Տեղական արտադրության նոր լուսացույցները կլինեն ավելի գեղեցիկ, տեխնիկապես հագեցած և միջազգային ստանդարտներին համապատասխան: Այս կարծիքին է տեղական նոր լուսացույցներ արտադրող «Էլլիպս» ընկերության սեփականատեր Գուրգեն Զաքարյանը:
Վերջինիս խոսքով` ամենակարևորն այն է, որ նոր լուսացույցները տեղական արտադրության են և ներկրելու խնդիր չի առաջանա:
Զաքարյանը մի շարք առանձնահատկություններ նշեց, որոնցով հայկականները տարբերվում են այժմ գործող ռուսական արտադրության լուսացույցներից: Առանձնահատկություններից մեկն այն է, որ տեղական արտադրության լուսացույցները ներմուծվող լուսացույցների 2/3-ի չափով էժան կլինեն: Նշենք, որ ներմուծվող լուսացույցների արժեքը տատանվում է 350-450 հազ. դրամի սահմաններում:
Նոր լուսացույցների հետ կապված Ճանապարհային ոստիկանությունում համապատասխան ուսումնասիրություններ կատարվել են: Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը նշեց` իրենց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հայկական արտադրության լուսացույցներն իրենց տեխնիկական տվյալներով գերազանցում են ոչ միայն Հայաստանում, այլև` աշխարհում գործող լուսացույցներին:
Այս պահի դրությամբ ոչ մի խաչմերուկ կահավորված չէ նոր լուսացույցներով, բայց նախատեսվում է մինչև ապրիլի 24-ը` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների օրը Երևան քաղաքի որոշ փողոցներում նոր լուսացույցներ տեղադրել:
Քրիստինա Աղալարյան, Տիգրան Սարգսյան