Նոր նախագծի վտանգներն ու քաղաքապետարանի հավաստիացումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ն օրերս գրեց այն մասին, որ վերջերս Պուշկինի 25 հասցեում ընթանում են Երեւան քաղաքի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված, արտակարգ իրավիճակների կոմիտեի աշխատակիցների համար նախատեսված բնակելի նախկին շենքի վերակառուցման աշխատանքներ:

Արդեն հայտնի է, որ 1927-29թթ. Ալեքսանդր Թամանյանի նախագծած շենքի հետնամասում բարձրահարկ հյուրանոց է կառուցվելու: Այնինչ, դեռեւս 2013-ի ապրիլին Երեւանի քաղաքապետարանից հավաստիացնում էին, թե քննարկվող շինության հարեւանությամբ նախատեսվող կառույցների էսքիզային նախագծերը մանրամասն քննարկվել են Երեւանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի ճարտարապետության հանձնաժողովում եւ ՀՀ մշակույթի նախարարությունում, եւ որ որոշվել է բացառել շենքին որեւէ միջամտություն: «Ժողովուրդ»-ն այս անգամ Երեւանի քաղաքապետարանից հետաքրքրվեց` ինչպես է ստացվել, որ այդ նախագիծը հաստատվել է, եւ մեկնարկել է շինարարություն:

Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետի աշխատակազմից տեղեկացրին, որ ըստ կառուցապատող «Լեւ ընդ Դավ գրուպ» ՍՊ ընկերությանը տրված 06.06.2012թ. ճարտարապետահատակագծային առաջադրանքի` Պուշկինի փողոցի կողմից շենքի դիմային մասից սկսած 12.0մ լայնքի պահպանմամբ նախատեսվում է կառուցել 15 հարկանի հյուրանոցային համալիր: Քաղաքապետարանից հայտնում են, որ ներկա պահին Երեւանի քաղաքապետի եւ ՀՀ մշակույթի նախարարի կողմից 19.02.2014-ին համաձայնեցված նախագծի եւ 19.02.2014թ. հ.01/18-5836-116 շինարարության թույլտվության համաձայն՝ իրականացվում են շենքի ետնամասի ապամոնտաժման եւ պահպանվող հատվածի սեյսմազինվածության բարձրացման աշխատանքներ:

Հիշեցնենք, որ որոշ ճարտարապետներ եւ քաղաքացիական ակտիվիստներ ավելի վաղ մտավախություն էին հայտնել վերոնշյալ նախագծի առնչությամբ` հավանական համարելով, որ դրանով ձեռք է տրվելու նաեւ Աֆրիկյանների տանը:
Քաղաքապետարանից սրան ի պատասխան՝ նշել են. «Պուշկինի 25 հասցեում նախատեսվող հյուրանոցային համալիրի կառուցապատվող տարածքը չի առնչվում Տերյան 11 հասցեում գտնվող Աֆրիկյանների տան զբաղեցրած հողատարածքի հետ»:

Ի դեպ, որոշ ճարտարապետների համար պարզ չէր նաեւ, թե ինչու է նախագծի հեղինակ ընտրվել հենց Լեւոն Վարդանյանը, եւ ոչ մի մրցույթ չի անցկացվել:
«Ճարտարապետի ընտրության կամ մրցույթի անցկացման ընտրության կայացման որոշումը կառուցապատողի իրավունքն է»,-ասված է քաղաքապետարանի պատասխանում:

Աննա Բաբաջանյան

Լուսանկարը `Pan Photo-ի




Լրահոս