Նաիրա Զոհրաբյանն ու Աբրահամ Մանուկյանը փողը չեն կարողանում «կիսել»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ մարտի 5-ի այն հայտարարությունը, թե ինքը հեռանում է ակտիվ քաղաքականությունից ու այսուհետ որեւէ առնչություն չի ունենալու ԲՀԿ-ի հետ, «կրքերը» հանդարտեցնելու փոխարեն կուսակցությունում պայքարի նոր թիրախներ է բացել: ԲՀԿ նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանի և ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Աբրահամ Մանուկյանի միջեւ լարվածությունը որևէ կերպ չի թուլանում. այդ հարցին, թերեւս, պետք է միջամտի Սերժ Սարգսյանը:

Իսկ այժմ իրադարձությունները ներկայացնենք հերթականությամբ՝ նկարագրելով, թե որտեղից է «ծագել» խնդիրը: «Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ դեռեւս փետրվարի վերջին, երբ արդեն հայտնի էր, որ Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը գիշերային հայտնի հանդիպումից հետո պայմանավորվել են, որ Ծառուկյանը հեռանալու է ակտիվ քաղաքականությունից, ԱԺ ԲՀԿ խմբակցության մի քանի անդամներ հանդիպում են ունեցել ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հետ:

«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ Բաղրամյան 26-ում Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը ներկա են եղել այժմ արդեն ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամներ Տիգրան Ուրիխանյանը, Աբրահամ Մանուկյանը, Ստեփան Մարգարյանը, Միքայել Մելքումյանը եւ էլի մի քանի ԲՀԿ-ականներ: Նրանց հետ Սարգսյանը շատ սուր է խոսել ու ներկայացրել այն կարգավիճակը, որը պետք է ԲՀԿ-ն այսուհետ ունենա հայրենի քաղաքական դաշտում: ՀՀԿ առաջնորդը նախ ասել է, թե իր համար միեւնույն է՝ ներկաներից ով կլինի ԲՀԿ նախագահը:

Գլխավորն այն է, որ ով էլ լինի, կուսակցական, քաղաքական դիրքորոշումները պետք է հստակեցնի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Սարգսյանը շեշտել է, որ ԲՀԿ-ի հետ կապված ցանկացած հարցի մասով այլեւս անհրաժեշտություն չկա դիմելու Գագիկ Ծառուկյանին, քանի որ նա քաղաքականության հետ ընդհանրապես որեւէ կապ չի ունենալու: ԲՀԿ-ի բոլոր խնդիրները, այդ թվում եւ ֆինանսական, կարգավորելու է Հովիկ Աբրահամյանը:

Ըստ մեր տեղեկությունների՝ ԲՀԿ-ականները Սերժ Սարգսյանի հետ խոսել են նաև կուսակցության վարած հետագա քայլերի մասին: Սարգսյանը հայտարարել է, որ կուսակցությունը պետք է շատ ակտիվ լինի: Նաիրա Զոհրաբյանն էլ հայտնել է, թե իրենք մտադիր են հայտարարել, որ այսուհետ իրենց կուսակցությունը լինելու է ընդդիմադիր դաշտում: Ս. Սարգսյանը համաձայնել է ու նշել, որ դա լավագույն տարբերակն է՝ չմոռանալով հորդորել, որ անհրաժեշտ է նստել ու մանրամասն եւ ուշադիր ընթերցել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը՝ հասկանալու համար, թե ինչու է դա արվում: Նա ակնարկներով նախատել է ԲՀԿ-ականներին, որ չկարդալով տեքստը՝ անպատասխանատու հայտարարություններ են արել:

Եվ այդպես ԲՀԿ-ական պատգամավորների հետ զրուցելուց հետո Սերժ Սարգսյանը նրանց հորդորել է «ուղեւորվել» ՀՀ վաչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ ու քննարկել մնացած «տեխնիկական» հարցերը, որոնք կապված են վերակազմավորվող ԲՀԿ-ի հետ:
ԱԺ պատգամավորները նախագահական նստավայրից դուրս գալով՝ ուղիղ գնացել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ զրուցելու: Ու դա այն հանդիպումն էր, որի մասին, երբ լրատվամիջոցները գրեցին, Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե իրենք վարչապետի հետ Կառավարությունում քննարկել են տնտեսական բնույթի հարցեր:
Բայց «Ժողովուրդ»-ի աղբյուրների տեղեկացմամբ՝ ՀՀ վարչապետի հետ ԲՀԿ-ականները հիմնականում քննարկել են այն հարցը, թե ինչպես է Հովիկ Աբրահամյանը իրականացնելու կուսակցության համակարգումը:

Աբրահամյանը հայտարարել է նաեւ, որ այսուհետ կուսակցության ղեկավարումը, որոշումներ կայացնելու մենաշնորհը տրվելու է Նաիրա Զոհրաբյանին, իսկ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Աբրահամ Մանուկյանը կզբաղվի գրասենյակների կազմակերպչական հարցերով, ու հենց Մանուկյանի միջոցով է իրականացվելու ԲՀԿ-ի ֆինանսավորումը: Իսկ թե ում ինչքան բաժին է հասնելու ֆինանսական այդ հոսքից, Հովիկ Աբրահամյանը չի մանրամասնել՝ հորդորելով սպասել, մինչեւ հարցը քննարկեն, վերջնական որոշում կայացնեն:

Սակայն այս իրավիճակը Ն. Զոհրաբյանի «սրտով» չի եղել, ու վերջինս, որոշ ժամանակ հետո կրկին հանդիպելով Հ. Աբրահամյանի հետ, ասել է, թե ցանկանում է, որ ֆինանսական հարցերը լուծվեն ոչ թե Աբրահամ Մանուկյանի, այլ Վարդան Վարդանյանի միջոցով: Աբրահամյանը ի պատասխան նշել է, որ ինքը պետք է խոսի Սերժ Սարգսյանի հետ, քանի որ կուսակցության նախագահի ու ֆինանսական գծով համակարգողի հարցը որոշվել է հենց նրա հետ, եւ ցանկացած փոփոխություն պետք է տեղի ունենա Սարգսյանի որոշմամբ միայն:

Ու մինչ այդ, Նաիրա Զոհրաբյանն օգտագործելով իր պրոֆեսիոնալիզմն ու Աբրահամ Մանուկյանի՝ երեք կապակցված նախադասություն արտաբերելու անկարողությունը, նաեւ իրեն «կնիկ» ասելու փաստը, ի վերջո հասավ նրան, որ ԲՀԿ-ի կազմակերպչական հարցերով նախագահի տեղակալ նշանակվեց ՀՀ քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանը: Այսպիսով՝ Նաիրա Զոհրաբյանը ցանկանում է, որ նաեւ ֆինանսական հարցերը կարգավորվեն Վարդան Վարդանյանի միջոցով, ով ավելի հին կուսակցական է՝ ի տարբերություն Ա. Մանուկյանի:

Մանուկյանն էլ օգտագործելով նախկին ՀՀԿ-ական կապերը՝ փորձում է ամեն կերպ ԲՀԿ-ի ֆինանսական հարցերն իր ձեռքում կենտրոնացնել:

Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց վերը նշված տեղեկությունները ճշտել ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանից, սակայն վերջինս բոլոր հարցերին ի պատասխան՝ հայտարարեց. «Ձեր տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»: ԲՀԿ փոխնախագահ Վարդան Վարդանյանն էլ «Ժողովուրդ»-ին ասաց, որ Ա. Մանուկյանի հետ ինքը որեւէ կոնֆլիկտ չունի, իսկ մյուս հարցերն իրականության հետ որեւէ առնչություն չունեն: Ինչ վերաբերում է Աբրահամ Մանուկյանին, ապա նա երեկ ողջ օրվա ընթացքում այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

Մեզ մնում է սպասել զարգացումներին՝ արձանագրելով, որ այս ընթացքում ԲՀԿ-ից կուսակցականները շարունակում են փաթեթներով դուրս գալ:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս