«Հրազդան-Էքսպո»-ի տնօրենը՝ պարտապանին ծեծի ենթարկելու և առևանգելու լուրերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դա միամիտ հանդիպում է եղել: Ես որևէ մեկին չեմ առևանգել, առավել ևս` ինչ-որ մեկի հետ»,- այսպես պատասխանեց «Հրազդան-Էքսպո» բեռնափոխադրումներ իրականացնող ՓԲ ընկերության գործադիր տնօրեն Գևորգ Տասչյանը Armlur.am-ի հարցին՝ ճի՞շտ են արդյոք տարածված լուրերն այն մասին, որ նա պարտքի դիմաց մարդ է առևանգել:

Տեղեկացնենք, որ լրատվամիջոցներում տարածված լուրերի համաձայն՝ առևանգվողը Ռոմանոս Աղաջանյանն է, ով, ի դեպ, ավելի քան 2 տարի հետախուզման մեջ է գտնվել Մոսկվայում ավազակային հարձակման և անձի առևանգման մեղադրանքներով:

Ընկերության գործադիր տնօրենի խոսքով` ինքն անգամ չի իմացել, որ Աղաջանյանը հետախուզման մեջ է եղել: Իսկ թե ինչու են ինքն ու իր «համախոհը» ոստիկանության հերթապահ մաս տարվել, որտեղ էլ իմացել են Աղաջանյանի՝ հետախուզման մեջ գտնվելու մասին, մեր զրուցակիցը չպարզաբանեց:

«Որոշ ժամանակ առաջ նա եղբորիցս մեքենա էր վերցրել, և գրավոր պայմանագիր էին կնքել, որով պարտավորվում էր պարտքը վերադարձնել: Սակայն գումարի հարց էր առաջացել: Նրա անձնագրի պատճենը մեզ մոտ է եղել, այսինքն՝ մենք միշտ իմացել ենք նրա գտնվելու, բնակվելու վայրը: Անգամ չենք իմացել, որ հետախուզման մեջ է: Մեր դեմ բողոք չի ներկայացրել, որովհետև, նորից եմ կրկնում, նրան չենք առևանգել»,- հավելեց Գևորգ Տասչյանը:

Այդուհանդերձ, նշենք, որ մարտի 7-ի երեկոյան Երևանում տեղի ունեցած արտառոց դեպքը հաստատվում է գոնե այն հանգամանքով, որ «Հրազդան-էքսպո»-ի տնօրենը, ամենայն հավանականությամբ, եղբոր հետ, տարվել է ոստիկանության Աջափնյակի բաժին: Ավելին, ականատեսները հայտնել են, որ տեսել են՝ ինչպես են մի տղամարդու «Ռենջ Ռովեր» ավտոմեքենա նստեցնում և տանում:

Նկատենք, որ մեր զրուցակցին ավելի հեշտ է եղել հայտնաբերել, առավել ևս, առևանգել մեկին, ում իրավապահ մարմինները տարիներ շարունակ փնտրում են:




Լրահոս