Ինչպես արդեն տեղեկացրել էինք` այսօր «Ազատամարտիկների դաշինք»-ը նիստ է հրավիրել «Հայրենիք» կինոթատրոնի շենքում տեղակայված իրենց գրասենյակում: Ըստ մեր տեղեկությունների` ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` քաղաքականությունից հեռանալու մասին հայտարարությունից հետո, «Ազատամարտիկների դաշինքը» բավականին բարդ իրավիճակում է հայտնվել, քանի որ այն, ըստ էության, ձեւավորվել էր Գ. Ծառուկյանի շուրջ:
Հիշեցնենք, որ «Ազատամարտիկների դաշինք»-ում ընդգրկված են «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ Գագիկ Մելքոնյանը, գնդապետ, «Ապարան» գնդի նախկին հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանը, «Տիգրան Մեծ» աշխարհազորի ռազմական խորհրդի նախագահ Խաչատուր Գալստյանը, «Վրիժառուներ» գնդի հրամանատար Վրեժ Ղազարյանը, «Զորավոր Անդրանիկ» ջոկատի հրամանատար Ավետիս Գրիգորյանը, Դաշտային հրամանատարների խորհրդի անդամ Սուրեն Սարգսյանը եւ այլ ազատամարտիկներ:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է դաշինքի անդամ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանի հետ՝ պարզելու համար, թե իրենց հրավիրած նիստի օրակարգում ի՞նչ հարցեր են ընդգրկված:
-Պարո՛ն Պետրոսյան, Դուք նախորդ անգամ չմասնակցեցիք «Ազատամարտիկների դաշինք»-ի նիստին, արդյո՞ք այս անգամ մասնակցելու եք, թե այլեւս այդ դաշինքի հետ որեւէ առնչություն չունեք:
-Ես դաշինքի խորհրդի անդամ եմ, ինչպես կարող եմ չմասնակցել նիստին, անցած անգամ հարգելի պատճառով բացակայել եմ, բայց, իհարկե, այս անգամ մասնակցելու եմ:
-Իսկ ի՞նչ հարցեր են ընդգրկված նիստի օրակարգում:
-Դա արդեն առավոտյան (այսօր, Ս.Գ.) կորոշենք ու հարցերը կներկայացնենք վարչությանը, նախնական որեւէ բան չունենք:
-Նշվում է, որ ազատամարտիկները անելանելի իրավիճակում են հայտնվել այն բանից հետո, երբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նահանջեց ու հայտարարեց ակտիվ քաղաքականությունից հեռանալու մասին: «Ազատամարտիկների դաշինքի» անդամները ե՞ւս բռնելու են նահանջի ճանապարհը:
-Այսինքն՝ ազատամարտիկները մինչեւ որտե՞ղ պետք է նահանջեն, մինչեւ Բաքո՞ւ, գոնե Դուք գիտեք, որ ազատամարտիկները նահանջել չգիտեն, ինչի՞ց պետք է նահանջենք, այսինքն՝ ինչ-որ մեկը մեզ ստիպողաբար բերել էր դաշտ, հիմա էլ նահանջո՞ւմ ենք: Մենք՝ ազատամարտիկներս, նահանջ բառը չենք սիրում, դա մեր համար չի: Արդեն բավական երկար ժամանակ է, ինչ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է իր հեռանալու մասին, Դուք այս ընթացքում որեւէ հայտարարություն կամ կեցվածքի փոփոխություն նկատել ե՞ք «Ազատամարտիկների դաշինք»-ում: Ու Դուք չեք էլ նկատելու, քանի որ մեր խնդիրը ոչ թե Գագիկ Ծառուկյանի կամ որեւէ մի ուժի, անհատի կողմը կանգնելն է եղել, մենք առաջին իսկ օրը հայտարարել ենք, որ մենք որեւէ քաղաքական թիմի, քաղաքական ուժի կամ անհատի ո՛չ գործիքն ենք ե՛ւ ոչ էլ դրոշակակիրը: Մենք մեր պետության, մեր երկրի համար արած ունենք, մեր ընկերների կյանքն ենք դրել, մեր առողջությունն ենք դրել, պետություն ենք կերտել, որ այդ պետությունն ամուր մնա, որպես արժեք պահպանվի: Իսկ եթե մենք այսօր խնդիրներ ենք տեսնում, այդ խնդիրներն անպայման բարձրաձայնում ենք: Մենք համագործակցում ենք այն ուժերի հետ, որոնց ծրագրերը համընկնում են մեր ծրագրերի հետ, ու երբ լինի մի ուժ, որի ծրագրերն ու մեր ծրագրերը նույնը կլինեն, մենք կրկին կհամագործակցենք: Բայց մենք երբեք որեւէ քաղաքական ուժի կցորդը չենք եղել երբեք: Հիմա նահանջել ինչի՞ց, ես իրոք կնահանջեի պայքարից, եթե տեսնեի, որ իշխանություններն իսկապես մեր երկրի հետ կապված բոլոր խնդիրները լուծել են: Մեր նպատակը երկրին սպառնացող վտանգի, արտագաղթի դեմն առնելն է, ժողովրդի մեջ այս երկրի նկատմամբ սեր սերմանելն է: Հաղթանակած սերունդը պետք է հաղթանակածի կերպարով ապրի, դա է մեր ամբողջ խնդիրը:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
«ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄՆ ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ ԳՏՆՎԵՑ, ՔԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԸ»
Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չարնեցկին, որը մասնակցում է Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի 4-րդ լիագումար նիստին, պատասխանել է «Ժողովուրդ»-ի մի քանի հարցերին:
-Պարո՛ն Չարնեցկի, Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելուց հետո ինչպիսին են Սերժ Սարգսյանի հայտարարած «եւ, եւ»-ի քաղաքականության իրագործման հնարավորությունները, ներկայումս կա՞ն ռեալ նախադրյալներ` ԵՏՄ-ի կազմում լինելով ԵՄ հետ ասոցացման գործընթացը շարունակելու համար:
-Շատ լավ: Կարելի է ասել, որ դա շատ տիպիկ է հայկական ապրելակերպին, հայկական իշխանության կառավարման բալանսին, բայց ես կարծում եմ, որ ելնելով իր ազգային շահերից՝ Հայաստանը ցանկանում է միաժամանակ լավ հարաբերությունների մեջ գտնվել թե՛ ԵՏՄ-ի եւ թե՛ ԵՄ-ի հետ, այսինքն՝ թե՛ Ռուսաստանի եւ թե՛ Եվրոպայի հետ: Ես կարծում եմ, որ Հայաստանի եւ հատկապես հայ ժողովրդի տնտեսական շահերից ելնելով՝ ԵՄ-ն կարող է նորանոր դռներ բացել, եւ այդ քաղաքականությունը կարող է շատ արդյունավետ լինել: Հիմա ես ցանկանում եմ ավելի կոնկրետ խոսել ԵՄ եւ Հայաստան հարաբերությունների մասին. ավելի շատ ներմուծում, ավելի շատ արտահանում` սա տնտեսական առումով, ինչ վերաբերում է քաղաքականին, ապա քայլ առ քայլ Հայաստանը կարող է խորացնել իր ասոցացումը ԵՄ-ի հետ` ընդհուպ մինչեւ անդամագրում: Սակայն ես տեղյակ եմ, որ հայաստանյան իշխանությունները չեն կարող հրապարակայնորեն խոսել այդ մասին, եւ դա հեշտ թիրախ չի կարող լինել:
-Ամեն դեպքում` ներկայումս ՀՀ եւ ԵՄ միջեւ բանակցություններ են ընթանում նոր փաստաթղթի ստորագրման շուրջ: Ի՞նչ եք կարծում՝ ինչպիսին կլինի այդ բանակցությունների արդյունքը:
-Ես կարծում եմ, որ արդեն իսկ այն փաստը, որ Ձեր երկիրը՝ Հայաստանն է հանդիսանում Եվրանեսթի կազմակերպիչը, խոսում է Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ հետագա զարգացման հնարավորությունների մասին, եւ ինչպես նշել եմ` Հայաստանը պետք է գտնի համագործակցության ոսկե միջինը թե՛ Ռուսաստանի եւ թե՛ Եվրոպայի հետ: Լինելով այդքան մոտ Ռուսաստանի հետ՝ միաժամանակ փակել դռները Եվրոպայի առաջ, դա, իհարկե, Հայաստանի կողմից մեծագույն սխալ կդիտվի:
-Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է ադրբեջանական պատվիրակությունը վերջին պահին հրաժարվել մասնակցել Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի 4-րդ լիագումար նիստին:
-Ես հիշում եմ, որ Բաքվում կայանալիք խորհրդաժողովի ժամանակ Հայաստանի պատվիրակությունը ներկա է գտնվել: Ցավալի է, որ Ադրբեջանի պատվիրակությունն այսօր բացակա է: Ես, իհարկե, հարգում եմ նրանց բացակա լինելու իրավունքը, բայց կավելացնեմ, որ հայկական կողմն ավելի ուժեղ գտնվեց, քան Ադրբեջանը: Ամեն դեպքում, ես հույսով եմ, որ ապագայում Ադրբեջանը կվերադառնա Եվրանեսթին:
-Իսկ եթե Հայաստանը այդպես էլ ԵՄ-ին չասոցացվի` մնալով ԵՏՄ անդամ, ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստան-Լեհաստան հետագա համգործակցությունը տարբեր ոլորտներում:
-Լեհաստանում կա հայ համայնք, ես պատմագետ եմ եւ գիտեմ, որ հայ համայնքն ունեցել է իր դրական ազդեցությունը լեհական պետությունում, եւ մենք գնահատում ենք հայ համայնքի դերը մեր երկրի զարգացման տարբեր ոլորտներում: Կարծում եմ, որ մենք պետք է աշխատենք համագործակցության ընդհանուր լեզու գտնել հատկապես տնտեսության ոլորտում եւ պետք է ամեն ինչ անենք՝ կատարելագործելու տնտեսական կապերը, քայլ առ քայլ տնտեսական առաջընթացը կարող է մեծ դռներ բացել քաղաքական դաշտի համար:
-Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի օրը, Թուրքիան միջոցառումներ է կազմակերպել՝ նվիրված Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին, այն դեպքում, երբ այն նախկինում երբեք այդ օրը չի նշվել: Ինչպե՞ս եք վերաբերում Թուրքիայի այդ քայլին:
-Իմ պատասխանը շատ կարճ կլինի: Ես հուսով եմ, որ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, կներկայացնեմ Եվրախորհրդարանը՝ ներկա գտնվելով այդ միջոցառմանը Երեւանում:
-Իսկ Ձեր երկրի նախագահը ապրիլի 24-ին ե՞ւս կժամանի Հայաստան:
-Այո՛, Սերժ Սարգսյանը հրավիրել է, եւ մեծարգո նախագահը ներկա կգտնվի այդ օրը:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԹԱՄԱՐԱ ՄԿՐՏՉՅԱՆ
ՄԱՊ-Ի ՏՆՕՐԵՆԻՆ ՏՈՒԳԱՆԵԼ ԵՆ
ՀՀ ֆինանսների նախարարությունը տուգանել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ալեքսան Պետրոսյանի (Մապի Ալիկ) որդուն պատկանող «ՄԱՊ» ՓԲԸ-ին: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ դեռես 2014թ. դեկտեմբերի 9-ին «ՄԱՊ»-ի տնօրեն Մակար Պետրոսյանը Հայաստան է ներմուծել խառը ապրանքներ, որոնց վերաբերյալ օրենքով սահմանված ժամկետներում հայտարարագիր չի ներկայացրել մաքսային մարմին: Արդյունքում՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը մաքսային կանոնները խախտելու համար Մակար Պետրոսյանին վարչական տույժի է ենթարկել` 50 հազար դրամի չափով:
ՃՈՅՏԻ ԳՈՐԾՈՎ ՆՈՐ ԿԱԼԱՆԱՎՈՐ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ փետրվարի 2-ից կալանքի տակ գտնվող ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանից` Ճոյտից բացի, նույն գործով կալանքի տակ է եւս մեկ հոգի: Մեր տեղեկություններով՝ մոտ երկու շաբաթ առաջ ՀՀ ֆինանսների նախարարության քննչական վարչությունը որոշում է կայացրել կալանավորել «Ուրախ եւ Տխուր» ՍՊԸ տնօրեն Ռոբերտ Ղազարյանին: Վերջինիս կալանավորել են նախկին պատգամավորին առաջադրված մեղադրանքի շրջանակներում:
Հիշեցնենք, որ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին, ըստ ՀՀ ֆինանսների նախարարության, կալանավորել են ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասով (ապօրինի ձեռնարկատիրություն), 38-205-րդ հոդվածի 1-ին մասով (հարկ վճարելուց խուսափելը), 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն կետով, 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքներով (քրգործի հիմքում ընկած է հարկեր վճարելուց խուսափելու մեղադրանքը):
ԱՀԱԳԻՆ ՀԱՄԵՍՏ
ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների մասին 2014 թվականի տարեկան հայտարարագիրը, ըստ այդմ, նրա տարեկան եկամուտը կազմել է 9 միլիոն 513 հազար դրամ, որը նրա աշխատավարձն է: Իշխան Զաքարյանի դրամական միջոցները դրամով նվազել են, իսկ արտարժույթով՝ աճել: Այսպես՝ 2013-ին նա ունեցել 22 միլիոն 750 հազար դրամ, իսկ 2014-ի տարեվերջին այդ գումարը նվազել եւ կազմել է 18 միլիոն: Փոխարենը մինչեւ անցած տարի պաշտոնապես դոլարային հաշիվ չի ունեցել, իսկ 2014-ի վերջին արդեն 14 հազար դոլար է ունեցել, ինչպես նաեւ՝ 3 հազար 500 եվրո: