Վերջին օրերին լրատվամիջոցներում անանուն աղբյուրների հղումներով շրջանառվող այն տեղեկատվությունը, թե Հայաստանի իշխանությունները մտադիր են կրկին Ռուսաստանից վարկ վերցնել, նախօրեին ըստ էության հաստատեց ֆինանսների փոխնախարար, դատավոր Սարո Արամյանի որդի Վարդան Արամյանը: «Միջնաժամկետ հատվածում մենք նաեւ մտադիր ենք մի շարք վարկային ծրագրեր կնքել, սակայն դրանց ծավալը չի անցնի մեր վճարողունակությունից»,-հավաստիացրեց երիտասարդ փոխնախարարը` այդպես էլ չհստակեցնելով, թե կոնկրետ որքան գումարի մասին է խոսքը: Իսկ նույն ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն` խոսքը 1 անգամ 2 միլիարդ դոլարի մասին է: Եվ եթե հիշում ենք, թե երկու տարի առաջ ինչպիսի դժվարությամբ եւ ձգձգումներով հայկական կողմին հաջողվեց ստանալ ռուսական 5 հարյուր միլիոնանոց վարկը, ապա դժվար չէ պատկերացնել, թե ներկայիս 1 կամ 2 միլիարդի համար ռուսական կողմն ինչպիսի պահանջներ կառաջադրի Հայաստանին: Գլխավոր պահանջն, ըստ ամենայնի, կապված կլինի Եվրասիական միությանն անդամակցելու հետ, ինչը Հայաստանի համար բավականին անցանկալի տարբերակ է` այդ թվում եւ հենց նույն ֆինանսական հոսքերի ապահովման տեսանկյունից: Չէ՞ որ, ի վերջո, ՀՀ ներկայիս արտաքին 3,6 միլիարդ դոլարի պարտքի գերակշիռ մասը գոյացել է հենց Արեւմուտքից ստացած վարկերի հաշվին: Հետեւաբար, վերջինս էլ իր կողմից համապատասխան ճնշումներ կարող է բանեցնել Հայաստանի վրա` ինչպես հետագա, այնպես էլ արդեն իսկ տրված ֆինանսական միջոցների մասով: Ու որքան էլ ֆինանսների փոխնախարարը կամ նրա ղեկավարները հավաստիացնեն, թե Հայաստանի արտաքին պարտքը կառավարության համար մնում է կառավարելի, եւ մեր երկիրը վճարողունակ է, տարրական տնտեսագիտական գիտելիքներից զուրկ մարդու համար անգամ պարզ է, որ վճարողունակ երկիրը ոչ թե ձգտում է ավելացնել իր առանց այդ էլ ահռելի արտաքին պարտքը, այլեւ անում է ճիշտ հակառակը` մարում է այն: Սակայն այդ հակասության վրա պետք չէ զարմանալ, դա մեր կառավարության համար սովորական գործելաոճ է. արդեն չորս տարի շարունակ Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարությումն ասում է մեկ բան, իսկ իրականությունը ցույց է տալիս լրիվ հակառակը: Օրինակ` կառավարությունը պնդում է, որ վերջին երկու տարիներին երկրի տնտեսությունն աճում է, սակայն չնայած դրան` միանգամայն անհասկանալի տնտեսագիտական օրինաչափությամբ, անգամ պաշտոնական վիճակագրության տվյալներով երկրում ավելանում է աղքատների թիվը: Ընդ որում, ուշագրավ է, որ վերջին շրջանում կառավարությունում առավել հաճախ օգտագործում են ոչ թե տնտեսական աճի, այլեւ տնտեսական ակտիվության ցուցանիշ տերմինը: Հավանաբար կառավարությունում էլ են հասկացել, որ տնտեսական աճ արտահայտությունը չափազանց ականջ ծակող է` համատարած աղքատության, գործազրկության եւ արտագաղթի ֆոնին:
ՎԱՐԿԻ ՀՈՒՅՍԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ