ՔԻՉ Է ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐ ՀԱՐԹԱԿՈՒՄ ԼԻՆԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի  անդամ Ժիրայր Սէֆիլյանի, միայն ժամանակը կարող է ցույց տալ, թե ով է իսկական ընդդիմադիր, ով` ոչ: -Պարոն Սէֆիլյան, Տիգրան Կարապետյանի հրավիրած  բացօթյա համագումար-հանրահավաքին  ելույթ ունենալո՞ւ եք: -Պարոն Կարապետյանը մեզ հրավիրել է մասնակցել եւ ելույթ ունենալ իր կազմակերպած հանրահավաքներում, ինչի համար շնորհակալ ենք: Հաշվի առնելով այն, որ տարածաշրջանում  եւ  Հայաստանում թափ հավաքող  քաղաքական գործընթացները գնալով դառնում են ավելի անկանխատեսելի` մեր նախաձեռնող խումբը շատ է կարեւորում  երկրում առկա ընդդիմադիր ուժերի համախմբման ու նպատակին հասնելու ճիշտ ճանապարհի շուտափույթ ընտրությունը: Այդ  ուղղությամբ մենք արդեն  կատարել ենք եւ պատրաստվում ենք կատարել համապատասխան քայլեր: Եւ այս համատեքստում` մենք ողջունում ենք մեր ժողովրդի քաղաքական ակտիվությունը բարձրացնող ցանկացած անկեղծ նախաձեռնություն, որը ծառայելու է իշխող հակահայ ռեժիմն օր առաջ տապալելու նպատակին: Միաժամանակ, մեզ համար ժողովրդական  բեմահարթակից ելույթ ունենալը ինքնանպատակ չէ, ուստի այդ  հանրահավաքում իմ ելույթ ունենալու հավանականությունը քիչ է: -Դուք ասացիք, որ ողջունում եք ցանկացած անկեղծ նախաձեռնություն: Համոզվա՞ծ եք, որ Տիգրան Կարապետյանի նախաձեռնությունը հենց այդպիսին է: -Այդ հարցի պատասխանը ժամանակը կտա: Ես եթե անգամ պայծառատես լինեմ եւ  հիմա փորձեմ գուշակել, կարող է սխալվեմ: Ժամանակն է, որ պիտի ապացուցի որեւէ նախաձեռնության անկեղծությունը: Ես ընդամենը արձանագրում եմ, որ ընդդիմադիր ուժերին համախմբելու  մեր միտումն անկեղծ է:  – Իսկ մտավախություն չունե՞ք, որ կարող է որոշ ժամանակ անց   պարզվել, որ Դուք մասնակիցն եք եղել իշխանությունների կողմից ընդդիմադիր դաշտ ներդրված  «ականի» պառակտիչ գործունեությանը: -Մենք առայժմ չենք մասնակցում որեւէ բանի: Եթե ես այս հանրահավաքում ելույթ ունենամ, ապա ելույթիս բովանդակությամբ արդեն ինչ-որ բան կասեմ: Իսկ եթե ելույթ  չունենամ, կնշանակի որեւէ մասնակցություն չի լինի:  -Իսկ եր՞բ եւ ինչի՞ց ելնելով պիտի որոշեք, ելույթ ունենո՞ւմ եք, թե՞ ոչ: Ի վերջո, արդեն ժամանակ չի մնացել:-Գիտեք, ժամանակները շատ արագ են փոխվում: Կարճ ժամանակում կարող է որեւէ բան փոխվել եւ ուրիշ բան որոշվել: Բայց մի բան հստակ է, այս իշխանություններից ձերբազատվել կարելի է դիմադրության բոլոր առողջ  օջախների ակտիվության շնորհիվ: -Այսինքն` Դուք չեք բացառում, որ որոշ ժամանակ անց կարող է բացահայտվել, որ  Տիգրան Կարապետյանը Ձեր բնորոշմամբ` «հակահայ ռեժիմի» գործիքն է: – Ոչ մի բան բացառել չի կարելի:  Բայց մենք այն ուժերից չենք, որ ի սկզբանե անպայման փորձենք որեւէ բան պիտակավորել եւ կողք կանգնել: Եթե ինչ-որ բան հստակ է, ապա  պետք է անմիջապես ասվի ժողովրդին: Եթե հստակ չէ, չի կարելի բամբասանքների հիման վրա թյուր տեղեկություններ տարածել: Ամեն դեպքում,  այս ամենի ընթացքին մոտիկ կանգնելով` ավելի հեշտ կլինի ճշմարտությունը  ժողովրդի համար բացահայտել:-ժամանակին Դուք շատ ակտիվորեն պաշտպանում էիք ՀԱԿ առաջնորդ  Լեւոն Տեր-Պետրոսյանին: Գաղտնիք չէ, որ  ընդդիմադիր դաշտում Տիգրան Կարապետյանի հայտնությունը  ՀԱԿ-ի կողմից սվիններով ընդունվեց: Մտավախություն չունե՞ք, որ համագործակցելով Կարապետիչի հետ, կարող եք վերջնականապես փչացնել Ձեր հարաբերությունները ՀԱԿ-ի հետ, թե՞ դա այլեւս չեք կարեւորում:  -Նախ` ես այժմ ներկայացնում եմ ոչ թե Կոնգրեսը, այլ` «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը: Եւ չնայած իշխանությունների կողմից գործադրված  քարոզչական աշխատանքին` որ մեր մասին լսելի չլինի,   «Սարդարապատ» շարժումն ավելի քան մեկ տարի է` առանձին գործող քաղաքական միավոր է: Ինչ վերաբերում է Հայ ազգային կոնգրեսին,  ապա  ես բազմիցս ասել եմ, որ Կոնգրեսը միաձույլ մարմին չէ, որին պետք է անդամակցել կամ` ոչ: Ես եւ իմ նմանները, այն ժամանակ աջակցելով Կոնգրեսին, աջակցել ենք շարժմանը, այլ ոչ թե կոնկրետ ինչ-որ անհատի: Մենք միշտ կանգնած ենք եղել ժողովրդի կողքին: Եւ այսօր նույնպես մեզ հետաքրքրողը ժողովուրդն է: Որեւէ մի գործիչ, որն այսօր կարողանում է  հազարավոր մարդկանց փողոց հրավիրել, մեզ հետաքրքրում է: «Սարդարապատը», որպես ցանցային կառույց ունեցող ապագա շարժում, բոլոր ընդդիմադիր ուժերի հետ կապ է պահելու, ինչը շատ կարեւոր է լինելու ապագա իշխանափոխության համար: -Այսինքն` փետրվարի 18-ին ՀԱԿ-ի հրավիրած  հանրահավաքին  էլ եք մասնակցելո՞ւ:-Իհարկե: Մենք միշտ ժողովրդի մեջ ենք եղել: Չի եղել որեւէ հանրահավաք, որին ես ներկա  չլինեմ: Բայց` ժողովրդի մեջ, ոչ թե հարթակում: -Իսկ Կարապետիչի հանրահավաքի ժամանակ էլ հարթակում չեք լինելո՞ւ:-Ինչպես արդեն ասացի, հավանականությունը քիչ է, որ ես այդ հանրահավաքում ելույթ ունենամ: Ուստի, քիչ է նաեւ հավանականությունը, որ ես հարթակում լինեմ: Զրույցը` ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱնԻ




Լրահոս