«ԻՆՉԻ՞ ԵՔ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ ԲԵՐԵԼ, ՓԱԹԱԹԵԼ ԱՐՍԵՆՅԱՆԻՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ինքն է իր որոշումները կայացնում ու ԱԺ ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու հայտարարությամբ դեռեւս հանդես չի գալիս: Նա նաեւ կոչ արեց իր գործընկերներին սթափվել ու միտինգային ռեժիմից վերադառնալ արդյունավետ աշխատանքի:

-Պարո՛ն Արսենյան, այս օրերին ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները փորձում են իրենց համար պարզել, թե արդյո՞ք պետք է շարունակեն մնալ խմբակցության կամ կուսակցության կազմում: Դուք ի՞նչ եք որոշել՝ արդյո՞ք շարունակելու եք Ձեր աշխատանքը ԱԺ ԲՀԿ խմբակցությունում:
-Մարդկանց համար նորմալ է, երբ հայտնվում են ինչ-որ խաչմերուկում ու փորձում են քննարկել իրենց հնարավոր ճանապարհները՝ աջ գնան, ձախ, թե ուղիղ գնան, կարծում եմ՝ նորմալ բան է, եթե նման քննարկումներ են իրականացվում:
-Իսկ Դուք ո՞ր ուղղությունն եք ընտրել, որտե՞ղ է գնում Գուրգեն Արսենյանը:
-Ես իմ գծից, որով մինչեւ հիմա առաջնորդվել եմ, ո՛չ շեղվել եմ ու ո՛չ էլ շեղվում եմ, ի՞նչ ունեմ շեղվելու կամ անհանգստանալու: Ինչո՞ւ պետք է ես ինչ-ինչ իրադարձությունների արդյունքում, որոնք տեղի են ունեցել հասարակության մեջ, իմ սկզբունքներն ու համոզմունքները փոխեմ, որպես ի՞նչ: Ինչո՞ւ պետք է դադարեմ հավատալ նրան, ինչին հավատում եմ, կամ սկսեմ հավատալ նրան, ինչին չէի հավատում:
-Ինչի՞ն էիք հավատում, Դուք հավատո՞ւմ էիք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իշխանափոխությո՞ւն է իրականացնելու:
-Իսկ Դուք մինչեւ հիմա չգիտեի՞ք, թե ես ինչին էի հավատում, իմ արժեքային համակարգը չի փոխվել: Ես հավատում եմ նրան, որ մենք մեր երկիրը կարող ենք դարձնել նորմալ, բարեկեցիկ երկիր, որտեղ մեր քաղաքացիները կապրեն նորմալ, կապրեն իրենց հոգսերով, հույզերով, կփորձեն լինել երջանիկ: Ես հավատում եմ, որ մենք կարող ենք դա անել, հիմա ի՞նչ եղավ, որ ես դադարեմ դրան հավատալուց, ասեք՝ իմանամ:
-Ձեր խմբակցության ղեկավարը` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, հրաժարվել է քաղաքական պայքարից:
-Լսել ե՞ք, որ իմ դիրքորոշումը փոխվել է, Դուք նման բան ինձանից լսե՞լ եք, ինչի՞ եք Ծառուկյանի հրաժարվելը բերել, փաթաթել Արսենյանին:
-Այդ դեպքում, որո՞նք են լինելու Ձեր հետագա քայլերը, սպասում եք ԲՀԿ համագումարի՞ն:
-ԲՀԿ-ի համագումարին ինչո՞ւ եմ սպասում, համագումարին ԲՀԿ-ի ներքին խնդիրներն են լուծելու, թող լուծեն: Ես ԲՀԿ-ի համագումարին մասնակցելու եւ որոշումներ կայացնելու իրավունք չունեմ, ես այլ կուսակցության ղեկավար եմ: Երկրորդն էլ, տեխնիկական որոշումներից բացի՝ իրենք պետք է ընդունեն այն քաղաքական ուղեծիրը, որով հիմա շարունակելու են գնալ: Ես իմ ջանքերը կարող եմ գործադրել իմ ընկերական, քաղաքական, քաղաքացիական գործընկերներին օգնելու համար, խորհուրդներ կարող եմ տալ, եթե դրա կարիքը կա: Ես դա կանեմ, չեմ փախնում այդ պարտականությունից, որովհետեւ խոսքը քաղաքական թիմի մասին է, այն քաղաքական թիմի, որի քաղաքական ցուցակի 4-րդ համարը ես եմ:
-Այնուամենայնիվ, չնշեցիք այն ուղին, որով Դուք ինքներդ եք առաջ գնալու: Առաջիկայում պետք է սկսվեն Սահմանադրական բարեփոխումները, Դուք ի՞նչ դիրքորոշում եք հայտնելու այդ հարցում, քանի որ արդեն նշվում է, թե ԲՀԿ-ն իշխանությունների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել այդ հարցում դրական դիրքորոշում որդեգրելու շուրջ:
-Ես դեմ եմ այդ փոփոխություններին, ինչի մասին ես հայտարարել եմ ու շարունակելու եմ պնդել: Իմ դիրքորոշման մեջ այդ հարցում որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել, ես իմ դեմ լինելու դիրքորոշումը հռչակել եմ: Ես պրոբլեմը Սահմանադրության մեջ չեմ տեսնում, մեր երկրում առկա թերությունները մեր Սահմանադրությունից չեն, այլ երկրում օրենքների նկատմամբ վերաբերմունքից, հանրային իրավագիտակցության բացակայությունից, սեփականության ինստիտուտի թույլ պաշտպանվածությունից, անկախ դատարանների բացակայությունից: Այսինքն՝ մենք հիմա Սահմանադրությունը փոխելով՝ չենք վերացնում այդ պատճառները, ինչին ես դեմ եմ ու կարծում եմ, որ պետք է դրա դեմ պայքարել:
-Դուք ԲՀԿ խմբակցությունում մնալով ե՞ք այդ ամենի դեմ պայքարելու, մեր տեղեկությունների համաձայն՝ Դուք եւս մտադիր եք «լքելու» ԲՀԿ խմբակցության շարքերը:
-Խմբակցությունից դուրս գալու որոշում իմ կողմից չի հնչեցվել, տեղեկությունները շրջանառվում են ձեր լրագրողական շրջանակներից: Իմ որոշումները կայացնում եմ ես ու ոչ թե լրագրողները: Երկրորդն էլ՝ իմ որոշումների հիմքում ընկած է լինելու քաղաքական ծրագիրը, չէ որ մենք խմբակցության ձեւավորման պարագայում քաղաքական ընդհանուր թիմ էինք, նույն թիրախներն ունեինք, նույն ճանապարհն ունեինք: Հիմա, եթե ԲՀԿ-ի թիրախներն ու ճանապարհները փոխվեն, չեն համապատասխանի իմ աշխարհայացքին, չեն համապատասխանի իմ սկզբունքներին, այդ դեպքում ես կշարունակեմ սպասարկել այն սկզբունքներին, որոնք ես հռչակել եմ: Որեւէ ձեւով դա չի հակասում ողջամտությանը: Գլոբալ, մեր աշխատանքի պրոբլեմը կայացել է նրանում, որ խորհրդարանում օրենսդիր գործունեության հիմնական գործառույթը փոխարինվել է ամբիոնային քաղաքական պայքարով: Մենք խորհրդարանում աշխատավարձ ենք ստանում օրենսդիր գործունեության համար, որի մեջ մենք պետք է արձանագրենք մեր սկզբունքները, այսինքն՝ այն օրենսդրական նախաձեռնությունները, որոնք հակասում են մեր սկզբունքներին, մենք պետք է պայքարենք հենց դրա ձեւավորման պահից: Ես իմ գործընկերներին կոչ եմ անում սթափվել ու այդ միտինգային ռեժիմից վերադառնալ արդյունավետ աշխատանքի: Ինձ համար մի կարեւոր բան եմ ուզում շեշտել. ես չեմ պատրաստվում որեւէ ձեւ աշխատել ստախոսության կամ կեղծիքի ռեժիմի մեջ: Բազմիցս հայտարարել եմ, որ չպետք է սուտ խոսել, դրա համար ես որեւէ սուտ սխեմայի մեջ մասնակցություն չեմ ուզում ունենալ, ես իմ տեսակետները շարադրում եմ բաց:

 

 

 

 

ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ՀՀ ԵՐԵՔ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ ԱՆԱՐԺԱՆ Է ՀԱՄԱՐՈՒՄ

Երեկ խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին Կառավարության ներկայացրած օրինագիծը: Նախագծի հիմնական ընդդիմախոսը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանն էր, ով հայտարարեց, թե պաշտոնաթող նախագահներին հատուկ կենսաթոշակ տրամադրելու անհրաժեշտություն չկա:

Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքերը. «Նա ասաց, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի վերջին քայլերը տեսնելով՝ քանի գնում, ավելի եմ համոզվում, որ ապաշխարության եւ մեղքերի թողության խնդիր ունեմ: Ուստի, թեեւ ուշացած, բայց ձեզանից ներողություն եմ խնդրում Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին բերելու եւ ձեր վզին փաթաթելու համար»: Փոստանջյանը ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամներին հորդորեց հանդես գալ ելույթով եւ նշել, որ առաջին նախագահին պետք չեն այդ արտոնություններն ու կենսաթոշակը:
Զարուհի Փոստանջյանը հավելեց նաեւ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման ժամանակ խոսքի ազատությունը սահմանափակվել է, դադարեցվել է «Ազատություն» ռադիոկայանի վերահեռարձակումը. «Մենք ականատես եղանք, թե ինչպես մեր գործընկեր կուսակցությունը փակվեց, ՀՅԴ-ի մասին է խոսքը: Հարյուրավոր մարդիկ հանիրավի փակվեցին բանտախցում: Եկավ երկրորդ պաշտոնաթող նախագահը: Նրա պաշտոնավարման ժամանակ նորից եղան հարձակումներ քաղաքական գործիչների նկատմամբ, նրա կողմից 4-րդ գումարման ԱԺ-ի մեր գործընկերներին հրաման տրվեց կալանքի տակ վերցնել: Երկրորդ նախագահի պաշտոնավարման ընթացքում նորից սահմանափակվեց խոսքի ազատությունը, փակվեց «Ա1+»-ը: Հիմա ինչ կարիք կա այս մարդկանց նորից խրախուսելու, հատուցելու: Ընդհակառակը, ամեն ինչից պետք է զրկել»,- համոզմունք հայտնեց Փոստանջյանը:
Խոսելով Սերժ Սարգսյանի ղեկավարման շրջանից` Փոստանջյանը հայտարարեց. «Ի՞նչ է, եթե նա էլ պաշտոնաթող լինի, էլի պատրաստվում ենք սոցիալական նպաստնե՞ր տալ: Այդ մարդը հայտարարեց, որ մենք դիտավորյալ չենք բնակեցնում ազատագրված տարածքները՝ հայ ժողովրդին պատկանող, որովհետեւ հանձնելու ենք: Տո, դուք ո՞վ եք, որ ինչ-որ հող հանձնեք, դուք էլ ձեր հերթին ապազգային գործունեություն եք ծավալել: Դուք այսպիսի մարդկա՞նց եք ուզում պատիվ տրամադրել: Չի կարելի»:
Այդուհանդերձ, նախագիծն ընդունվեց ձայների 87 կողմ, 1 դեմ, 12 ձեռնպահ հարաբերակցությամբ: Դեմ քվեարկեց միայն Զարուհի Փոստանջյանը:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 
ԴԵՌ ՉԵՆ ԱՎԱՐՏԵԼ
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում ՀՀ ֆինանսների նախարարության հարկային ծառայության կողմից իրականացվող ստուգումները դեռեւս շարունակվում են: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ստուգումների արդյունքում հարկային ծառայությունը, բնականաբար, խախտումներ կարձանագրի, սակայն դժվար թե դրա հետեւանքները ծանր լինեն: «Մուլտի գրուպ կոնցեռն»-ի նախագահ Սեդրակ Առուստամյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ստուգումների արդյունքում ինչ խախտումներ են արձանագրվել: «Ստուգումները դեռ ընթացքի մեջ են, բայց այս պահի դրությամբ ոչ մի խախտում չի արձանագրվել»,-պատասխանեց Առուստամյանը: Ֆինանսների նախարարության հասարակայնության հետ կապերի եւ լրատվական բաժնից նույնպես պատասխանեցին, որ ստուգումները դեռ շարունակվում են, եւ դրանց արդյունքների մասին միայն ավարտից հետո տեղեկություն կտրամադրեն:

 

ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՄՆԱՑ ՄԵՆԱԿ
Արմավիրի քաղաքապետի ընտրությունների շուրջ երեկ շրջադարձային իրադարձություն տեղի ունեցավ: Գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի հետ մինչեւ երեկ պայքարող միակ թեկնածուն` ՀՀԿ-ական Նվեր Պետրոսյանը, նույնպես ինքնաբացարկ ներկայացրեց: Վերջինիս ինքնաբացարկի լուրը ստացվեց անմիջապես այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ն այդ ընտրություններում պաշտոնապես սատարելու է Ռուբեն Խլղաթյանի թեկնածությունը: Հիշեցնենք, որ Նվեր Պետրոսյանը համարվում է Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի թեկնածուն, եւ կարծիքներ կան, որ մարզպետը բավական երկար ժամանակ է՝ փորձում է ազատվել Ռուբեն Խլղաթյանից, բայց ապարդյուն:

 

ՏԱՂԱՎԱՐՆԵՐԸ ՀԱՏԿԱՑՐԵԼ ԵՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Հրազդան» տոնավաճառից հեռացած առեւտրականներին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող տարածքում արդեն տաղավարներ են տրամադրել: Ըստ մեզ հասած լուրերի՝ նախօրեին տեղի է ունեցել վիճակահանություն, որից հետո էլ նրանց հատկացվել են իրենց բաժին հասած տաղավարները: Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի «կապիտուլացիայից» հետո տեղեկություններ տարածվեցին, որ նա հրաժարվել է «Հրազդան» տոնավաճառի առեւտրականների համար տարածք հատկացնելուց, սակայն հետագայում այդ լուրերը հերքվեցին: ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Հրազդան» տոնավաճառից առեւտրականները հեռացան այն բանից հետո, երբ նա հունվարին հերթական անգամ տարածքի վարձավճարները բարձրացրեց: Իսկ Գագիկ Ծառուկյանն էլ առեւտրականներին խոստացավ անվճար տարածք տրամադրել Աբովյանում՝ իրեն պատկանող շինությունում:




Լրահոս