ԱԺ Հայ Ազգային Կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր հայտարարությունների ժամին ներկայացրեց ՀՀ տնտեսության արձանագրած «վերջին ռեկորդները»: Նա նշեց, որ Հայաստանը հարավային Կովկասում մեկ շնչին ընկնող ՀՆԱ արդյունքի թվով երրորդն է, երբ երկրորդ տեղում էր, և երկրորդն է տնտեսական աճի տվյալներով, երբ դեռ 2012-ին երկրորդ տեղում էինք:
«Հայաստանն իր վերջին 500 դոլարի պարտատոմսերով նոր ռեկորդ սահմանեց: Մեր պետական պարտքը կազմեց 4.9 միլիարդ դոլար: Նման թիվ մենք երբևէ չենք ունեցել: 2008-ին արտաքին պարտքը կազմել է ՀՆԱ-ի 16 %-ը, 2009-ին՝ 39 %-ը, 2011-ին՝ ՀՆԱ-ի 41 %-ը, 2013-ին՝ 44 %-ը: Իսկ այժմ ՀՆԱ-ի կեսից ավելին համարվում է պետական պարտք», – նշեց նա:
Արամ Մանուկյանը ընդգծեց, որ 2015-ի միջազգային պահուստները սկսվել են կրճատվել: «Սրանք ձեր իշխանության փաստերն են: Կամ գիտեք սրանք, եթե չգիտեք, ասում եմ, զբաղվեք այս թվերով, եթե գիտեք ու չեք զբաղվում, ներող կլինեք, սա կործանում է, գահավիժում: Եթե գիտեք, ու չեք զբաղվում, ապա սա առնվազն քաղաքական դասալքություն է»,- եզրափակեց պատգամավորը: