ՄԵՂԱԴՐԱԿԱՆԸ՝ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իջեւանի գնդի նախկին հրամանատար, գնդապետ Սերգեյ Կարապետյանի եւ նույն գնդի գումարտակի նախկին հրամանատար Հրանտ Դալլաքյանի դատավարության հերթական նիստը, որը նշանակված էր սեպտեմբերի 4-ին, չկայացավ: Պատճառը մեղադրանքը պաշտպանող զինվորական դատախազի բացակայությունն էր առողջական խնդիրների պատճառով:
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանից (նստավայրը՝ Բերդ) տեղեկացանք, որ հաջորդ նիստը նշանակված է սեպտեմբերի 20-ին, այդ օրը մեղադրական կողմը հանդես կգա ճառով: Նախորդ դատական նիստերից մեկում ամբաստանյալներ Սերգեյ Կարապետյանի եւ Հրանտ Դալլաքյանի պաշտպան Մամիկոն Թորոսյանը դատարանին միջնորդել էր կարճել քրեական գործի վարույթը: Նշենք, որ դա համընկնում է նրա պաշտպանյալների դիրքորոշման հետ, որոնք այս քրեական գործով իրենց մեղավոր չեն համարում: Դատավոր Զոյա Զաքինյանը, քննարկելով միջնորդությունը, այն մերժել էր:
Այս դատավարությունը սկսվել է 2011 թվականի դեկտեմբերի 8-ին: Քրեական գործի պատմությունը հետեւյալն է. Իջեւանի տարածաշրջանից չորս երիտասարդներ 2010թ. դեկտեմբերի 31-ին՝ տարեմուտից մի ժամ առաջ, ջերմության դեմ դեղորայք են տարել իրենց ընկերներից մեկի եղբորը, որը վերոհիշյալ զորամասում է ծառայում: Նրանց հանդիպել է զորամասի հրամանատար, գնդապետ Սերգեյ Կարապետյանը: Վերջինս զայրացել է նրանց այցից, հրամանատարի եւ երիտասարդների միջեւ վեճ եւ ընդհարում է եղել: Կարապետյանը նրանց բերման է ենթարկել իր աշխատասենյակ եւ սպառնացել: Արդյունքում` ահաբեկված տղաները ցատկել են երկրորդ հարկում գտնվող նրա աշխատասենյակից: Դրա հետեւանքով Իջեւանի Գետահովիտ գյուղի 20-ամյա բնակիչ Տարոն Ենգիբարյանը գլխի ծանր վնասվածքներ էր ստացել, իսկ 21-ամյա Աշոտ Ուլիխանյանը՝ ձախ ոտքի կոտրվածք: Տարոնին տեղափոխել էին Իջեւանի հիվանդանոց, ապա՝ Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: 10 օր հետո, սակայն, Տարոն Ենգիբարյանը, գիտակցության չգալով, մահացել է:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս