«ՀՀ գլխավոր դատախազը, ոստիկանապետը կամ ԱԱԾ պետը պետք է գնան ռուսական ռազմաբազա և վերցնեն Վալերի Պերմյակովին»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացրած «Վալերի Պերմյակովին Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու մասին» նախագիծը:

Նախագծի քննարկման ժամանակ Փոստանջյանը նշեց, որ հայ իրավապահ մարմինները դատապարտվել են անգործության և ոչ մի քայլ չեն ձեռնարկում` Գյումրիում Ավետիսյանների ընտանքին սպանած Վալերի Պերմյակովին Հայաստանին հանձնելու վերաբերյալ:

«Խախտվել է թե՛ ՀՀ սահմանադրությունը, թե՛ մեր օրենքները: Իրավական ընթացակարգը մատնանշում է, որ ՀՀ գլխավոր դատախազը, ոստիկանապետը կամ ԱԱԾ պետը պետք է վերցնեն ձերբակալման որոշումը, գնան ռուսական ռազմաբազա և վերցնեն Վալերի Պերմյակովին: Սկզբում պետք է նրան տանեն ժամանակավոր պահման մեկուսարան, այնուհետև քրեակատարողական հիմնարկ», – նշեց  Փոստանջյանը:

Անդրադառնալով Գևորգ Կոստանյանի կողմից ՌԴ գլխավոր դատախազին ուղարկված նամակին ` Փոստանջյանը նշեց, որ ինքը ո՛չ այդ նամակն է տեսել, ո՛չ էլ այդ նամակի պատասխանը.

«Ես չգիտեմ, թե ՀՀ գլխավոր դատախազը ինչ դիմում է ներկայացրել իր ռուս գործընկերոջը, բայց նա Գյումրիում հայտարարեց, որ միջնորդություն է ներկայացնելու` Վալերի Պերմյակովին Հայաստանին փոխանցելու վերաբերյալ: Սակայն ո´չ այդ նամակն ենք մենք տեսել, ո´չ էլ այդ նամակի պատասխանը»,- նշեց պատգամավորը: Նա նաև ընդգծեց, որ բացի սպանության գործից, պետք է նաև քրեական գործ հարուցվեր սահմանը ապօրինի լքելու փորձի վերաբերյալ:




Լրահոս