Ազգային ժողովում շարունակվում է քննարկվել «Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թթ-ին իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» նախագիծը:
Էդուարդ Շարմազանովը նշեց, որ արձանագրելով հայ, հույն և ասորի ժողովուրդների՝ դարերի խորքից եկող բարեկամական հարաբերությունները` այս նախագծով հայտարարում են, որ դատապարտում են Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թթ-ին իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հարց ուղղեց հիմնական զեկուցողին. «Պարոն Շարմազանով, անկեղծ չեք, որ ասում եք, թե նախագծի վրա աշխատում եք չորս տարի: Ինչու՞ անկեղծ չեք, որ երբ «Ժառանգություն» ներկայացրել էր նման նախագիծ, դուք ընդհանրապես դեմ էիք ու մի քանի անգամ դեմ եք քվեարկել: Լավ է, որ ստանձնեցիք նախաձեռնությունը, բայց պետք է անկեղծ լինեք ու ասեք, որ ձեր մեջ խիղճը բարձրացավ: Ուզում եմ հարցնել Ձեզ, որպես պատմաբանի, խիղճը ե՞րբ նորից կարթնանա ձեր մեջ, որ եզդիների ցեղասպանությունը ևս բարձրաձայնեք: Ինչո՞ւ չեք ուզում ներառել այս նախագծի մեջ եզդիների ցեղասպանությունը ևս»:
Շարմազանովը արձագանքեց. «Պառլամենտը սրտաճմլիկ հայտարարությունների տեղը չէ: Մարդիկ կամ խիղճ ունենում են կամ ոչ, դա խիստ անձնական է: Պետք չէ այս կարևոր հարցը կուսակցականացնել, և որ բոլոր վեց խմբակցությունները համատեղ են աշխատել այդ նախագծի վրա, ես նրանց բոլորին շնորհակալություն հայտնեցի: Եզդիների հետ կապված՝ դուք իմ փոխարեն մի ասեք՝ փաստեր կան, թե չկան, ես որպես պատմաբան` որևէ փաստի չեմ տիրապետում և չեմ ճանաչում Հայաստանում որևէ պատմանաբի, որը տիրապետում է նման փաստերի: Բայց մենք պատրաստ ենք` եզդի համայնքի ներկայացուցիչների հետ նստենք ու քննարկենք, սա այն հարցը չէ, որ զգացմունքային դաշտ տանենք»: