«Ազատամարտիկների դաշինք»-ն անորոշության մեջ է. «Կադիլակ» Սերոժը կշարունակի՞ տարածք տրամադրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «Ազատամարտիկների դաշինք»-ը մարտի 18-ին փակ նիստ է հրավիրել՝ որոշելու իրենց հետագա անելիքները: Բանն այն է, որ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ ակտիվ քաղաքականությունից հեռանալուց հետո «օդում կախված» է մնացել այն հարցը, թե ում շուրջ են հավաքվելու ազատամարտիկները՝ իրենց հետագա գործունեությունը շարունակելու համար:

Նշենք, որ «Ազատամարտիկների դաշինք»-ն անգամ գրասենյակ էր «բացել» Երեւանի «Հայրենիք» կինոթատրոնի շենքում, որտեղ պարբերաբար հանդիպումներ ու քննարկումներ էին ունենում:  Այն պատկանում է Երևանի Շնեգավիթի վարչական շրջանի  նախկին ղեկավար Սարգիս Հովհաննիսյանին  (Կադիլակ Սերոժ): Երեկ «Ժողովուրդը» փորձեց  Ս. Հովհաննիսյանից պարզել` արդյոք տարածքը շարունակելու է մնալ ազատամարտիկների տնօրինության տակ:  «Այդ տարածքը մենք տվել ենք վարձակալության ու ես տեղյակ չեմ, թե այժմ այդտեղ ինչ կազմակերպություն է աշխատում», – պատասխանեց Վիեննայում գտնվող Սարգիս Հովհաննիսյանը:

Հիշեցնենք նաեւ, որ «Ազատամարտիկների դաշինք»-ում ընդգրկված են «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ Գագիկ Մելքոնյանը, գնդապետ, Ապարանի գնդի նախկին հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանը, «Տիգրան Մեծ» աշխարհազորի ռազմական խորհրդի նախագահ Խաչատուր Գալստյանը, «Վրիժառուներ» գնդի հրամանատար Վրեժ Ղազարյանը, «Զորավոր Անդրանիկ» ջոկատի հրամանատար Ավետիս Գրիգորյանը, Դաշտային հրամանատարների խորհրդի անդամ Սուրեն Սարգսյանը եւ այլ ազատամարտիկներ:

«Ժողովուրդ»-ը զրուցել է պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ Գագիկ Մելքոնյանի հետ՝ պարզելու համար, թե ինչու են ազատամարտիկները որոշել վարչության նիստ հրավիրել: Մեր զրուցակիցը հայտարարեց, որ այժմ որեւէ բան չի կարող ասել` հավելելով, որ միայն նիստից հետո իրենք հանդես կգան հայտարարությամբ:

«Մենք վաղուց ենք հայտարարել, որ մենք ոչ ոքի կցորդը չենք, մենք սիրում ենք մեր երկիրը ու անհանգստանում ենք մեր երկրի անվտանգության համար, մենք խնդիրներ ենք մեր առջեւ դրել ու հենց մեր նիստի ժամանակ էլ դրանք կքննարկենք ու կհայտարարենք մեր անելիքների մասին: Մենք ունենք հռչակագիր ու հիմա մենք այդ հռչակագրում փոփոխություններ ենք մտցնելու»,-հայտարարեց նախկին փոխնախարարը:

Մեր դիտարկմանը, թե ազատամարտիկները միավորվել էին ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ, այժմ ինչ պետք է անեն, երբ Գ. Ծառուկյանը հրաժարվել է քաղաքականությունից, Գ. Մելքոնյանն ասաց, որ այդ հարցի պատասխանը եւս իրենք կտան մարտի 18-ի նիստի ավարտից հետո. «Մենք ոչ մեկի շուրջը չենք հավաքվել ու չենք էլ հավաքվելու, մենք համագործակցել ենք մարդկանց հետ: Մենք էլի համագործակցելու ենք այն մարդկանց հետ, ովքեր մեր երկրի լավն են ուզում»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Սոնա Գրիգորյան




Լրահոս