Ո՞ՒՐ ԵՆ ԳՆԱՑԵԼ ՓՈՂԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2011թ. հուլիսին Իջեւան քաղաքում սկսվել է Տավուշի մարզային գրադարանի շենքի նորոգումը: Ինչպես տեղեկանում ենք Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքից, այդ նպատակով պետական բյուջեից ծախսվել է 54 միլիոն դրամ: Ծրագիրն ավարտվել է, սակայն այժմ մարզային գրադարանի միայն առաջին հարկն է գործարկվում: Եղանք գրադարանի շենքում. այնտեղ սվաղ է արվել, որոշ հատվածներում ամրացման աշխատանքներ են կատարվել: Երկրորդ հարկն ամրացման նպատակով ցանցապատվել է, սակայն գործն այդպես էլ կանգ է առել:
Այս տարվա հուլիսի 15-ին՝ Իջեւան կատարած այցի ժամանակ, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը ծանոթացել է գրադարանի շենքի վիճակին եւ ասել, որ շենքի նորոգումն ավարտելու համար ՀՀ սոցիալական ներդրումների հիմնադրամից լրացուցիչ 30 միլիոն դրամ պետք է հատկացվի: Իջեւանի բնակիչները մեզ հետ զրույցում տարակուսանք էին հայտնում, թե արդյոք գրադարանի նորոգման համար ծախսված 54 միլիոն դրամը նպատակային է ծախսվել: Մարզային գրադարանի տնօրեն Սաշա Հովսեփյանից տեղեկացանք, որ նախկինում երկրորդ հարկում տեղավորված երեսուն հազար կտոր գիրքն այժմ ժամանակավոր ապաստանել է Իջեւանի թիվ 5 դպրոցում: Մարզային գրադարանը գործում է մշակույթի նախարարության ենթակայության ներքո, գրադարանի շենքն Իջեւանի քաղաքապետարանի հաշվեկշռում է:
Իջեւանի քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Արամ Մելիքսեթյանն ասաց, որ իրենք չգիտեն, թե ինչ կազմակերպություն է նորոգել գրադարանի շենքը: Դա Երեւանի կամ Աբովյանի ինչ-որ կազմակերպություն է, շինարարները նորոգման նախագիծն իրենց չեն ներկայացրել, տվել են ինչ-որ պատճենահանված թուղթ, որը փաստաթղթի նման չէր: Արամ Մելիքսեթյանն ասաց, որ Իջեւանի քաղաքապետարանը 2012թ. համար այդ կազմակերպությանը շինթույլտվություն չի տրամադրել, սակայն նորոգման աշխատանքներն այս տարի կատարվել են:

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ




Լրահոս