Օֆշորային սկանդալի կիզակետում հայտնված և սնանկացման եզրին գտնվող Փայլակ Հայրապետյանը պահանջում է ազատ արձակել ադամանդագործ Աշոտ Սուքիասյանին: Այս մասին Armlur.am-ին հայտնեց հենց ինքը Հայրապետյանը` հավելելով, որ իրականում պետք է անազատության մեջ գտնվեն նախկին վարչապետ, ներկայումս ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, «Ամերիա» բանկի նախկին սեփականատեր Ռուբեն Վարդանյանն ու բանկի երեք ղեկավարները:
«Սուքիասյանն ընդամենը լապատկա է, նրան օգտագործել են, ամեն ինչ սարքել են ու նրա գլխին ջարդել: Ո՞նց կարող է հանցագործը դեսպան նշանակվի, վարչապետ լինի, մի քանի տարի էր գլխավոր բանկը տնօրինի: Եթե մեր երկրում նորմալ ղեկավարություն լինի, քննությունն էլ նորմալ կլինի: Բայց աննորմալ են, ի՞նչ անես»,- վրդովված ասաց ծայրահեղ վիճակում հայտնված գործարարը` հավելելով, որ եթե արդար և օբյեկտիվ քննություն անցկացվի, պետք է հարցաքննվեն նաև այս գործում ամենամեծ դերակատարումն ունեցած նախկին վարչապետը, արքեպիսկոպոսը և «Ամերիա» բանկի ղեկավարությունը:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա հունիսից ՀՀ քննչական գխավոր վարչության հատուկ կարևորագույն գործերով քննության վարչությունում նախորդ տարվա հունիսից Սուքիասյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Գործարար Ա. Սուքիասյանին ձերբակալել էին սույն թվականի փետրվարի 1-ին` Թուրքիայից Վրաստան ժամանման ընթացքում, իսկ արտահանձնման մասին որոշումը Վրաստանի արդարադատության նախարարը ստորագրել է հունիսի 3-ին:
Նշենք նաև, որ 2009-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության շենքում նախարար Ներսես Երիցյանի մոտ ՀՀ այդ ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ հանդիպում-խորհրդակցություն էր կազմակերպվել 23 արդյունաբերական կազմակերպության ղեկավարների հետ: Խորհրդակցության ժամանակ քննարկվել էր Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով։ Իսկ այդ 100 միլիոնի վարկը պետք է բաժանվեր այդ 23 կազմակերպության միջև, որպեսզի դրանք սկսեին աշխատել։ Գործարար Փայլակ Հայրապետյանն առաջարկել էր գրավադրել իր՝ 33 մլն դոլար արժողությամբ ամբողջ անշարժ գույքը և «Ամերիաբանկ»-ից ստացած մոտ 10 միլիոն դոլարը տվել էր Աշոտ Սուքիասյանին: Վերջինս, այդ գումարը վերցնելով, փախել էր Հայաստանից: