Ապարան ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը համոզված է, որ կիրակի օրը` մարտի 22-ին, հակառակորդի սահմանն անցած ԼՂՀ ՊԲ պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի քայլը որևէ արդարացում չունի. դա բառի ամենալայն իմաստով դավաճանություն է. «Ինքս` որպես զինվորական, դա դավաճանության գլուխգործոց եմ համարում: Նա ժամկետային զինծառայող չէ, որ մտածենք` ներսում դժվար հարաբերություններ են եղել, նման քայլի է դիմել: Պայմանագրային զինծառայող է, պայմանագիր է կնքել, զինծառայության է անցել և մասնագետ է դանում ամեն դեպքում: Այսինքն` նա կրկնակի դավաճան է: Նա իր կամքով է ծառայության անցել, չէր ուզում ծառայել, թող չծառայեր կամ խզեր պայմանագիրը, եթե ցանկություն չուներ ծառայելու»:
Ազատամարտիկը նշեց նաև, որ սա մեր ամբողջ ազգին ուղղված դավաճանություն է, ինչը կազդի հանրապետության հեղինակության վրա. «Նրան պետք է հանել Հայաստանի քաղաքացու «դամավոյից» ու որպես այդպիսին չընդունել նրան: Ավելի լավ է նմաններն ընդհանրապես չլինեն: Ի՞նչ պետք է անել դավաճանների հետ … »:
Armlur.am-ի հարցին` ինչպես կարող էր զինծառայողն անվնաս անցնել սահմանը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ սահմանների միջև տարբեր և չբացահայտված հատվածներում ականներ են տեղադրվում, մեր զրուցակիցը պարզաբանեց, որ ականապատված տարածքներում կան անցումներ, որոնք հստակեցված են, ինչը ինչ-որ տեղ անցնողի «գործը հեշտացնում է»:
Հիշեցնենք, որ մարտի 22-ին` ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում, հակառակորդի կողմն է անցել ՊԲ զինծառայող, 1991թ. ծնված շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Իսկ երեկ ադրբեջանական կայքերը հրապարակեցին տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է հայ պայմանագրային զինծառայող 24-ամյա Անդրանիկ Գրիգորյանը հայտարարում, թե չի ցանկացել անիմաստ մահով մեռնել: Այս տեսանյութի հավաստիությունը ԼՂՀ ՊԲ-ն պաշտոնապես հերքել է` ասելով, որ սա բեմադրություն է: