ԵՏՄ-ին չանդամակցելու դեպքում Ռուսաստանը փոքրիկ Հայաստանին պարզապես «կսատկացներ». խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը նախօրեին «Ռոսիա 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանին հուզող հիմնախնդիրներին` սկսած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ սպասվելիք միջոցառումներից, ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացից, ավարտած ՀՀ-ի տնտեսական խնդիրներով եւ ԵՏՄ-ում սպասվող հեռանկարներով:

Այս շարքում ամենաուշագրավը, սակայն, Սերժ Սարգսյանի անդրադարձն է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, որն ըստ նրա՝ Հայաստանի համար բացում է լավ հեռանկարներ. «Հակառակ դեպքում Հայաստանը չէր անդամակցի այդ միությանը»,- վստահեցրել է Սարգսյանը` կրկին ընդգծելով, որ ԵՏՄ-ին անդամակցելով՝ «մենք դառնում ենք 170-միլիոնանոց շուկայի մասնակից, իսկ փոքր Հայաստանի համար դա շատ լավ նվաճում է»: Իհարկե, բավականին զավեշտալի են Ս. Սարգսյանի ճիգերը` ռուս լսարանին համոզելու, թե իբր Հայաստանը ընտրություն ուներ եւ կարող էր չանդամակցել ԵՏՄ-ին: Թեեւ Ս. Սարգսյանը նաեւ անկեղծորեն խոստովանում է. «Ցանկացած այլ հանգամանքներում այն դժվարությունները, որոնք այսօր առկա են, կլինեին շատ ավելի»: Պարզ է, որ դիվանագիտական լեզվից թարգմանելու դեպքում պետք է հասկանալ, որ ԵՏՄ-ին չանդամակցելու դեպքում Ռուսաստանը փոքրիկ Հայաստանին պարզապես «կսատկացներ» (սա, ի դեպ, Սարգսյանի երբեմնի սիրած բառն է, որը նա կիրառում էր ընդդիմության հասցեին), մինչդեռ հիմա պրծնում ենք ընդամենը տնտեսական երկարաժամկետ ճգնաժամով:

Ս. Սարգսյանը նաեւ հայտարարում է. «ԵՏՄ-ի գործունեությունը հիմնված է թափանցիկ սկզբունքների եւ կողմերի ինքնիշխանության նկատմամբ փոխադարձ հարգանքի վրա»: Ինչ խոսք, այստեղ էլ է նա բավականին անկեղծ, ի վերջո, Աստանայում կայացած հանդիպմանը ԵՏՄ 3 անդամ երկրների ղեկավարները ՀՀ-ի նկատմամբ արհամարհանքը դրսեւորեցին բավականին թափանցիկ կերպով, իսկ մեր երկրի ինքնիշխանության նկատմամբ հարգանքը ի ցույց է դրվում հենց այս օրերին Մոսկվա հրավիրված ՀՀ արտգործնախարարի գործունեությունը համակարգելու մասին ռուսական կողմի անթաքույց հայտարարությամբ:

Հայկական արտաքին քաղաքականության` ՌԴ-ի կողմից համակարգմանն անդրադարձել է նաեւ Ս. Սարգսյանը` շեշտելով, որ Հայաստանը միշտ էլ աջակցել է Ռուսաստանին միջազգային հարցերում: «Համենայնդեպս, մինչ օրս որեւէ մեկը չի կարող օրինակ բերել, երբ մենք ձգտել ենք խուսափել մեր ուղղակի պարտավորությունների կատարումից»,- արդարացել է նա` հավանաբար ՌԴ-ի պատվիրակությանը ԵԽԽՎ-ում ձայնից զրկելու հարցով ՀՀ-ի պատվիրակության վերջին սկանդալային քվեարկության հետ կապված` միեւնույն ժամանակ այդպես էլ համարձակություն չունենալով Ռուսաստանին հիշեցնել իր պարտավորությունների մասին, այդ թվում եւ դաշնակից պետության անվտանգության դեմ քայլեր չկատարելու եւ Ադրբեջանին զենք չվաճառելու մասով:




Լրահոս