավատաք, դրանք սուտ տեղեկություններ են: Ես իմ ընտանիքով Երեւանում եմ, պատրաստ եմ ընդունել ցանկացած մարդու, ով կցանկանա պարզաբանում ստանալ: Կազմակերպությունը բոլոր նրանց, ում պարտք է, մինչեւ վերջ վճարելու է: Ու ես երկրից չեմ պատրաստվում գնալ: Իսկ Հյուսիսային պողոտայում գտնվող «Մոսկվիչկան» մնալու է նույն անվամբ, միանալու է այլ ցանցի ու նորմալ իր գործունեությունը շարունակելու է: Սայաթ-Նովայինը այլ ցանց է լինելու, Հյուսիսային պողոտայինը` այլ, այդ տարածքում գործելու են այլ ցանցի սուպերմարկետներ: Կրկնում եմ՝ դա արվել է նրա համար, որպեսզի առաջացած բոլոր խնդիրներին լուծում տրվի:
-Փաստորեն Դուք այլեւս որեւէ առնչություն չեք ունենալու սուպերմարկետի հետ, այսինքն՝ այլեւս այդ ոլորտում բիզնես գործունեություն չե՞ք ծավալելու: Այդ դեպքում ի՞նչ եք որոշել անել, ո՞րն է լինելու Ձեր հետագա գործունեության ասպարեզը:
-Ո՛չ, ես որեւէ առնչություն չեմ ունենալու, ես դա անում եմ, որպեսզի լուծեմ թե՛ բանկերի, թե՛ մատակարարների հետ կապված հարցերը: Այսինքն՝ մինչեւ վերջ կարգավորելու եմ այդ ամենը: Ու նորից եմ ասում՝ սննակության հարցը բացառեք, նման բան իրականում չկա, ո՛չ սնանակության ենք դիմելու եւ ո՛չ էլ մի մատակարար դրանից տուժելու է: Ես այս քաղաքում ապրել եմ ու ապրելու եմ ու բոլորի երեսին պարզ նայելու եմ: Ես միշտ ասել եմ ու նորից եմ կրկնում՝ պետք չէ սուտ հերյուրանքներ տարածել ու թող չփորձեն նման տեղեկություններով իմ ընտանիքի անունը փնովել, դա ճիշտ չի, դրա իրավունքը ոչ ոք չունի: Անկեղծ եմ ասում, բոլորի առաջ պարզ ներկայացնում եմ, թե իրականում ինչ է տեղի ունեցել, դա բիզնես է, ու բիզնեսը ունեցել է խնդիրներ, բայց այդ խնդիրները մենք մինչեւ վերջ կարգավորելու ենք, ամեն գնով:
Հ. Գ. Երեկ՝ երեկոյան արդեն Սայաթ-Նովա-Աբովյան խաչմերուկում գտնվող «Մոսկվիչկա» սուպերմարկետում որեւէ սնունդ չկար, իսկ աշխատակիցներից էլ տեղեկացանք, որ իրենք այսօր արդեն այդտեղ չեն աշխատելու:

 

 

 

 

 

ՀՐԱՆՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ԱՐՑԱԽ ԷՐ ԳՆԱՑԵԼ

Դեռեւս դեկտեմբերի 25-ին «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը մոտ 1000 ՀՅԴ-ականների հետ Արցախ է մեկնելու: Նշել էինք նաեւ, որ Հ. Մարգարյանը նպատակ ունի հանդիպելու ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Ըստ մեր տեղեկությունների՝ Հ. Մարգարյանին անհանգստացնում է ՀՅԴ-ականների շուրջ Արցախում ստեղծված իրավիճակը: Եվ, ահա, անցած շաբաթ օրը Մարգարյան-Սահակյան հանդիպումը կայացել է:

Ըստ պաշտոնական տեղեկատվության` ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 27-ին ընդունել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին: Քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ ներհայկական քաղաքական զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր: Մեր տեղեկությունների համաձայն՝ Հ. Մարգարյանը առանձին հանդիպում է ունեցել նաեւ Արցախի ՀՅԴ-ականների հետ` պարզելու համար, թե ինչի հետ է կապված նրանց դժգոհությունը:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանի հետ` պարզելու համար Բ. Սահակյանի եւ Հ. Մարգարյանի հանդիպման մանրամասները:
-Ընդհանրապես քննարկել են հարցերի լայն շրջանակ՝ ներքին, արտաքին քաղաքական, սփյուռքի հետ կապերի, Ցեղասպանության տարելիցի, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր: Գիտեք, որ բավականին մեծ խումբ էր եկել արցախ՝ 1000-ից ավել: Նրանք ուխտագնացություն են արել, ազատամարտի վետերաններ են եղել, ԱԺ պատգամավորներ ու ՀՅԴ տարբեր ներկայացուցիչներ:
-Նշվում է, որ նպատակ կար ՀՅԴ-ի այցելությամբ մոռացնել տալ, քողարկել Բերձորի միջադեպը` ընդգծելով, որ, ահա, նման թվով մարդկանց Արցախում ընդունեցին…
-Դա որեւէ կապ չունի Բերձորի դեպքերի հետ, ընդհանրապես մեկը մյուսի հետ կապ չունի, որովհետեւ նման ուխտագնացությունները ավանդական են, ու նման բան միշտ եղել է ու միշտ էլ կլինի:
-Ըստ մեր տեղեկությունների՝ Բակո Սահակյանն ու Հրանտ Մարգարյանը քննարկել են նաեւ Արցախի ՀՅԴ-ականների հարցը, քանի որ վերջին ժամանակահատվածում շատ դաշնակցականներ լքեցին կուսակցության շարքերը: Ի վերջո, տեղյակ եք՝ ինչո՞ւմ է խնդիրը:
-Այդպիսի հարց չի քննարկվել ու այդպիսի հարց չկա Արցախում, մեկ երկու հոգի որ դուրս են եկել, դա չի նշանակում, թե Դաշնակցության շարքերը նոսրացել են Արցախում: Ընդհակառակը, այդ կուսակցությունը բավականին ակտիվ, այսպես ասած, աշխատանք է տանում, նաեւ ունի ուժեղ երիտասարդական թեւ, այսինքն՝ շարքերից դուրս գալու խնդիր ընդհանրապես դրված չէ: Մեկ-երկու հոգի, այո՛, դուրս են եկել՝ անձնական իրենց խնդիրներից ելնելով, բարեկամական կապերը հաշվի առնելով Բերձորի կազմակերպիչների հետ: Այդքան բան, բայց որեւէ մասսայական կամ նման տիպի զարգացում չկա Արցախում: Իմանալով քաղաքական անցուդարձը, քաղաքական զարգացումները՝ վստահեցնում եմ՝ նման հարց ընդհանրապես չկա, ընդհակառակը, տեսնում ենք, թե ինչպիսի աշխատանք է տանում ՀՅԴ-ն երիտասարդության հատվածում: Այսինքն՝ անդամակցությունն ավելի շատ է, ուղղակի դրա համար չի խոսվում:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 
ՈՎ Է ՈՒՄ ՊԱՀՈՒՄ
Հայաստանի ճարտարագիտական համալսարանի «Պոլիտեխնիկ» գիտակրթական բարեգործական հիմնադրամը հրապարակել է իր՝ 2014 թվականի գործունեության մասին հաշվետվությունը: Փաստաթղթից տեղեկանում ենք, որ այս հիմնադրամը ֆինանսական տարում օգտագործել է 19 միլիոն 397 հազար 378 դրամ, որից 2 մլն 708 հազարը շահութահարկ է վճարել: Կանոնադրական նպատակների իրականացման համար ծախսված գումարը կազմել է 13 մլն 269 հազար 678 դրամ: Հիմնադրամի ֆինանսական միջոցներից 4 մլն 105 հազար 569 դրամ եղել են սեփական միջոցները, իսկ ՀՀ բանկերից ստացվող դեպոզիտային տոկոսները կազմել են 15 մլն 291 հազար 688 դրամ: Ամենաուշագրավը, սակայն, այս հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմն է՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյան, ԱԺ նախկին պատգամավոր, հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյան, «Երեւանի գարեջուր» ՓԲԸ-ի տնօրեն Աշոտ Բաղդասարյան, ՀՊՃՀ նախկին ռեկտորներ Արա Ավետիսյան, Ոստանիկ Մարուխյան եւ Յուրի Սարգսյան, «Մաքուր երկաթ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Գենիկ Կարապետյան, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի նախկին գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյան, Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ Սամվել Ճզմաչյան եւ «Սինոփսիս Արմենիա» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդման:

 

ՄԵԿԸ ԼԻՆԻ, ՆՐԱՆՑ ՕԳՆԻ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «Ժողովրդավարություն եւ աշխատանք» կուսակցությունը հրապարակել է 2014 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունը: Ըստ դրա ԺԱԿ-ը 2014 թվականին մուտքեր եւ ելքեր չի ունեցել, իսկ դրամարկղի մնացորդն էլ զրո է: Այս կուսակցությունը չունի նաեւ շարժական եւ անշարժ գույք: Հիշեցնենք, որ «Ժողովրդավարություն եւ աշխատանք» կուսակցության նախագահը ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սպարտակ Մելիքյանն է: Եթե կուսակցությունը ֆինանսական շարժ չի ունեցել, նշանակում է, որ չի էլ գործել: Մուտքերի բացակայությունը կասկածի տակ է դնում նաեւ այն հանգամանքը, թե կուսակցությունն արդյոք անդամներ ունի: Եթե ԺԱԿ-ը գոնե տասը անդամ ունի, ապա ուր են նրանց անդամավճարները, միգուցե նրանք բոլորը, այդ թվում նաեւ կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Սպարտակ Մելիքյանը, սոցիալապես անապահով անձի՞նք են:

 

ՈՒՐ ԵՆ ԿՈՐԵԼ ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԸ
Պաշտոնական տվյալներով՝ 2014-ի տարեվերջի դրությամբ Հայաստանի կենսաթոշակառուների թիվը կազմել է 458 հազ. 569: 2013-ին կենսաթոշակառուները եղել են 512 հազար 505 հոգի: Այսինքն՝ վերջին մեկ տարում կենսաթոշակառուների թիվը նվազել է 53 հազար 936-ով: Անհասկանալի է, թե ինչ են եղել կենսաթոշակառուները: Նշենք, որ 2014-ին ՀՀ-ում մահացությունների թիվը կազմել 27 հազ. 872:




Լրահոս