Եվրադատարանը հերքում է Կոնգրեսին. նոր մանրամասներ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2008 թվականի մարտի 1-ի գործով դատապարտված նախկին քաղբանտարկյալ Գեւորգ Մանուկյանի եւ Հայ ազգային կոնգրեսի միջեւ հեռակա հակամարտությունը շարունակվում է: Ստրասբուրգում քաղաքական ապաստան ստացած Գեւորգ Մանուկյանն այս անգամ փաստաթուղթ է ուղարկել «Ժողովուրդ»-ի խմբագրություն, որով ապացուցում է, որ ՀԱԿ առաջնորդներն իրեն խոշտանգելու համար Եվրադատարանին դիմում-գանգատ չեն ուղարկել, խաբել են:

Հիշեցնենք՝ Գեւորգ Մանուկյանը մեզ հայտնել էր, որ. «Երբ մարտի 1-ի գործով կալանքիցս ազատվեցի, իմ հանրային փաստաբան Ինեսա Պետրոսյանն արդեն իմ քրեական գործը բողոքարկել էր Եվրոդատարանում, եւ ինձ ասաց, որ Եվրոդատարանը սպասում է իմ հիմնական գործին: Ինքը, ցավոք, այլեւս ինձ չէր կարող օգնել, արդեն ուրիշ փաստաբան պետք է գրեր, որ ինձ խոշտանգել են, բանտում ծեծել են, աջ աչքս կուրացել է եւ այլն:

Այդ հարցով ես գնացի ՀԱԿ գրասենյակ եւ դիմեցի Գագիկ Ջհանգիրյանին: Նա ինձ ասաց, որ ուզում է Ինեսայի հետ հանդիպել: Ես կազմակերպեցի այդ հանդիպումը: Կողմերն իրար հետ փոխհամաձայնության չգալուց հետո Ինեսան ինձ վերադարձրեց իմ քրեական գործի նյութերը, եւ այդ ժամանակ Գագիկ Ջհանգիրյանն ինձ խոստացավ, որ կօգնի եվրոդատարանում բողոքարկել իմ գործը: Ես այդ բոլոր նյութերը տրամադրեցի Ջհանգիրյանին: Երկու օր անց եկա ՀԱԿ գրասենյակ, որպեսզի հետաքրքրվեմ, թե ինչ փուլում են իմ գործերը, ինձ մոտեցավ ՀԱԿ-ի իրավական հարցերով պատասխանատու Գագիկ Ջհանգիրյանի օգնականներից Արմեն Խաչատրյան անունով մեկը եւ ասաց, որ Ջհանգիրյանն ասում է՝ ազատ փաստաբան չկա, եւ ձեր բողոքն ուղարկելու համար դու պիտի վճարես 500 դոլար»,- պատմեց Գեւորգ Մանուկյանը:

Այդ ժամանակ նախկին քաղբանտարկյալ Գեւորգ Մանուկյանը Արմեն Խաչատրյանին ասել է, որ այդքան գումար չունի: Սակայն ՀԱԿ-ում որեւէ մեկին չի հետաքրքրել այդ փաստը: «Չունես, քո պրոբլեմն է»,- պատասխանել են Գեւորգին: Վերջինս էլ որոշել է իրավիճակի մասին տեղյակ պահել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի տնտեսական-քաղաքական գծով առաջին տեղակալ Դանիել Հասթինգսի հետ. «Երբ որ ես կալանավայրում էի, Դանիել Հասթինգսը այցելել էր ինձ եւ թողել իր այցեքարտը: Ես էլ որոշեցի զանգահարել նրան, հանդիպում խնդրել: Հանդիպումը կայացավ»:

Պարզվում է՝ ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչի հետ հանդիպումից հետո Գագիկ Ջհանգիրյանը սկսել է հետաքրքրվել Գեւորգի գործով: Ըստ նախկին քաղբանտարկյալի. «Հանդիպման հաջորդ օրը ինձ զանգահարեց Ջհանգիրյանը եւ հրավիրեց ՀԱԿ գրասենյակ, այնտեղ էր նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի քրոջ որդի Առաքել Սեմիրջյանը: Նշեմ, որ ես շատ հարգում եմ իրեն:

Առաքելն այդ ժամանակ ինձ հարցրեց, թե ի՞նչ եղավ, Եվրոդատարանի բողոքն ուղարկեցի՞ք: Ես պատմեցի ողջ եղելությունը, եւ նա ասաց, թե Գեւորգ ջան, պրոբլեմ չունես, ես կօգնեմ քեզ, կտամ այդ գումարը: Այդ օրը նաեւ ես հանդիպեցի Գագիկ Ջհանգիրյանի հետ, եւ նա նեղացած տոնով ասաց, թե ես քեզ չասացի՝ կօգնեմ, ինչո՞ւ ես գնացել ԱՄՆ դեսպանի օգնականի մոտ: Անկեղծ ասած, ես այդ ժամանակ չէի գիտակցում՝ այդ ինչ խաղեր են իմ դեմ խաղում, իսկ հիմա արդեն ամեն ինչ պարզ է ինձ համար: Ես Լեւոն Զուրաբյանին մի քանի անգամ մոտեցել եմ այս հարցով, նա անընդհատ ինձ «ցրում էր», թե կճշտեմ, կասեմ:

Անընդհատ հարցնում էի՝ ուղարկվե՞լ է իմ բողոքը եվրադատարան. չէ՞ որ այդ գումարը՝ 500 դոլարը, ես տվել եմ, անընդհատ ասում էին՝ այո: Բայց խաբում էին: Հիմա դուք ինձ ասեք, ես իմանամ՝ այդ ամենի պատասխանատուն Լեւոն Զուրաբյանն ու Գագիկ Ջհանգիրյանն ե՞ն, թե՞ Գալուստ Սահակյանն ու Արմեն Աշոտյանը, իսկ միգուցե Պուտինն ու Սերժն ե՞ն: Այն մարդիկ, ում հետ ես ճանապարհ եմ անցել, պայքարել եմ, այսօր իմ անկեղծությունը կասկածի տակ են դնում: Դրանց ուզում եմ միագամից ասեմ` ես ափսոսում եմ, որ ձեզ հարգել եմ»:

Հիշեցնենք, որ Արմեն Խաչատրյանը, խոսելով Գեւորգի այս պատմության մասին, ՀԱԿ-ի կայքերից մեկում ասել էր. «Գեւորգ Մանուկյանը աչքի է ընկել ցածր մարդկային եւ բարոյական որակներով, այնուամենայնիվ, Կոնգրեսը համարել է, որ ցուցաբերվող օժանդակությունը պետք է հասանելի լինի բոլորին՝ անկախ նրանց մարդկային որակներից, եւ Մանուկյանն ու նրա ընտանիքը հավասար հիմունքներով շարունակել են ստանալ ինչպես իրավաբանական, այնպես էլ նյութական օգնություն»:

Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ Եվրադատարանի դիմումին, ապա Արմեն Խաչատրյանը տեղեկացրել էր. «Կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնի պատվերով գանգատը գրվել է փաստաբան Գիվի Հովհաննիսյանի կողմից, եւ ես՝ Արմեն Խաչատրյանս, անձամբ դրա պատճենը ձայնաերիզային կրիչով տրամադրել եմ Գեւորգ Մանուկյանին, իսկ բնօրինակը ուղարկել ՄԻԵԴ»:

Սակայն Գեւորգի ուղարկած գրությունը (լուսանկարում) հակառակի մասին է փաստում. Եվրադատարանից Գեւորգ Մանուկյանին հայտնել են. «Դուք չեք ներկայացրել պատշաճ կարգով լրացված դիմումի ձեւաթուղթը Քարտուղարության առաջին նամակի ամսաթվից 6 ամսվա ընթացքում: Ձեր գանգատները համարվել են հետ կանչված, իսկ Ձեր դիմումի հիման վրա բացված գործը ոչնչացվել է (ինչպես նշվել է քարտուղարության առաջին հաղորդագրության մեջ)»:

«Ժողովուրդ»-ը զրուցեց Արմեն Խաչատրյանի հետ՝ հասկանալու՝ ի վերջո, 500 դոլար վարձատրության դիմաց գրվե՞լ է Գեւորգ Մանուկյանի դիմումը, թե՞ ոչ, քանի որ ՄԻԵԴ-ից Գեւորգին պատասխանել են, որ գանգատը չի ուղարկվել: Խաչատրյանին փոխանցեցինք նաեւ ՄԻԵԴ-ից ուղարկված գրությունները, ով խոստացավ ուսումնասիրել մեզ ուղարկված փաստաթղթերի պատճեները եւ տալ մանրամասն պարզաբանում իրավիճակի շուրջ: Կսպասենք:

Քնար Մանուկյան

5-i verev

 

 

11084413_399900696858860_449764431_n

11084437_399900793525517_371821720_n 11084592_399900906858839_1099122962_n

 




Լրահոս