Armenian text to speach

ՃՈ-ի «նախկինը»՝ ՔՊ-ի «ազնիվ» պատգամավորը․ ՔՊ-ական Արմեն Խաչատրյանը ուզում է հանձնաժողովի նախագահ դառնալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը իշխանական ճամբարում հաճախ ներկայացվում է որպես «հին համակարգի դեմ պայքարող» քաղաքական գործիչ։

Խաչատրյանը տարիներ շարունակ աշխատել է ոստիկանության համակարգում՝ անցնելով տեսուչից մինչև ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ։ 2013-2018 թվականներին նա ղեկավարել է ՃՈ պլանավորման, հաշվառման և վերլուծության բաժինը, այնուհետև դարձել է ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ։

Այսպիսով, ՔՊ-ական պատգամավորը երկար տարիներ եղել է հենց այն համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, որը հեղափոխությունից հետո իշխանությունները ներկայացնում էին որպես կոռուպցիայի և «նախկինների թալանի դարբնոց»։

Երբ իշխանությունը շարունակում է խոսել «նախկինների կոռուպցիոն համակարգի» մասին, հետաքրքիր է հասկանալ՝ ճանապարհային ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Արմեն Խաչատրյանը այդ համակարգի մա՞սն էր, թե՞ բացառությունը։ Նրա հայտարարագրերը, համենայնդեպս, նման պարզ պատասխան չեն տալիս:

«Ժողովուրդ» օրաթերթն արդեն տեղեկացրել է, որ Արմեն Խաչատրյանն ամեն բան անում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ դառնալու համար: Վաղը պետք է վարչությունն ընտրի թեկնածու: Բայց կարծես, թե վարչությունում հակված չեն նրան նախագահ «կարգել», քանի որ նա համարվում է ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանի մտերիմը, իսկ Քոչարյանին ՔՊ-ն որոշել է ուղղակի պատգամավորական մանդատ տալ ու «գահընկեց» անել:

Մինչ հեղափոխությունը՝ 2017-2018 թվականներին, Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Արմեն Խաչատրյանը սեփականությամբ տուն կամ որևէ անշարժ գույք չի ունեցել, իսկ որպես մեքենա հայտարարագրել էր միայն 1986 թվականի արտադրության VAZ 2106-ը։ Այդ շրջանում նրա դրամական միջոցները 15 միլիոն դրամից նվազել էին մինչև 5 միլիոն դրամ, իսկ ամսական աշխատավարձը կազմում էր շուրջ 805 հազար դրամ։
Հիմա՝ 2025 թվականին, նրա անձնական գույքային վիճակը անփոփոխ է․ պատգամավորը դարձյալ սեփական տուն չունի, իսկ միակ մեքենան շարունակում է մնալ նույն հին «ՎԱԶ»-ը։ Բանկային հաշիվներում առկա են չնչին մնացորդներ՝ շուրջ 528 դոլար և 97 հազար դրամ։ Փոխարենը, պատգամավոր դառնալուց հետո ավելացել են նրա տարեկան մուտքերն ու պարտքերը․ 2025 թվականի 35.2 միլիոն դրամ եկամտի մեծ մասը ձևավորվել է ԱԺ աշխատավարձից (14.1 միլիոն դրամ) և բանկային վարկից (16.4 միլիոն դրամ)՝ ներառելով նաև 1.8 միլիոն դրամ կենսաթոշակ ու 2.8 միլիոն դրամ եկամտային հարկի վերադարձ, իսկ չմարված վարկի մայր գումարի մնացորդը կազմում է շուրջ 10.1 միլիոն դրամ։

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է Արմեն Խաչատրյանի պաշտոնական հայտարարագրերը՝ սկսած 2017 թվականից։

2017 թվականին, երբ նա դեռ ճանապարհային ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա էր, հայտարարագրել էր՝

  • 15 միլիոն դրամ դրամական միջոց,
  • 1986 թվականի արտադրության VAZ 2106 ավտոմեքենա,
  •  ամսական շուրջ 805 հազար դրամ աշխատավարձ։

Արդեն 2018 թվականին նրա դրամական միջոցները նվազել էին մինչև 5 միլիոն դրամ, իսկ միակ մեքենան շարունակում էր մնալ նույն հին «ՎԱԶ»-ը։ Նույն պատկերը պահպանվել է նաև 2019 թվականին։

Խորհրդավոր 53 հազար դոլարը

Հայտարարագրերի ամենաուշագրավ հատվածը վերաբերում է 2020 թվականին։

Տարվա սկզբին Արմեն Խաչատրյանի բանկային հաշվին եղել է 53 հազար ԱՄՆ դոլար, սակայն տարվա վերջում մնացել է 23 հազար դոլար։ Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում հաշվից անհետացել է շուրջ 30 հազար դոլար։

Հայտարարագրում որևէ բացատրություն չկա՝

  • որտեղից էր գոյացել այդ գումարը,
  • ինչ նպատակով է ծախսվել,
  • ում է փոխանցվել կամ ինչ գործարքի շրջանակում է օգտագործվել։

Նույն տարում նրա պատգամավորական աշխատավարձը կազմել է ընդամենը 750 հազար, ապա՝ 675 հազար դրամ ամսական, ինչը չի բացատրում նման ծավալի դոլարային միջոցների առկայությունը։

Բացի այդ, 2020 թվականին նա ստացել է նաև՝

  •  1.812.000 դրամ կենսաթոշակ,
  • 40 հազար դոլարի փոխառություն «Հայբիզնեսբանկից»։

Պատգամավոր, բայց առանց տան

2021 թվականին Խաչատրյանը կրկին ընտրվել է պատգամավոր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։ Այդ տարվա հայտարարագրում նա ցույց է տվել 30.4 միլիոն դրամ եկամուտ, որի զգալի մասը ձևավորվել է վարկերից։

Սակայն ամենաուշագրավ փաստը մնացել է անփոփոխ՝

  •  անշարժ գույք՝ չկա,
  •  միակ մեքենան՝ նույն 1986 թվականի VAZ-ը։

2022 թվականի հայտարարագրում արդեն նշվել է, որ նա 90 և ավելի օր փաստացի տիրապետել է անհատական բնակելի տան, սակայն այդ տունը սեփականություն չի հանդիսացել և հայտարարագրված անշարժ գույք չի դարձել։

Այսինքն՝ տարիներ շարունակ պետական բարձր պաշտոններ զբաղեցրած, ապա պատգամավոր դարձած անձը պաշտոնապես սեփական տուն չունի։

2023-2024․ եկամուտներն աճում են, պարտքերն էլ՝ հետը

Նույն թվականին պատգամավորը ստացել է 14.2 միլիոն դրամ եկամուտ, որից 11.45 միլիոնը ԱԺ աշխատավարձն էր։

2024 թվականին նրա եկամուտներն աճել են մինչև 16.6 միլիոն դրամ, սակայն բանկային հաշիվներում տարվա վերջում մնացել են ընդամենը՝

  • 43.58 դոլար,
  •  182 հազար դրամ։

Միևնույն ժամանակ վարկային պարտավորությունների մնացորդը կազմել է գրեթե 20 միլիոն դրամ։

2025․ 35 միլիոն դրամ եկամուտ և 22.5 միլիոն դրամ վարկերի մարում

2025 թվականի հայտարարագիրը ցույց է տալիս արդեն ավելի մեծ ֆինանսական շարժ։

Խաչատրյանի հայտարարագրված ընդհանուր եկամուտը կազմել է 35.263.259 դրամ, այդ թվում՝

  • 14.141.650 դրամ՝ ԱԺ աշխատավարձ,
  • 16.400.000 դրամ՝ «Հայէկոնոմբանկից» ստացված վարկ,
  • 2.882.726 դրամ՝ եկամտային հարկի վերադարձ,
  •  1.838.883 դրամ՝ կենսաթոշակ։

Տարեվերջին նրա վարկերի մայր գումարի մնացորդը կազմել է 10.156.995 դրամ, իսկ միայն վարկերի մարմանն ուղղված ծախսերը հասել են 22.523.225 դրամի։

Սակայն նույնիսկ այս ամենից հետո պաշտոնական պատկերը չի փոխվել՝

  • տուն՝ չկա,
  • մեքենա՝ նույն 40-ամյա «ՎԱԶ»-ը,
  • բանկային հաշիվներում՝ ընդամենը 528 դոլար և 97 հազար դրամ։

Իսկ ինչ ունեցվածք ունի պատգամավորի որդին

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է նաև պատգամավորի որդու՝ Էդուարդ Խաչատրյանի հայտարարագրերը։

Նա աշխատում է ԱԺ փորձագիտական վարչությունում որպես փորձագետ։

2024 թվականի հայտարարագրի համաձայն՝

  • սեփական անշարժ գույք չի ունեցել,
  •  սակայն 90 և ավելի օր փաստացի տիրապետել է Երևանում գտնվող անհատական բնակելի տան՝ հողամասով և տնտեսական շինություններով։

Տրանսպորտային միջոցների ցանկն արդեն զգալիորեն տարբերվում է հոր հայտարարագրից․

  •  FORD (2016 թ.),
  •  TOYOTA (2015 թ.)։

Նրա տարեկան եկամուտը կազմել է 12.845.815 դրամ, իսկ վարկային պարտավորությունների մնացորդը՝ 45.390.000 դրամ։

Հետաքրքրական է նաև, որ 2025 թվականի հայտարարագիր նա չի ներկայացրել, ինչը հայտարարագրման կարգի հնարավոր խախտման հարց է առաջացնում։

Հարցերը մնում են բաց

Արմեն Խաչատրյանի հայտարարագրերի ուսումնասիրությունից մի շարք հարցեր են առաջանում․

  •  ինչպե՞ս է ամբողջ կյանքում ոստիկանության համակարգում աշխատած բարձրաստիճան պաշտոնյան պաշտոնապես սեփական տուն չունենալով ապրել,
  •  որտեղի՞ց է գոյացել 2020 թվականի 53 հազար դոլարը,
  • ինչպե՞ս է մեկ տարվա ընթացքում անհետացել դրա 30 հազար դոլարը,
  • ինչո՞ւ է երկար տարիներ բարձր պաշտոն զբաղեցրած անձի միակ հայտարարագրված մեքենան շարունակում մնալ 1986 թվականի VAZ 2106-ը,
  • և ինչպե՞ս է ստացվում, որ հոր հայտարարագրում տուն չկա, մինչդեռ որդին փաստացի տիրապետում է Երևանի անհատական բնակելի տան։

ՔՊ վարչության անդամ հանդիսացող Արմեն Խաչատրյանի պաշտոնական հայտարարագրերը առայժմ ավելի շատ հարցեր են առաջացնում, քան տալիս պատասխաններ։

Սոնա Գրիգորյան




Լրահոս