ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻ ՆԱԽԿԻՆ ԹԻՄՆ ԻՐ ԿՈՂՔԻՆ ՉԻ ԼԻՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԼՂՀ խորհրդարանում ներկայացված «Ազատ Հայրենիք» կուսակցությունը պատրաստվում է համագումարի՝ այն կկայանա մարտի 7-ին: Նշենք, որ կուսակցության ղեկավարը ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանն է, որի ղեկավարությամբ էլ կուսակցությունը պատրաստվում է մայիսի 3-ին կայանալիք ԱԺ ընտրություններին: Նշենք նաեւ, որ կուսակցությունների առաջադրման ժամանակաշրջանը մարտի 9-19-ը ընկած ժամանակահատվածն է, իսկ արդեն ապրիլի 1-ին սկսվելու է նախընտրական քարոզարշավը:

«Ազատ հայրենիք» կուսակցության գրասենյակի ղեկավար, ԼՂՀ ԱԺ փոխխոսնակ Արթուր Թովմասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ իրենց կուսակցությունը մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին:
-Պարո՛ն Թովմասյան, ինչ հարցեր են քննարկվելու «Ազատ հայրենիք» կուսակցության հրավիրած համագումարում: Կուսակցությունն արդեն որոշե՞լ է՝ մայիսի 3-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելո՞ւ է, թե՞ ոչ:
-Նիստի օրակարգում ընդգրկված են «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահի հաշվետվությունը, վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը, կուսակցության նոր ծրագրի, նոր կանոնադրության, ղեկավար մարմինների ընտրությունների հարցերը, կուսակցության դիրքորոշումը մասիսի 3-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասին: Մենք մասնակցելու ենք ընտրություններին ու անկախ ընտրությունների արդյունքից, եթե միջազգային դիտորդներն արձանագրեն, որ ԼՂՀ-ում ընտրությունները տեղի են ունեցել ժողովրդավարության սկզբունքների եւ ԼՂՀ-ի ընտրական օրենսգրքին համապատասխան, ապա դա կլինի բոլոր քաղաքական ուժերի հաղթանակը, մեր ժողովրդի հաղթանակը:
-Տեղեկություններ կան, որ ԼՂՀ-ում նոր ընդդիմություն է ձեւավորվում, որը կղեկավարի ԼՂՀ նախկին ՊՆախարար Սամվել Բաբայանը: Դա Ձեզ չի անհանգստացնո՞ւմ:
-Ի՞նչ է, ընդդիմությունն էլ մե՞րը չի, ընդդիմությունը Արցախի ժողովրդինը չի՞, ես համոզված եմ, որ ընդդիմությունը մտնելու է խորհրդարան, ու հաջորդ խորհրդարանական ընտրությունները լինելու են հաճելի, բայց բարդ:
-Ո՞րն է նման համոզմունքի հիմքը, ինչո՞վ են այս ընտրությունները բարդանալու:
-Քանի որ 5-րդ գումարման ԱԺ-ում ընդդիմություն չկա, չնայած Դուք կարող եք հայտարարել, թե Վիտալի Բալասանյանը, Վահան Բադասյանը ընդդիմություն են, բայց իրենք 2010 թվականի ընտրությունների ժամանակ իշխանական թեւն էին ներկայացնում, ուղղակի 2012 թվականին իշխանությունից կտրվել են: Այսինքն՝ երկու ընդդիմադիրի կողմից բարձրացված հարցերն այդպես էլ չկարողացան հետաքրքիր դարձնել խորհրդարանը: Հետո ԱԺ աշխատանքը հաճելի ու բարդ է լինելու այն առումով, որ ըստ մեր Սահմանադրության՝ պրոֆեսիոնալ խորհրդարան ենք ձեւավորելու, այսինքն՝ բոլոր 34 պատգամավորներն էլ աշխատելու են խորհրդարանում, դա հաճելի է լինելու ու միաժամանակ աշխատանքներն են բարդանալու:
-Բայց ըստ Ձեզ՝ Սամվել Բաբայանը կցանկանա՞ առաջնորդել ԼՂՀ ընդդիմությունը, Դուք ժամանակին նրա թիմակիցների շարքում եք եղել, գուցե միանա՞ք նրան:
-Ես Ձեր ասածի մասին տեղյակ եմ այնքանով, որքան որ Դուք: Եթե Դուք հիշում եք, երբ ինքը ԼՂՀ պաշտպանության նախարարն էր, ես ԱԺ նախագահն էի, այն ժամանակ անկուսակցականներ էինք, բայց հիմա իրավիճակ է փոխվել: 2005 թվականին ստեղծել ենք «Ազատ հայրենիք» կուսակցությունը, որի մի համանախագահը ես էի, այսինքն՝ այս կուսակցության ստեղծողներից մեկը ես էի, ու հիմա ինձ համար դա է կարեւոր: Ի՞նչ եք կարծում՝ ես պետք է իմ կուսակցությունը լքեմ, Դուք աբսուրդ հարց եք ինձ ուղղում: Իրողություններ են փոխվել, կուսակցությունում եմ ես, գրասենյակ եմ ղեկավարում: Ի դեպ, նշեմ, որ ԱԺ 2-րդ գումարման ժամանակ՝ Արկադի Ղուկասյան-Սամվել Բաբայան հակամարտության տարիներին, 14 պատգամավորներ պաշտպանում էին Սամվել Բաբայանին, ու այդ պատգամավորներից մեկը ես էի: Ես այդ տարիներին ասել եմ, որ իշխանության գալու միակ ճանապարհը ընտրություններն են: Հայտնի դեպքերը պատահեցին, ու երբ արդեն ինքը բանտից ազատվեց, չհանդիպեց այդ 14 պատգամավորներին, այսինքն՝ այն պատգամավորներին, որոնք իր թիմակիցներն էին: Մի խոսքով՝ այդ պատգամավորներն իրենց արհամարհված զգացին: Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը բարեփոխումներ կատարեց, ու 2005 թվականին ստեղծվեց «Ազատ հայրենիք» կուսակցությունը: Ու այդ պատգամավորների մի մասը «Ազատ հայրենիք» կուսակցությունում են ու վստահում են կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի վարած քաղաքականությանը:Հիմա մենք կուսակցականներ ենք ու նվիրված ենք մեր կուսակցությանը:
-Սամվել Բաբայանը, ըստ շրջանառվող տեղեկությունների, նպատակ ունի առաջադրվել ԼՂՀ նախագահի պաշտոնում: Ի՞նչ եք կարծում՝ որքանո՞վ են հիմնավոր այդ տեղեկությունները, նա նման մտադրություններ ունի՞, նրա հետ հանդիպումներ ունեցե՞լ եք:
-ԼՂՀ Սահմանադրությունը թույլ է տալիս բոլոր այն անձանց, որոնք 35 տարեկանից բարձր են ու վերջին 10 տարիներին ապրել են Արցախում, մասնակցելու, առաջադրվելու, իսկ այդ հարցը պետք է ուղղեք ԿԸՀ-ին, որը պետք է պարզի՝ արդյոք ինքը նման իրավունք ունի, թե ոչ: Այստեղ մշտական բնակության հարց կա, եթե օրենքը թույլատրում է, ապա ցանկացած անձ կարող է մասնակցել: ԼՂՀ ձեռքբերումներից մեկը ժողովրդավարական ինստիտուտների կայացումն է, ու եթե մենք դա կայացրել ենք եւ իրականում մենք գտնում ենք, որ ժողովրդավարական Արցախը չի կարող գոյատեւել բռնապետական Ադրբեջանի կազմում, հետեւաբար որեւէ մարդու առջեւ արգելքներ դնելը ճիշտ չէ: Սամվել Բաբայանի հետ մեր վերջին հանդիպումը եղել է 2000 թվականին:

 

 

 

 
ՉԻՆԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆ ՈՒ 150 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ

Երեկ հայրենի Կառավարությունը հավանություն է տվել փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտների՝ 2015 թվականի ծրագրին: ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հայտարարել է, թե նախագծով ընդգծվում են այն ուղղություններն ու նպատակները, որոնք առանձնացվել են ՓՄՁ ոլորտի համար: 2015թ-ին դրանք թվով 9-ն են:

«Այս գործիքներից առաջինն ու կարեւորը ՓՄՁ սուբյեկտներին տրվող աջակցությունն է՝ ենթակառուցվածքների պահպանման եւ ամրապնդման ուղղությամբ: Այս ուղղության համար պետական բյուջեից նախատեսված է 150 մլն դրամ հատկացնել: Երկրորդ ուղղությունը ՓՄՁ սուբյեկտների գործարար ուսուցողական աջակցության կարողությունների զարգացումն է»,-նշել է նախարարը: Ճշմարիտյանը կարեւորել է նաեւ ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո ՓՄՁ սուբյեկտներին տրամադրվելիք խորհրդատվական աջակցությունը: Նախարարը հավելել է, որ ՓՄՁ սուբյեկտներին տրվելու է ուղղակի վարկավորում, եւ ֆինանսական կապիտալի ավելացում է լինելու, բայց նախապատվությունը տրվելու է մարզերում եւ սահմանամերձ համայնքներում գործունեություն ծավալողներին:
Այնուհետեւ Կառավարությունը որոշում է կայացրել ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարության պահպանման ծախսերի ֆինանսավորումն ապահովելու նպատակով նախարարությանը հատկացնել 150 միլիոն դրամ: Գումարը հատկացվել է 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված, Կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
Հավանություն է տրվել նաեւ «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության եւ չինական «Նուքթեք Քամփնի» ՍՊԸ-ի միջեւ մաքսային զննման տեխնոլոգիաների եւ սարքավորումների արդիականացման կապակցությամբ մատակարարման պայմանագրի նախագծին: ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը նշել է, թե նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է հյուսիսային մաքսակետերի վերանորոգման աշխատանքների համատեքստում մաքսային հսկողության իրականացման շրջանակներում համապատասխան սարքավորումների ապամոնտաժմամբ: Փոխնախարարը հավելել է, որ հրատապ կերպով անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել մաքսային զննման շարժական ռենտգեն եւ այլ սարքավորումներ, որոնք իրենց կիրառական օգտագործումը կարող են ապահովել նաեւ ապագայում:
Հիշեցնենք` նախօրեին «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ այս որոշման նախագծի համաձայն` պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է 25 մլն 274 հազար ԱՄՆ դոլար կամ 155 մլն 439 հազ 953 չինական յուան:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 
ԲՆԱԿԱՐԱՆ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ
Երեկ ՀՀ Արմավիրի մարզի Լենուղի համայնքի մի քանի տասնյակ բնակիչ իրենց ընտանիքներով Կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիա իրականացրին: Բանն այն է, որ դժգոհող բնակիչները երկար տարիներ է, ինչ ապրում են Լենուղի գյուղի 4-րդ կարգի վթարային շենքերում: Նրանք երեկ Կառավարություն էին եկել նոր բնակարան ստանալու պահանջով: Զայրացած բնակիչներից մեկը պատմեց, որ իրենց վրաններ են բաժանել եւ պահանջել, որպեսզի վթարային շենքերից հեռու ապրեն: «Վախենում ենք՝ գիշերը տանն անցկացնենք, լինում է, որ գիշերվա ընթացքում պատերից գաջ է թափվում: Իսկ այս եղանակային պայմաններում ավելի է բարդանում շենքի վիճակը»: Երեկ Կառավարության ներկայացուցիչներից եւ ոչ ոք նրանց հետ չհանդիպեց, ինչից զայրացած բնակիչները փորձեցին ներխուժել Կառավարության շենք, սակայն ոստիկանները նրանց թույլ չտվեցին:

 

ԼՔՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐԸ
ԲՀԿ-ի երեկվա արտահերթ համագումարից հետո այդ կուսակցությունից դուրս գալու դիմում ներկայացրին մի շարք համայնքների ղեկավարներ: Մասնավորապես, քաղաքապետերից բացի՝ ԲՀԿ-ից դուրս է եկել ՀՀ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքի ղեկավար Միշա Դանիելյանը: Վերջինս այդ մասին հայտնեց «Ժողովուրդ»-ի հետ զրույցում: «Ես արդեն անկուսակցական եմ: Ոչ մի կուսակցության չեմ անդամագրվելու, չեմ ցանկանում»,-հայտարարեց Դանիելյանը: ԲՀԿ-ն լքող գյուղապետերի շարքում է նաեւ Արմավիրի մարզի Հացիկ համայնքի ղեկավար Արթուր Եղիազարյանը: «Շարունակելու բան չկա: Իմաստ չկա: Ավելի լավ է որպես անկուսակցական շարունակենք գյուղապետի պաշտոնավարումը»,- ասաց Արթուր Եղիազարյանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ առաջիկա օրերին ԲՀԿ-ն կլքի նաեւ Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը:

 

ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Երեկ «Ժողովուրդ»-ը շրջեց Երեւանի մի քանի խանութներում, սուպերմարկետներում եւ արձանագրեց, որ տեղի է ունեցել գնաճ: Մասնավորապես թանկացել են կոնֆետեղենը, զովացուցիչ ըմպելիքները եւ թռչնամիսը: Օրինակ՝ զովացուցիչ ըմպելիքներից 1 լիտրանոց «Կոկա-կոլա»-ն նախկինում վաճառվում էր 400 դրամով, իսկ այսօր այն արժի 420 դրամ, 1.5 լիտրանոց «Կոկա-կոլա»-ն էլ 500-ից դարձել է 520 դրամ: Նշենք, որ կոնֆետեղենի շուկայում արձանագրված թանկացումը կազմում է 50-ից 100, իսկ թռչնամսի շուկայում՝ 50 դրամ:




Լրահոս