Մարտի 10 և 11-ին Սանկտ Պետերբուրգի «Սիբիր Արենա» մարզապալատում ընթացավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ռուսաստանի առաջնությունն, որտեղ 8 քաշային կարգերում չեմպիոնի կոչումը վիճարկեցին 300 ըմբիշներ:
Նրանց թվում էին նաև 2014 թ աշխարհի չեմպիոն Չինգիզ Լաբազանովն ու օլիմպիական չեմպիոն Ալեքսեյ Միշինը: Ստուգատեսի մասնակցիների մեջ մեծ թիվ էին կազմում նաև հայազգի ըմբիշները, որոնք սովորաբար իրենց միշտ էլ լավագույն կողմերով են դրսևորում հունահռոմեական ոճի ըմբշամարտում:
Այս անգամ ընթացիկ մրցաշարում տարբեր քաշային կարգում հանդես եկած 25 հայազգի ըմբիշներից լավագույնը 59 կգ քաշային կարգում 39 մասնակիցների պայքարում Ռուսաստանի փոխչեմպիոնի կոչմանն արժանացած 23-ամյա մոսկվացի Ստեփան Մարանյանն էր, ով եզրափակչում համառ պայքարից հետո 1:2 հաշվով չեմպիոնական ոսկե մեդալը զիջեց 27-ամյա Իբրահիմ Լաբազանովին:
Հաջողված էր նաև 98 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի արժանացած 34-ամյա սանկտպետերբուրգցի Մաքսիմ Սաֆարյանի մրցելույթը: Ստուգատեսին մասնակցող մյուս 23 հայազգի ըմբիշներին մրցանակային տեղեր գրավել չհաջողվեց:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամլո ծառայություն