ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ԳԱՂՏՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻՑ ՏԵՂՅԱԿ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ, ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը «այլընտրանքի» կարգավիճակում ավելի ընդդիմադիր հայացքներ է ունեցել, քան այն ուժերը, որոնք իրենց ընդդիմադիր են հռչակել:

-Տիկի՛ն Սարգսյան, ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն արդեն հայտարարել է, որ այսուհետ իրենք ընդդիմություն են: Փաստացի խորհրդարանում ավելանում է ընդդիմադիր պատգամավորների թիվը, դա ի՞նչ է տալու ԱԺ-ին:
-Նախ պետք է ասեմ, որ ԲՀԿ-ն նույնիսկ այլընտրանքային կարգավիճակով մշտապես քվեարկում էր մեզ հետ միասին, ընդդիմության հետ միասին, մենք բավականին հաջող համագործակցում էինք: Հիմա արդեն այն, ինչ տեղի ունեցավ ԲՀԿ-ում, այն, ինչ որոշեց ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը, տխուր փաստ էր: Ըստ էության, դեռեւս ԲՀԿ-ն այդ բեռը թոթափելու ու իրեն վերագտնելու խնդիր ունի: Այսօր այդ ուղղությամբ մեծ ակնկալիքներ ունենալը դեռեւս շուտ է, անկախ նրանից, որ խմբակցությունն իրեն հայտարարել է ընդդիմություն: Պետք է կարողանան իրենց ներսում հստակ ընդդիմադիր դիրքորոշումներ որդեգրել: Ես ուզում եմ հավատալ, որ ԲՀԿ-ն կլինի իսկական ընդդիմություն ու մյուս ընդդիմադիր խմբակցությունների հետ համատեղ նախաձեռնություններով հանդես կգա:
-Ըստ չհերքված տեղեկությունների՝ մինչ ընդդիմադիր դառնալու մասին հայտարարություն անելը, տեղի է ունեցել հանդիպում Սերժ Սարգսյանի հետ, որի ընթացքում տեղեկացվել է ԲՀԿ-ի նոր «կարգավիճակի» մասին: Նշվում է նաեւ, որ ԲՀԿ-ի ստվերային համակարգումն իրականացնելու է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այդ դեպքում ստացվում է, որ ԲՀԿ-ն լուրջ ընդդիմություն չէ ու վերահսկելի է: Սա նկատի առնելով` արդյո՞ք որպես ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ, համագործակցելո՞ւ եք նրանց հետ:
-Ես Ձեր նշած տեղեկատվության մասին որեւէ ինֆորմացիա չունեմ: Բայց եթե այդ տրամաբանությամբ նայենք, ես գիտեմ այլ ընդդիմադիրների եւս, որոնք շատ արմատական ընդդիմության դիրքերից են հանդես գալիս եւ միաժամանակ ունենում են նմանատիպ հանդիպումներ, որոնք հրապարակային չեն: Ի դեպ, վերջերս նման հանդիպումների մի հրապարակային շարք էլ եղավ Սերժ Սարգսյանի հետ: Ես կարծում եմ, որ այն քաղաքական ուժերը, որոնք իրենց համարում են ընդդիմություն, պետք է հանդես գան ընդդիմադիր դիրքերից, իսկ որքանով ընդդիմությունը ուժեղ կլինի, ցույց կտա ժամանակը: Ես վստահ եմ նաեւ, որ իշխանությունն էլ է հասկանում, որ արհեստական կամ արհեստածին ընդդիմությունը չի կարող ուժեղ դիրքերից հանդես գալ, ու ընդդիմություն-իշխանություն հակակշիռը պետք է պահպանվի:
-Իսկ Ձեր նշած արեստածին ընդդիմադիրների հետ ԱԺ ՀԱԿ խմբակցությունը պատրասվո՞ւմ է համագործակցել:
-Եթե ԲՀԿ-ին նկատի ունեք, ապա ասեմ, որ վերջին շրջանում ԲՀԿ-ն որպես ընդդիմություն էր հանդես գալիս, եթե հիշում եք նրանց հայտարարությունները, նրանց ելույթները, դրանք ավելի ընդդիմադիր էին, քան շատ ու շատ ընդդիմադիր ուժերինը: Իսկ ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա խմբակցությունում նման քննարկում չի եղել, ես կարող եմ ՎՍԴՀԿ-ի անունից ասել` որտեղ կտեսնենք պոտենցիալ, որտեղ կտեսնենք ազնվություն, այնտեղ համագործակցությունը կաշխատենք պահպանել:
-Խորհրդարանից դուրս եւս ընդդիմադիր ուժեր են ձեւավորվում, Նիկոլ Փաշինյանը ստեղծում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, իսկ ՍԴՀԿ ղեկավարն էլ հայտարարում է առաջիկայում հանրահավաքային պայքար սկսելու մասին: ՀԱԿ-ը համագործակցելու է նրանց հետ:
-Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրին», ապա դա դեռ կայացած ուժ չէ, երբ կլինի կուսակցությունը, երբ կլինի հստակ ծրագիրը, տեսանելի կլինի, թե ինչի է ընդունակ այդ քաղաքական ուժը, այդ ժամանակ նոր կարելի կլինի խոսել: Իսկ ինչ վերաբերում է ՍԴՀԿ իմ նախկին գործընկերներին, ապա ցավով պետք է ասեմ, որ ես շատ լավ ծանոթ եմ իրենց ամպագոռգոռ հայտարարություններին, պետք է միշտ իմանալ, թե դու ինչքանով կկարողանաս ապահովել քո հայտարարությունների իրագործումը: Իսկ երիտասարդ ատենապետին լավ ճանաչելով՝ երբեք լուրջ չեմ ընդունում նրա հայտարարությունները:

 

 

 

 

 

 

«ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ՑԱՎԵՑՆԵԼՈՒ ՊԱՇՏՈՆՅԱ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՍ»

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը, ով հեռացավ զբաղեցրած պաշտոնից նոր գլխավոր դատախազի` Գեւորգ Կոստանյանի հետ ունեցած տարաձայնությունների արդյունքում, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել է, թե իր համար պաշտոնը չի կարող լինել ինքնանպատակ: Արմեն Դանիելյանն առայժմ որեւէ պաշտոնի չի նշանակվել:

-Պարո՛ն Դանիելյան, արդեն տեւական ժամանակ է, ինչ որեւէ պաշտոն չեք զբաղեցնում, ապագայի ի՞նչ պլաններ ունեք, նոր աշխատանքի առաջարկություններ կա՞ն:
-Ես այն մարդկանց շարքին եմ դասվում, որոնք մշտապես զբաղված են, այսինքն` ես էությամբ պրպտող եմ: Գիտությամբ զբաղվելն իմ տարերքն է, իմ անցյալը, ներկան եւ ապագան: Իսկ առայժմ աշխատանքում դեռեւս ոչ մի փոփոխություն չկա, չնայած եղել են բազմաթիվ առաջարկություններ, որոնք ես մերժել եմ:
-Ինչո՞ւ, այդ առաջարկությունները Ձեր սրտով չէի՞ն:
-Բնավ էլ ոչ: Ես ինքս բավանակին երիտասարդ տարիքում զբաղեցրել եմ բարձր պաշտոններ, եւ իմ փորձն ինձ հուշում է, որ պաշտոնը չպետք է լինի ինքնանպատակ: Այն պետք է լինի նպատակային, որպեսզի կարողանաս քեզ բավարարված զգալ: Համենայն դեպս, ինձ հետ աշխատելը անչափ դժվար է եւ նույնչափ հեշտ: Դժվար է այն իմաստով, որ ինքս կաշկանդված չեմ ոչ մի հարցում, չունեմ վախի զգացողություն եւ պատրաստ եմ «ցավեցնելու» այն պաշտոնյա գործընկերներիս, ովքեր իրենց աշխատանքին «լրջությամբ» չեն վերաբերվում: Իսկ հեշտ է նրանով, որ երբեք չեմ «ստիպի» կամ պահանջի, որպեսզի ինձ ենթակա պաշտոնյաները դրսեւորեն ոչ իրավաչափ կամ անարդարացի վարքագիծ:
-Այսինքն՝ ստացվում է, որ Դուք անսխալական պաշտոնյա՞ եք եղել:
-Կտրուկ ասեմ՝ ո՛չ: Իհարկե, ես չէի կարող թերություններից եւ սխալներից հեռու մնալ: Եվ դա այն պարզագույն պատճառով, որ ամեն օր կայացնում էի լրջագույն որոշումներ: Սակայն հավատացած եղեք, նույնիսկ սխալ կամ թերի որոշում կայացնելու մեջ եղել է մեծ համարձակություն եւ սկզբունքայնություն: Երբեք չեմ հավակնել լինել ամենաճշմարիտը, չնայած կուզենայի այդպես լիներ (ծիծաղում է Ս.Գ.): Մշտապես եղել եմ համառ, կարծիքս ներկայացրել եմ անկախ նրանից ոմանց սրտով է, թե ոչ: Ես ատում եմ երկչոտությունը: Դատախազության կոլեգիայի նիստերը դարձրել եմ անհանգիստ բառիս ուղիղ իմաստով. ինձ համար չեն եղել կարեւոր եւ ոչ կարեւոր հարցադրումներ: Մշտապես քննարկելի եմ դարձրել այնպիսի խնդիրներ, որոնք երբեմն եղել են աննկատ, բայց պրակտիկայում խոչընդոտներ հարուցող: Չկար մի հարցադրում, որի վերաբերյալ կարծիք չներկայացնեի:
-Բայց այդքանով հանդերձ` Դուք այսօր այդ համակարգում չեք, ինչո՞ւ: Ի՞նչ անարդարությունների հետ եք բախվել, որ չեք ցանկացել շարունակել Ձեր աշխատանքը այդ համակարգում:
-Նախ՝ իրավապահ համակարգում աշխատող յուրաքանչյուր պաշտոնյա, այդ թվում նաեւ ինքս, ակամայից առերեսվել եմ անարդարությունների հետ: Հավատացեք՝ հերոսություն չէ լինել արդարամիտ եւ կայացնել իրավաչափ որոշումներ: Սա փոքր երկիր է, եւ մեկս մյուսին ազգական կամ բարեկամ ենք, ուստի անհարկի միջնորդությունները բավականին շատ են: Երբ կայացրել եմ որոշումներ, առաջնորդվել եմ հավատով եւ խղճով՝ գործել բացառապես օրենքով: Եվ երկրորդ՝ իսկ ո՞վ ինձ պետք է ստիպեր լինել անարդար: Ես նշանակվել եմ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի կողմից: Իսկ նախագահի խոսքն ու հանձնարարականներն ինձ համար եղել են արժեքավոր պատգամներ, որոնք ես կատարել եմ կամ պահպանել հարյուր տոկոսով:
-Այդ դեպքում ինչո՞ւ չգնահատվեց Ձեր աշխատանքը:
-Անհամեստ չէի ցանկանա լինել եւ ինքս ինձ գնահատել: Նույնիսկ եթե փորձեմ գնահատել ոչ թե իմ աշխատանքը, այլ իմ էությունը, ապա ասեմ, որ ես բոլոր հարցերում, լինի գործնական, աշխատանքային, անձնական եւ այլն, մշտապես ձգտել եմ հնարավորինս լինել անխոցելի, կատարյալ: Իսկ աշխատանքային գործունեությունս անշուշտ գնահատվել է իմ ղեկավարների կողմից, եւ ես անկեղծորեն շնորհակալ եմ: Ի դեպ, նույնիսկ բանավոր նկատողություն չեմ ստացել: Ամենալավը դեռ առջեւում է, համոզված եմ:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

«ԵՐԵՎԱՆԻ» ՓՈՂԵՐԸ
«Երեւան» հիմնադրամը հրապարակել է իր՝ 2014 թվականի գործունեության հաշվետվությունը, ըստ որի՝ հիմնադրամը 2014 թվականի ընթացքում ծախսել է 2 մլրդ 378 մլն 270 հազար դրամ: Այդ գումարից, ըստ հաշվետվության, Երեւանի բարեկարգման, կանաչապատման, հուշարձանների պահպանման եւ կառուցապատման համար ծախսվել է 146 մլն 759 հազար դրամ: 1 մլրդ 761 մլն 821 հազար դրամի ծախսի նպատակը հետեւյալ կերպ է ներկայացրած. «Հովանավորության կարիք զգացող, կրթական, մշակութային, մարզական, գիտական կազմակերպություններին, ինչպես նաեւ տոնական մշակութային, մարզական միջոցառումների համար»: Այսինքն՝ այնպես է ներկայացվել, որ հնարավոր չլինի հստակ տարանջատել, թե ինչ նպատակով որքան գումար է ծախսվել: Տեղեկացնենք, որ «Երեւան» հիմնադրամի գումարները գոյացել են մի քանի աղբյուրներից, բայց հիմնական հատկացումները երկուսն են` Երեւան քաղաքի բյուջեից՝ 1 մլրդ 909 մլն 521 հազար դրամ, եւ 481 մլն 741 հազար դրամն էլ «ստացվել» է կազմակերպություններից եւ անհատներից իբրեւ օգնություն:

 

ՀԷՑ-Ը ՉԻ ՎՃԱՐՈՒՄ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն այս տարվա առաջին երկու ամիսներին փոքր ՀԷԿ-ից ստացված էլեկտրաէներգիայի դիմաց դեռեւս չի վճարել: Արդյունքում ՓՀԷԿ-երը բավական ծանր ֆինանսական կացության մեջ են հայտնվել եւ չեն կարողանում իրենց ֆինանսական պարտավորությունները կատարել: Ի դեպ, ՀՀ օրենսդրությամբ ՀԷՑ-ը պարտավոր է առաջնահերթ ՓՀԷԿ-երի գումարները վճարել: Ուստի, եթե ՀԷԿ-երին չի վճարում, ապա դա նշանակում է՝ չի վճարում ոչ մեկին: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀԷԿ-երի սեփականատերերից մի քանիսը օրերս հանդիպել են Սերժ Սարգսյանի հետ, որը նրանց «համոզել է» համբերել մինչեւ մարտի վերջ: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Մենք փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի վճարումները կատարվեն: Ինձ թվում է, որ մինչեւ ապրիլի 5-ը հարցին որոշակի լուծում կտանք: Աշխատում ենք այդ ուղղությամբ»:

 

ԹՈՔՄԱՋՅԱՆԸ ՉԻ ՎԱԽԵՆՈՒՄ
Դեռեւս անցած տարվա նոյեմբերի 27-ին պոլիտեխնիկի նախկին դասախոս Վլադիմիր Խոեցյանը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի: Խոեցյանը պահանջում է անվավեր ճանաչել Թոքմաջյանի` իրեն աշխատանքից ազատելու մասին հրամանը: Թոքմաջյանն իր եւ նախկին դասախոսի վեճը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հետեւյալ կերպ ներկայացրեց. «Վլադիմիրը մեր նախկին դասախոսներից է եղել, նրան հեռացրել ենք ինստիտուտից, իսկ թե ինչու, կարող եք իմանալ դատարանի հրապարակած վճռից»: Հիշեցնենք, որ Վլադիմիր Խոեցյանին, ըստ վճռի, աշխատանքից ազատել են Թոքմաջյանի անձի շուրջ ծավալված հայտնի սեքս-սկանդալի արդյունքում:




Լրահոս