ՄՈԼՈՐՈՒԹՅԱՆ ՍՑԵՆԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եւ այսպես, այսօր Մատենդարանին հարող տարածքում Տիգրան Կարապետիչն անցկացնելու է իր Ժողովրդական կուսակցության 15-րդ բաց համագումարը: Վստահաբար` այն բազմամարդ  է լինելու:  Ավելի բազմամարդ, քան մինչ այդ եղած բոլոր հանրահավաքները: Ընդ որում` ոչ միայն Տիգրան Կարապետյանի: Եւ դրա համար ներգրավվելու են բոլոր ռեսուրսները` սկսած անցած-գնացած տարիներին Սեւանում լողացած տատիկ-պապիկներից ու  «տելեվիզրա-ադամանդային» կադրերից, ադապտրների «սեփականատերերից», ավարտած վաղուց Երեւան չեկած պարապ-սարապ զանգվածով ու, ինչու չէ, իրական ընդդիմությունից հուսախաբ եղած մարդկանցով:  Հատկապես վերջիններիս հաճելի անակնկալ է սպասվում. այսօր մարզերից Երեւան եկող բոլոր ճանապարհները բաց կլինեն: Քանի որ իշխանությունների կողմից խնդիր է դրված ամեն կերպ այնպես անել, որ Տիգրան Կարապետիչն իր հանրահավաքում կարողանա ապահովել մարդկանց շատ ավելի մեծ քանակ, քան  Հայ Ազգային Կոնգրեսն իր` երեք օր հետո անցկացնելիք հանրահավաքում:  Բոլոր նրանց, ովքեր կասկածում են վերը ասվածի մեջ, խորհուրդ ենք տալիս ուշադրություն դարձնել մայրաքաղաք բերող ճանապարհներին այսօր եւ 3 օր անց` ՀԱԿ հանրահավաքի օրը:  Հենց միայն դրանից արդեն  շատ բան պարզ կդառնա: Իսկ ինչու է իշխանությունների համար այդքան կարեւոր Կարապետիչի հանրահավաքների բազմամարդության ապահովումը: Այն պարզ պատճառով, որ իշխող վարչակազմը Տ. Կարապետյանին «հզորացնելով», «ազատ մրցակցության դաշտ» ստեղծելով, իր առջեւ մեկ գերխնդիր է դրել. այնպես անել, որ ՀԱԿ-ը հասարակության մեջ ունեցած իր հեղինակությամբ «աչքի չընկնի»: Որ մարդիկ հասկանան, թե ինչ օրն է ընկել ՀԱԿ-ը, որ Կարապետիչն ավելի շատ մարդ է հավաքում: Ու այս ամենով այսօրվանից Սերժ Սարգսյանը լուծում է ապագա խորհրդարանի կազմի հետ կապված բոլոր խնդիրները` հընթացս նախադրյալներ ստեղծելով ընտրակեղծիքների օրինականացման համար: Եթե Ազգային Ժողովի ընտրությունների արդյունքում ՀԱԿ-ը չհավաքի այնքան ձայն, որքան ունի իրականում, դա կմատուցվի հետեւյալ կերպ. «Բա ի՞նչ էիք ուզում, Կարապետիչը ձեզանից շատ մարդ էր հավաքում, բա նա՞ ինչ ասի»: Այսինքն` փորձ է արվելու համոզել ՀԱԿ-ին, հասարակությանը եւ վերջապես միջազգային կառույցներին, որ հանրահավաքի գնացող մարդիկ ընտրությունների ընթացքում չեն քվեարկում: Բայց պետք է միաժամանակ նկատել, որ հայ հասարակությունն այնքան է թրծվել քաղաքական դաշտում, այնքան հաճախորդներ է տեսել, որ հեշտությամբ տարբերում է թացը չորից: Եւ այս մասով, իհարկե, իշխանական սցենարիստների տրամաբանության հետ համաձայն ենք. իսկապես, եթե մարդիկ տարբեր պատճառներով գնում են Կարապետիչի հանրահավաքին, երբեք չեն ընտրելու ո՛չ նրան, ո՛չ էլ առավել եւս նրա «պապաներին»` Ռ. Քոչարյանին կամ Ս. Սարգսյանին: Վերջին հաշվով, նրանց միջեւ տարբերություն չկա. բոլորն էլ «նույն սանրի կտավն են»:




Լրահոս