ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի եւ մարզի համայնքապետերի, քաղաքապետերի ու պատգամավորների միջեւ խոր անջրպետ է առաջացել: Ինչպես «Ժողովուրդ»-ի աղբյուրներն են փոխանցում, Ռաֆիկ Գրիգորյանը տեւական ժամանակ է, ինչ լարված հարաբերություններ ունի մարզի մի շարք պաշտոնյաների հետ:
Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, ում աշխատանքային գործունեության սկիզբն այդ պաշտոնում բավական խոստումնալից էր, արդեն երկար ժամանակ է, ինչ դադարեցրել է իր շփումները ոչ միայն մի շարք համայնքապետերի, այլեւ մարզի պատգամավորների եւ քաղաքապետերի հետ: Նույնիսկ կարելի է ասել, որ մարզային շատ պաշտոնյաների հետ հարաբերություններ որպես այդպիսին չկան: Մարզպետի պահվածքից սկսել են դժգոհել նաեւ մարզպետարանի աշխատակիցները, որոնց հետ նա նույնպես չի շփվում: Եւ նման հակասությունները հանգեցրել են նրան, որ տեղական իշխանության վերին օղակների միջեւ կապերի խզումը անկանոն է դարձրել մարզային ղեկավարության աշխատանքները, ինչի արդյունքում տուժում են մարզի բնակիչները:
Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանին թեեւ հենց Ռաֆիկ Գրիգորյանի միջնորդությամբ քաղաքապետ կարգեցին, այնուամենայնիվ, նա կարճ ժամանակ հետո իր պոռոտախոսությամբ կարողացավ համալրել Գրիգորյանի թշնամիների ցանկը: Եւ հիմա թեեւ մեզ հավաստիացնում է, որ իր եւ մարզպետի հարաբերությունները նորմալ-աշխատանքային են, այնուամենայնիվ, մարզում բոլորին է հայտնի, որ նրանք «իրար միս են ուտում»:
Ջերմ չեն նաեւ Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի եւ մարզպետ Գրիգորյանի հարաբերությունները: Բացի գործնական հարցերից՝ երբեւէ նրանք չեն շփվում իրար հետ: Ճամբարակի ու Վարդենիսի քաղաքապետերի դեպքում էլ նույնն է: Ե՛ւ Մարտիրոսյանը, ե՛ւ Յուրի Ավալյանը, ե՛ւ Վոլոդիա Խլոյանը «Ժողովուրդ»-ին հայտնեցին, թե լարվածություն չունեն մարզպետի հետ, նորմալ աշխատում են: Բայց նրանցից որեւէ մեկն այդպես էլ չասաց, որ մարզպետ Գրիգորյանի հետ ջերմ մարդկային հարաբերություններ ունեն:
Մեզ լուրեր հասան, որ մարտունեցի Գրիգորյանը լարված է նաեւ տեղական չինովնիկների հետ՝ դատավոր, դատախազ, տարատեսակ պետեր ու տնօրեններ: Իսկ ինչ վերաբերում է պատգամավորներին, ապա գրեթե բոլորը նույն թիմից են՝ ՀՀԿ-ական կամ ՀՀԿ-ամերձ, այնուամենայնիվ, նրանց հետ էլ չի ստացվում համագործակցված աշխատել: Անգամ ծնունդով մարտունեցի պատգամավոր Հակոբ Հակոբյանը մարզում ունի իր հարազատ գյուղապետերին, որոնցից շատերը տարբեր պատճառաբանություններով մարզպետի հրավիրած նիստերին չեն մասնակցում: Նրանց լարվածությունը տարիների արմատներ ունի: Մինչդեռ գաղտնիք չէ, որ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքը հաջողված կարելի է համարել միայն այն դեպքում, երբ ակտիվ է տեղական չինովնիկների եւ ստորին օղակների միջեւ կապը: Այդպես ավելի շատ հարցեր են լուծվում, իսկ անառողջ մթնոլորտը այս մարզում արդեն մի քանի բռնկման օջախներ ունի:
Փայլուն չեն հարաբերությունները նաեւ Գավառից ընտրված պատգամավոր Մանվել Բադեյանի եւ Սեւան-Վարդենիս-Ճամբարակ տարածքներն ընդգրկող պատգամավոր Կարեն Բոթոյանի հետ:
Ինչո՞ւ է նման իրավիճակ առաջացել, ո՞րն է մարզպետի մեկուսացման պատճառը, ինչո՞ւ նա չի շփվում գործընկերների հետ, որոնց հետ բավականին ջերմ հարաբերություններ ուներ մինչ մարզպետի աթոռին նստելը: Մի՞թե աթոռն ի վիճակի է մարդուն փոխել այդքան արագ ու անդառնալի: Եւ ամենակարեւորը՝ ինչո՞ւ է մարզպետը կոպիտ խոսում իրեն շրջապատողների հետ:
Իրավիճակի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց Գեղարքունիքի մարզպետ Ռ. Գրիգորյանի հետ, ով հայտարարեց, թե այդ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում: «Ես ոչ մի համայնքապետի, քաղաքապետի հետ կոշտ ու կոպիտ չեմ խոսել»,- լրացրեց մարզպետը:
Իսկ գուցե նա հոգնե՞լ է իր աշխատանքից:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ