ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ ՊԱՏՄՈՒՄ ԵՆ ԴԺԲԱԽՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 22-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ՊԲ N զորամասերում առեղծվածային դեպքերը հաջորդեցին մեկը մյուսին: Նախ՝ նշվածը օրը ԼՂՀ ՊԲ N զորամասի պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանը լքել էր մարտական դիրքերը` հայտնվելով հակառակորդի կողմում: Իսկ, ահա, ավելի ուշ տեղեկություն տարածվեց, որ ԼՂՀ ՊԲ N զորամասի ժամկետային զինծառայող, սերժանտ Հայկ Մարգարյանը հանկարծամահ է եղել:

Ամեն ինչի մասին ամենասկզբից
Ըստ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանական բանակի պաշտոնական հաղորդագրության՝ մարտի 22-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ԼՂՀ ՊԲ N զորամասի շարքային պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանը ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում, հակառակորդի կողմն է անցել:
Հրապարակումից հետո Ադրբեջանը, շարունակելով իր որդեգրած նենգ քաղաքականությունը, տեսանյութ հրապարակեց, որտեղ Անդրանիկ Գրիգորյանը պատմում է, թե իբր ինչպես են զորամասում իրեն ծեծել, ուստի անիմաստ մահից խուսափելու համար ինքը լքել է մարտական դիրքը:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Անդրանիկ Գրիգորյանի փեսան՝ Արմեն Հարությունյանը, պատմեց, որ Անդրանիկը արդեն երկու տարի է, ինչ որպես պայմանագրային զինծառայող աշխատում է ԼՂՀ ՊԲ-ում. «Այնքան լռակյաց էր, որ մեզ ոչինչ չի պատմել իր ծառայությունից, բայց եթե դժգոհ լիներ ծառայությունից, ապա ժամկետային ծառայությունը ավարտելուց հետո չէր ցանկանա գնալ, որպես պայմանագրային զինվոր ծառայել»:
Ըստ փեսայի` Անդրանիկը այդ քայլին, միգուցե, գնացել է ընտանիքում ստեղծված ծանր իրավիճակի պատճառով. «Մայրը հոգեկան խնդիրներ ունի, պառկած վիճակում է, իսկ հայրն էլ օրեր առաջ ինսուլտ է ստացել, միգուցե այս ամենից սթրես է տարել, նեղվել ու գնացել է այդ քայլի՞ն, դեռ ոչինչ չգիտենք: Ախր, մի ամիս առաջ նոր մեքենա էր գնել, չգիտենք՝ ինչո՞ւ այսպես վարվեց»:
Մեր զրուցակցի խոսքով` Անդրանիկի ծառայակից ընկերներն ասել են, որ նա նյարդերի հետ կապված խնդիրներ ուներ. «Ինձ ասել են, որ դիրքերից իջնում էր բուժկետ, ներվերը հանգստացնում, էլի բարձրանում էր դիրքեր: Դեպքից մեկ օր առաջ կնոջս հետ է խոսել, ամեն ինչ կարգին է եղել: Նույնիսկ կինս էլ խոսելու բան չի ունեցել, բայց Անդրանիկը չի ցանկացել անջատել հեռախոսը եւ շատ է ցանկացել քրոջ հետ երկար խոսել: Ու ամեն անգամ հարցրել է ընտանիքից, հոր ու մոր առողջությունից»:
Արմեն Հարությունյանի խոսքով՝ այն, ինչ հրապարակում են Ադրբեջանական կայքերը, սուտ է.«Իբր նրա ծառայակից տղաներից մեկը եւս նրա հետ ցանկացել է լքել պոստը: Չկա նման բան, ձեզ ավելին ասեմ՝ Մկրտչյան ազգանունով զինվոր այնտեղ չի էլ եղել: Ավելին՝ ոչ մի ծառայակից ընկեր չի պատրաստվել նրա հետ խախտել սահմանը: Այն, ինչ Ադրբեջանը ցույց է տալիս, շոու է»: Անդրանիկի ընտանիքի անդամները հույս ունեն, որ գոնե Կարմիր խաչը մի քայլ կձեռնարկի, եւ տղային կկարողանան շուտ վերադարձնել հայրենիք:
Այն, որ պայմանագրային զինծառայողի մոտ առողջական խնդիրներ են եղել, հաստատում են նաեւ նրա հարազատները եւ ծառայակից ընկերները: Ուստի այս հանգամանքը աչքաթող անելը եւս ենթադրում է քրեական պատասխանատվություն: Հուսանք, որ ԼՂՀ ՊԲ-ն կուսումնասիրի այս հանգամանքը, եւ եթե ապացուցվի զինվորի առողջական խնդիր ունենալու փաստը, ապա, ըստ էության, դասալքությունից բացի՝ գործ կունենանք նաեւ քրեական օրենսգրքով նախատեսված այլ գործի հետ: Ասել է թե՝ իրավապահներն այս անգամ պատասխանատվության պետք է կանչեն այն պաշտոնատար անձանց, ովքեր պատասխանատու են ստեղծված իրավիճակի համար:
Նշենք, որ առայժմ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 2-րդ մասով (դասալքությունը մարտական հերթապահություն կատարող զինծառայողի կողմից): Կատարվում է նախաքննություն:

Հանկարծամահ զինվորի հետքերով
Նկատենք, որ սա մարտի 22-ին ԼՂՀ ՊԲ-ում արձանագրված միակ առեղծվածային դեպքը չէր: Նույնը օրը՝ ժամը 17:25-ի սահմաններում, ԼՂՀ ՊԲ N զորամասում հանկարծամահ էր եղել ժամկետային զինծառայող Հայկ Մարգարյանը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հանկարծամահ եղած զինվորի քեռին` Արթուրն ասաց, որ Հայկը որեւէ առողջական խնդիր չի ունեցել. «Մեր ունեցած տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել դիրքերում: Ախր, 15, 16 տարի լող է պարապել, ֆիզկուլտ ինստիտուտի լողի բաժինը գերազանց ավարտել է, էլ ոնց կարող էր այսքան լավ մարզավիճակի տղեն առողջական խնդիր ունենալ, բացարձակ չուներ»:
Ըստ զինվորի քեռու` դեպքի առավոտյան ինքը զրուցել է Հայկի հետ: «Ամեն ինչ կարգին էր, գոհ էր իր ծառայությունից, շատ գոհ էր, բացարձակ խնդիր չի ունեցել ծառայության կամ ծառայակիցների հետ: Չգիտեմ՝ այս ինչ եղավ, ինչի եղավ, մենք էլ ենք ուզում իմանանք»,-լացակումած պատմեց Հայկի քեռին` Արթուրը:
Նրա խոսքով` Հայկին 81 օր էր մնացել՝ ավարտեր ծառայությունը. «Մի եղբայր ուներ, բանակը ծառայել, եկել էր, ու սպասում էինք Հայկին, ախր ինչո՞ւ»:
Պարզեցինք, որ Հայկը Աջափնյակ վարչական շրջանի Մաշտոցի զինկոմիսարիատից է զորակոչվել բանակ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ զինվորական կոմիսար, գնդապետ Հենրիկ Մուրադյանն ասաց, որ լսելով կատարվածի մասին՝ շատ արագ սկսել են ուսումնասիրել զինվորի՝ մինչ բանակ զորակոչվելու ժամանակ ունեցած առողջական բոլոր փաստաթղթերը. «Երեկ գիշեր մանրակրկիտ ուսումնասիրել ենք, առողջության հետ բացարձակ որեւէ խնդիր չի ունեցել: Մեկ անգամ ուղարկել ենք «Արմենիա» բժշկական կենտրոն՝ ուռոլոգիական խնդրի հետ կապված, իսկ ավելի ուշ միանգամայն առողջ ուղարկել ենք բանակ: Այնտեղի մասնագետների հետ եմ խոսել, տղայի կրծքավանդակից վերեւ, որ ընկել է, կապտել է: Իսկ այդ նշանները, ըստ նախնական վարկածի, խոսում են այն մասին, որ ինֆակտ է ստացել: Սակայն սա նախնական վարկածն է, դատաբժշկական փորձաքննությունը նոր կպարզի, թե իրականում ինչ է եղել: Մեզ համար էլ է զարմանալի՝ ինչո՞ւ մարզիչ տղան կարող էր առողջական խնդիր ունենալ, բայց սպասենք վերջնական արդյունքներին»:
Հավելենք, որ դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔԸ
Երեւանի Նորք-Մարաշում բնակվող գործարար Յու. Ավագյանի տան ուղղությամբ կրակոցներ արձակած, տան դարպասին պայթուցիչ սարք տեղադրած Հայրապետյան եղբայրներից մեկը ոստիկանության նախկին աշխատակից է եղել:
Հիշեցնենք` փետրվարի 20-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում, կրակոցներ էին արձակվել Երեւանի Նորքի տներից մեկի առաջին հարկում գտնվող ավտոտնակների դարպասների ուղղությամբ:
Ավելի ուշ քննության ընթացքում տանտիրոջն ուղարկվել էր մի նամակ, որում նշվել էր, թե ինքն է եղել կրակողը եւ պահանջել էր գործարարից, որ գնի նոր հեռախոսահամար եւ այն գրի «ԱՏՍ»-ի շենքի մոտ գտնվող կանգառի ապակիների վրա: Եւ միայն դրանից հետո նա հեռախոսահամարով կկապվի գործարարի հետ, որպեսզի նրանից ստանա 32 հազար դոլար: Նամակագիրը սպառնացել էր, որ եթե գործարարը չկատարի իր պահանջը, կվնասի թե՛ նրան, թե՛ ընտանիքի անդամներին: Այս դեպքից մի փորք ուշ՝ մարտի 2-ի առավոտյան, նույն տան դարպասի բռնակին հայտնաբերվել էր նռնակ եւ պայթուցիչ: Տանտիրոջը հասցեագրված նոր նամակում էլ նշվել էր. «Հաջորդ անգամ գրանատը ռասծյաշկայով կլինի»:
Այս դեպքից մեկ ամիս անց ՀՀ ոստիկանությունը պարզել է կասկածյալների ինքնությունը: Վերջիններս Նորքի բնակիչներ՝ 1960 թ. ծնված Սարգիս եւ 1965 թ. ծնված Հայկ Հայրապետյաններն են:
Նշենք, որ նախկին ոստիկան Սարգիս Հայրապետյանի տան խուզարկության ժամանակ հայտնաբերվել է «Ֆ-1» տեսակի մեկ նռնակ՝ պայթուցիչով, մեքենայի մեկ զույգ համարանիշ, իսկ նրան պատկանող, Աբովյան քաղաքում գտնվող քարի արտադրամասի խուզարկության ժամանակ հայտնաբերվել էր «ՌՊԳ» տեսակի մեկ նռնականետ՝ փամփուշտով, ինքնաձիգի 15 պահունակ` լիցքավորված, ինքնաձիգի 700 փամփուշտ եւ տարբեր տրամաչափի այլ փամփուշտներ: Եվ այսպես՝ «Ժողովուրդ»-ին եղբայրների այս քայլերի դրդապատճառների մասին նոր մանրամասներ են հայտնի դարձել:
Սարգիս Հայրապետյանը, որը ոստիկանության նախկին աշխատկից է, արդեն երկու տարի է, ինչ հեռացվել է համակարգից: Պարզվում է, որ երկու եղբայրները տոկոսով գումար են վերցրել (հայտնի չէ, թե հատկապես ումից) եւ չեն կարողանում մարել: Նրանք նաեւ ահռելի պարտքեր ունեն, որոնցից ազատվելու համար «ծրագիր են մշակել»:
Պարզվում է՝ այս գործով տուժող Յու .Ավագյանին Նորք-Մարաշում գրեթե բոլորն են ճանաչում: Ոչ ոք չգիտի, թե Ավագյանը որտեղից է կուտակել իր հարստությունը: Սակայն ըստ բնակիչների՝ նա բոլոր մարաշցիներին, որոնք պարտքեր ունեն այս կամ այն խանութին ու չեն կարողանում մարել, օգնում է: Բնակիչներից մեկը նույնիսկ պատմեց, որ մի անգամ նա մտել է Մարաշի խանութներից մեկը եւ մարել բոլորի պարտքը:
Պարզեցինք նաեւ, որ Սարգիս եւ Հայկ Հայրապետյանների բնակարանը մոտ է գործարարի առանձնատանը, եւ ըստ էության եղբայրները տեսնելով, թե Ավագյանը շատ գումար ունի եւ կարող է փրկել իրենց, փորձել են սպառնալիքով նրանից գումար շորթել:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԲԵՄԱԿԱՆԱՑՎԱԾ Է
Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը հայտարարել է, թե նախօրեին ադրբեջանական սահմանը հատած պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի հանձնվելու եւ ցուցմունք տալու տեսանյութերը ադրբեջանական կողմից բեմականացված են: «Սա ճնշումների արդյունքում բեմականացված նկարահանում է, հնչող խոսքերն էլ որեւէ կապ չունեն իրականության հետ: Գրիգորյանին պարտադրել են, որ էդպիսի բաներ ասի, նույնը արել են Ինջիղուլյանի հետ: Նույն մարդիկ են, նույն խումբն է, պարզ երեւում է, այսինքն՝ այդ մարդկանց ուղղակի բռնության են ենթարկում եւ փաստորեն սուֆլյորի պես մի բան է դրած այնտեղ, էդ մարդը կարդում է ինչ-որ տրաֆարետային գաղափարախոսություններ», – ասել է Բաբայանը: ԼՂ նախագահի խոսնակը նաեւ նշել է, թե հայ զինվորին այլ համազգեստ են հագցրել: «Վերեւի մասը տարբերվում է ներքեւի հատվածից, գույները եւ այլն: Երեւում է, որ արդեն ոնց որ նախկինում, հիշում եք՝ մեր իջեւանցի քաղաքացու կոշիկներն էին փոխել, հիմա էլ նրա ներքեւի մասն են փոխել: Վերեւը հայկական համազգեստ է, իսկ ներքեւինը՝ ոչ», – նշել է Բաբայանը:

 

ՏԵՂԱՇԱՐԺ ԿԱ
Ադրբեջանական վերջին դիվերսիայի հետեւանքով վիրավորված եւ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալ տեղափոխված զինծառայողների՝ Էդգար Մարտիրոսյանի եւ Սարգիս Գաբրիելյանի վիճակը կայուն է: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ` նրանց մոտ կա դրական տեղաշարժ: Հիշեցնենք, որ դիվերսիայի արդյունքում 3 զինծառայող զոհվել էր, 4-ը՝ ծանր վիրավորվել:




Լրահոս