Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր՝ մարտի 17-ին, քննարկվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության՝ 2014 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման եւ գնահատված կատարողականի հաշվետվությունը:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, ո ՀՀ 2014 թ. պետական բյուջեի շրջանակում սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացվել է 362.0 մլրդ դրամ (պետբյուջեի ընդհանուր ծախսերի 29.0 տոկոսը) եւ իրականացվել է 83 ծախսային ծրագիր: Շարունակվել են մանկատների բեռնաթափման, մատուցվող ծառայությունների հասցեականության ու մատչելիության բարելավման, համակարգի կառավարման արդյունավետության բարձրացման, միջազգային համագործակցության ընդլայնման, տեղեկատվական բազաների արդիականացման աշխատանքները:
Արտեմ Ասատրյանը ըստ ենթաոլորտների ներկայացրել է աշխատանքի եւ զբաղվածության, կենսաթոշակային ապահովության, սոցիալական աջակցության, հաշմանդամների եւ տարեցների, ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի լուծման ուղղությամբ իրականացված քայլերը: Մասնավորապես, ընթացիկ տարում ձեւավորվել է զբաղվածության քաղաքականության նոր մոդելի ներդրման ողջ ենթաօրենսդրական բազան, որի շրջանակում գործում է պետական կարգավորման 13 ակտիվ ծրագիր: Գործազրկության մակարդակը 2014 թ. երրորդ եռամսյակում (ըստ ԱՎԾ տվյալների) կազմել է 17.1 տոկոս: 2014 թ. հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը սահմանվել է 50000 դրամ, իսկ պետական համակարգի 162 հազար աշխատակցի աշխատավարձը բարձրացել է միջինը 47 տոկոսով:
2014 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ հաշվառված է եղել 511346 կենսաթոշակառու եւ սոցիալական նպաստ ստացող: 2014 թ. հունվարի 1-ից ներդրվել է աշխատանքային կենսաթոշակի հաշվարկման նոր կարգ, որի արդյունքում ծայրահեղ աղքատության գծից ցածր աշխատանքային կենսաթոշակ ստացողների թիվը պետք է նվազի 32000-ով, իսկ միջին աշխատանքային կենսաթոշակը՝ ավելանա մոտ 15 տոկոսով: 2014 թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ նոր օրենքով օրենքի առանձին դրույթներ համապատասխանեցվել են ՀՀ Սահմանադրությանը: Գործադրվել է «Էլեկտրոնային կենսաթոշակ» համակարգը՝ տվյալների բազաները ճշգրտման նպատակով: Հղիության եւ ծննդաբերության նպաստը վերանվանվել է մայրության նպաստի եւ նախատեսվում է հղիության եւ ծննդաբերության դեպքում պետական աջակցություն ցուցաբերել նաեւ չաշխատող շուրջ 30 հազար կնոջ: Ընտանիքի անապահովության գնահատման համակարգում հաշվառված 134000 ընտանիքից ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացել է ամսական միջինը 104130-ը, իսկ եռամսյակային հրատապ օգնություն՝ միջինը 8698 ընտանիք. նպաստի միջին չափը կազմել է 30350 դրամ (01.08.2014 թ. նպաստի բազային մասը բարձրացել է 1000 դրամով):
Վարչապետի հանձնարարությամբ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման իրավունքի առաջնահերթություն է տրվել նաեւ ՀՀ սահմանամերձ համայնքների ավանդատուներին: Շարունակվել է մեկ պատուհանի սկզբունքով գործող ինտեգրված սոցիալական ծառայությունների 19 տարածքային կենտրոնի գործունեությունը: Աշխատանք է տարվում եւս 20 այդպիսի կենտրոն տեղակայելու ուղղությամբ:
Ռազմավարական նոր մոտեցումներ են առաջարկվել հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների լուծման ուղղությամբ, բարելավվել է տարեցների սոցիալական պաշտպանության համակարգը: Մշակվել եւ ՀՀ Ազգային ժողով է ներկայացվել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ներդնել անձի կարիքների եւ կարողությունների բազմակողմանի գնահատման վրա հիմնված նոր մոդել: Ընթացքի մեջ են Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատի տարածքում անկողնային խնամք ստացող տարեցների համար նախատեսված նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները, որոնք իրականացվում են Քուվեյթի Պետության կողմից ստացված դրամաշնորհային ծրագրի շրջանակում: Շարունակվել է «Երեխայի իրավունքների պաշտպանության 2013-2016 թթ. ռազմավարական ծրագրով» նախատեսված միջոցառումների իրականացումը: Մշակվել է «ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2015-2017 թթ. ազգային ծրագիրը», որում ներառված են բնակչության բնական աճի ապահովմանն ուղղված միջոցառումներ: 2014 թ. հունվարի 1-ից ներդրվել է ծնունդների խրախուսմանն ու բազմազավակ ընտանիքների կյանքի պայմանների բարելավմանն ուղղված` երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում ընտանիքներին տրամադրվող պետական աջակցության ծրագիրը, որի շրջանակում 3-րդ եւ 4-րդ երեխայի ծննդյան դեպքում նպաստի չափը սահմանվել է 1 մլն դրամ, իսկ 5-րդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում` 1.5 մլն դրամ:
Սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացման, ՀՀ պետական բյուջեի միջոցների նպատակային օգտագործման, շահառուների բավարարվածության աստիճանի գնահատման եւ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով մշակվել են 14 ծրագրի մոնիթորինգային անձնագրերը եւ ցուցանիշները, կատարվել են ընթացիկ մշտադիտարկումներ, շահառուների կարծիքի ուսումնասիրություններ եւ թեմատիկ ստուգումներ:
Հաշվետվությունը լսելուց հետո վարչապետ Աբրահամյանը կարեւորել է 2014 թ. ծրագրերի շարունակական եւ արդյունավետ իրականացումը: Կառավարության ղեկավարը, անդրադառնալով նախարարության 2015 թ. անելիքներին, անհրաժեշտ է համարել ինտեգրված սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների լիարժեք գործարկումը, ընտանեկան նպաստների, կենսաթոշակների տրամադրման եւ երեխաների որդեգրման գործընթացների թափանցիկության ապահովումը եւ հասցեականության բարձրացումը եւ հանձնարարել նախարարության ղեկավարությանը հետեւողական լինել եւ ուշադրության կենտրոնում պահել այս հարցերը: