ԲՀԿ նախկին մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն, ըստ լրատվամիջոցների հրապարակումների, ստեղծել է «Քաղաքացիական շտաբ»: Armlur.am-ի հետ զրույցում ինքը` Ուրիխանյանը հրաժարվեց մանրամասներ ներկայացնել, թե ի՞նչ կառույց է դա լինելու, ո՞ւմ հետ է համագործակցելու, հասարակական կազմակերպություն է լինելո՞ւ, թե՞ քաղաքական ուժ:
«Չնայած համապատասխան լրատվամիջոցի համապատասխան լրագրողի իրականացրած հետաքննության արդունքներում ի հայտ եկած այդ տեղեկատվությանը` ես այս պահին նպատակահարմար չեմ գտնում որևէ մանրամասներ ներկայացնել: Ժամանակի ընթացքում գործողություններիս զուգընթաց, հավուր պատշաճի ինչպես միշտ բոլոր տեղեկությունները հասու կլինեն հանրությանը»,- ասաց Ուրիխանյանը: Վերջինս միանշանակ ասաց` կառույցն իրականցնելու է ժողովրդի պատվերը:
«Մնացած տեղեկությունները նպատակահարմար կլինի, որպեսզի ստացվեն իմ և համախոհներիս գործողություններից: Քայլերն ու գործունեություններն ավելի խոսուն են, քան խոսքերն ու հայտարարությունները»,- ասաց նա: Հարցին` համախոհների մեջ ԲՀԿ մտնո՞ւմ է, Որիխանյանը որևէ տեղեկություն չտրամադրեց: