Մինչ վարչապետ Տիգրան Սարգսյանը այցելում է «ART EXPO – 2011» արվեստների ցուցահանդես եւ ջազ ունկնդրում, ՀՀ վիճակագրական ծառայությունը «ավետեց», որ անցած ամիս նախորդ տարվա հունվարի համեմատ գնաճը կազմել է 10,6 տոկոս: Կառավարության եւ Կենտրոնական բանկի պատասխանատուները շարունակում են հանգստացնել, թե ամեն ինչ հսկողության տակ է, եւ տարվա երկրորդ կեսին մենք ականատես կլինենք գնաճի մեղմմանը: Անգամ այնքան «մեծահոգի» են, որ նշում են, թե ինչ միջոցներով են հասնելու «հրաշքին»: Այսպես` կոշտացնելու են դրամավարկային պայմանները, պետական պատկան մարմինների կողմից ավելի խիստ վերահսկողություն կիրականացվի առաջին անհրաժեշտության ապրանքների եւ ծառայությունների գնագոյացման վրա, չեն լինի երաշտ եւ այլ բնական աղետներ, գյուղատնտեսությունը կզարգանա, քանի որ այդպես է ցանկանում ՀՀ կառավարությունը, եւ արդյունքում կաճի գյուղմթերքների արտադրությունը, որն իր հերթին կհանգեցնի գների իջեցմանը: Հիշեցնենք, որ անցած տարի նույն այս ժամանակահատվածում, նույն այս մարդիկ խոստանում էին, որ «տարվա վերջում կունենանք առավելագույնը 6 տոկոս գնաճ», մինչդեռ այն հասավ 9,4 տոկոսի: Երեք հիմնական ուղղություններից միայն մեկն է, որ Կենտրոնական բանկը շատ արագ կյանքի կոչեց. 0,5 տոկոսային կետով բարձրացնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը` հասցնելով 7,75 տոկոսի: Այս քայլի արդյունքում կթանկանան ազգաբնակչությանը տրվող վարկերը: Իբր թե բանկերի կողմից տրվող վարկերի տոկոսադրույքներն այնքան էժան էին, որ ժողովուրդը մասսայական վարկ էր վերցնում, անկապ ծախսում, դրա համար էլ ունեինք այսպիսի գնաճ: Բանկեր կան, որ մինչեւ 24 տոկոսով վարկ են տրամադրում, իսկ մարդիկ դրանք վերցնում են ոչ լավ օրից: Այժմ այս թիվն էլ կարող է այլեւս ռեկորդ չհամարվել:Գնաճը իսկապես կզսպվեր, եթե ոչ թե վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվեր, այլ մենաշնորհատերերին ստիպողաբար մի փոքր «հակաախորժակային» դեղահաբ նշանակվեր: Օրինակ` շաքարավազի 99,9 տոկոս ներկրող ընկերությանը ստիպեին մի 30 տոկոսը տալ ուրիշ ընկերությունների, որոնք հաստատ մաքսայինից մինչեւ խանութ, այդ առաջին անհրաժեշտության ապրանքը չէին թանկացնի 2,5 անգամ: Բայց այս միջոցն ուղղակի կհարվածի իրենց գրպաններին, մի բան, որ գնաճի զսպման համար չեն կարող թույլ տալ:Այնպես որ կան բոլոր նախադրյալները, որ 2011 թվականի գնաճը հաստատ չի զիջելու 2010 թվականի ցուցանիշին:Գնաճի նման ցուցանիշի բացատրության համար Կառավարությունն ու Կենտրոնական բանկը գտել են իսկապես հանճարեղ բացատրություն` եղանակային վատ պայմաններ եւ անհաջողակ գյուղնախարար: Անցած տարի գնաճի համար պատասխանատվությունը դրեցին գյուղնախարար … Գերասիմ Ալավերդյանի վրա եւ լավագույն ավանդույթները պահպանելով, մեծ է հավանականությունը, որ Սերգո Կարապետյանը պատասխան կտա այս տարվա գնաճի բարձր ցուցանիշի համար: Միայն թռչունն է մեղք. ՕԵԿ-ը չունենալով իրական իշխանություն, տարեցտարի ստիպված պատասխան է տալիս կառավարության ամենալուրջ տնտեսական ձախողումներից մեկի համար: Թեպետ լավ էլ տեղին է, Վարդան Բոստանջյանի դիպուկ բնորոշմամբ` «19-րդ դարից Սերժ Սարգսյանին սատարելը» չէ որ պետք է ունենա իր գինը:ԱՐԻՍ ՎԱՂԱՐՇԱԿՅԱՆ
ԳՆԱՃՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ ԱՅՍ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ