Պատգամավորական խումբ ստեղծելու համար օրենսդիրների քանակը բավարար չէ. ինչ է նախատեսում օրենքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկար ժամանակ է, ինչ տեղեկություններ են շրջանառվում անկախ պատգամավորների խումբ ստեղծելու մասին: Այս խոսակցությունները հատկապես ակտիվացան ԲՀԿ-ական մեծ թվով պատգամավորների` խմբակցությունից դուրս գալուց հետո:

Նման խումբ ստեղծելու մասին որևէ պաշտոնական տեղեկատվություն դեռ առկա չէ, սակայն Armlur.am-ը որոշեց ներկայացնել, թե որ դեպքում կարող են պատգամավորական խումբ ստեղծել: Առաջին հերթին պատգամավորական խումբ կարող է ստեղծել ոչ մի խմբակցությունում չընդգրկված պատգամավորը, տվյալ դեպքում այն ԲՀԿ-ականները, ովքեր ընտրված էին մեծամասնական ընտրակարգով և դուրս են եկել խմբակցությունից:

Նշենք, որ մինչ ԲՀԿ-ականների դուրս գալը, ԱԺ-ում անկախ պատգամավորների թիվը 4-ն էր` Կարեն Բոթոյանը, Արայիկ Գրիգորյանը, Էդմոն Մարուքյանը և Խաչատուր Քոքոբելյանը: Այս օրերին ԲՀԿ-ն լքած անկախ պատգամավորները հետևյալն են` Գրիգորի Մարգարյան, Մելիք Մանուկյան, Մարտուն Գրիգորյան, Մուշեղ Պետոյան և Դավիթ Քոչարյան:

ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, պատգամավորական խումբ ձևավորելու համար անհրաժեշտ է, որ խմբում ամենաքիչը 10 պատգամավոր ընդգրկված լինի: «Առնվազն 10 պատգամավորներ կարող են ստեղծել պատգամավորական խումբ՝ Ազգային ժողովի նախագահին ներկայացնելով խմբի ստեղծման մասին իրենց ստորագրած հայտարարությունը, որը նիստը վարողը հրապարակում է Ազգային ժողովի առաջիկա նիստում», – նշված է օրենքում:

Սակայն մինչ այժմ անկախ պատգամավորների թիվը 9 է: Խումբ ստեղծելու համար նրանց մեկ հոգի պակասում է: Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ԲՀԿ համագումարի օրը դուրս գալու դիմում էր ներկայացրել Վարդան Օսկանյանը: Վերջին շրջանում հաճախ է խոսվում նրա` նաև խմբակցությունից դուրս գալու հնարավորության մասին:

Նշենք, որ նա համամասնական ընտրակարգով ընդգրկված պատգամավոր է, ով խորհրդարան է անցել առաջին երեք հորիզոնականով: Այդ պարագայում խմբակցությունից դուրս գալու դեպքում Օսկանյանը կարող է շարունակել իր գործունեությունը նաև որպես անկախ պատգամավոր: Սակայն հարց է առաջանում. նշված բոլոր պատգամավորները միասին կհամաձայնվե՞ն խումբ կազմել:

Armlur.am-ը նաև ուսումնասիրեց, թե այժմ ԲՀԿ պատգամավորներից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներից ովքեր են մնացել: Ցանկն այնքան էլ մեծ չէ: Մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների թվում են ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, նրա խնամի Մուրադ Գուլոյանը, ով արդեն իսկ հայտարարել է կուսակցությունից դուրս գալու մասին, Լյովա Խաչատրյանը, ով միակ ԲՀԿ-ականն էր, ով ձեռնպահ էր քվեակել Նաիրա Զոհրաբյանի` ԲՀԿ նախագահ դառնալու առաջարկին:




Լրահոս