Օրեր առաջ քրեական իրադարձություններին լավատեղյակ Սերգեյ Գալոյանը լրագրողների հետ հանդիպմանն ընդգծել է, թե ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հայրը` Ռոբերտ Քարդաշյանը, Հայաստանի համար ավելի շատ բան է արել, քան դուստրը: Ավելին, Սերգեյ Գալոյանը նշել է, թե Ռոբերտ Քարդաշյանի նամակ-խնդրանքը Հայաստանում երկու անգամ մերժվել է:
Armlur.am-ի հետ զրույցում Ս. Գալոյանը պարզաբանեց, որ Ռոբերտ Քարդաշյանը ԽՍՀՄ տարիներին երկու անգամ թույտվություն է խնդրել Հայաստան գալու համար, սակայն մերժում է ստացել:
Մեր զրուցակիցն անգամ Ռ. Քարդաշյանին համեմատեց հայազգի «օրենքով գող» Արմեն Ղազարյանի (Պզո) հետ` ասելով, թե վերջինիս ևս արգելում են Հայաստան գալ, քանի որ նա կշիռ ունի և հանցագործ աշխարհի ներկայացուցիչ է: Մեր դիտարկմանը, թե Ռոբերտ Քարդաշյանը հայտնի փաստաբան է եղել, ի՞նչ կապ կարող էր ունենալ հանցագործ աշխարհի հետ, Սերգեյ Գալոյանը պատասխանեց. «Համեմատությունը պետք է նայել միայն երկիր գալու թույլտվություն չստանալու տեսանկյունից»:
Ինչով է հայտնի Ռոբերտ Քարդաշյանը
Նա ամերիկահայ փաստաբան էր, ով ճանաչում է ձեռք բերել հայտնի ֆուտբոլիստ Օ. Ջեյ Սիմփսոնի գործը հաղթելուց հետո։
Ռոբերտ Քարդաշյանը ծնվել է Լոս Անջելեսում հայ ձեռնարկատերի ընտանիքում։ Նրա ընտանիքը զբաղվում էր մսապահածոների բիզնեսով, սակայն Ռ. Քարդաշյանը նախընտրել է իրավաբանությունը և 1967 թվականին Սան Դիեգոյի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում ստացել է իրավաբանության դոկտորի աստիճան։ Մասնագիտությամբ աշխատել է մոտ 10 տարի, իսկ հետո սկսել զբաղվել բիզնեսով։ Փաստաբանական գործին վերադարձել է միայն 1995-ին՝ ամերիկյան ֆուտբոլիստ Օ Ջեյ Սիմփսոնի գործի սկսումով։
Նշված գործի տվյալների համաձայն` Նիկոլ Սիմփսոնը և նրա սիրեկան Ռոնալդ Գոլդմանը սպանվել էին: Այս գործին ներգրավվել էր հայազգի փաստաբանը: Նիկոլ Սիմփսոնի ամուսինը` Ջեյ Սիմփսոնը, ով կասկածվում էր սպանությունների մեջ, թաքնվում էր Ռոբերտ Քարդաշյանի տանը: Սպանություններից հետո ոստիկանությունը Ռոբերտին նկատել էր Ջեյ Սիմփսոնի պայուսակով, և դա դատախազին թույլ էր տվել ենթադրել, որ Քարդաշյանը Ջեյի հանցակիցն է, քանի որ պայուսակում, հնարավոր է, Ջեյի մեղքը ապացուցող հանցանշաններ եղած լինեին: Սակայն դատարանն այդպես էլ չկարողացավ ապացուցել այդ վարկածը:
Ռոբերտ Քարդաշյանն այս գործով որոշեց իր վաղեմի ընկեր Ջեյ Սիմփսոնի փաստաբանը դառնալ: Չնայած այն հանգամանքին, որ Ռոբերտի փաստաբանական արտոնագրի ժամկետն անցել էր, նա կարողացավ լուծել այդ խնդիրը, և աղմկահարույց գործով դարձավ Ջեյ Սիմփսոնի դատապաշտպանը:
Ռոբերտ Քարդաշյանը մահացել է 2003թ. սեպտեմբերի 30-ին քաղցկեղից: Այդ օրը նրա մասին հոդված տպագրվեց The New-York Times-ում, իսկ հոկտեմբերի 6-ին նրա մասին գրեց բրիտանական Guardian-ը:
Ովքեր են Քարդաշյանները
Քարդաշյանները սերում են Արևելյան Թուրքիայում գտնվող Քարաքալե գյուղից, որը շատ մոտ է Հայաստանի ներկայիս սահմանին և ժամանակին էթնիկ հայկական գյուղ է եղել: Քարաքալեի զարգացվածության մակարդակը ցածր է, բնակիչներն անբարեկեցիկ պայմաններում են ապրում: Նրանք չեն ճանաչում անգամ Քիմ Քարդաշյանին, երբեք չեն լսել իրենց համագյուղացու մասին:
Քիմի նախապապը ցեղասպանության տարիներին կարողացել է Կալիֆոռնիա գաղթել, հաստատվել օտար երկրում և նույնիսկ բիզնես սկսել:
«Քիմ Քարդաշյանի նախնիները Հայոց ցեղասպանության զոհ դառնալուց փրկվել են հրաշքով՝ շնորհիվ մի պայծառատեսի, ով նախազգուշացրել է նրանց, որ շուտով ծանր ժամանակներ են գալու և պատերազմ է սկսվելու, և խորհուրդ է տվել նրանց մեկնել Ամերիկա՝ այդ ամենից խուսափելու համար: Եվ այդպես էլ եղել է. պատերազմ է սկսվել, սակայն Քարդաշյանները կարողացել են փրկվել Առաջին համաշխարհային պատերազմի՝ 1914-18թթ. ողբերգական իրադարձություններից, քանի որ լքել էն Կարսի շրջանի Քարաքալե գյուղը և գերմանական նավահանգստով մեկնել Ամերիկա:
Այն ժամանակ նրանց դեռևս անվանում էին ռուսական ոճով՝ Քարդաշովներ՝ տարածաշրջանում Ռուսաստանի գերակայության պատճառով: Այդպիսով` Քարդաշովները փրկվել են նաև մեկ այլ ոճրագործությունից՝ 1915թ. սկսված Հայոց ցեղասպանությունից, որին 2 տարի անց՝ 1917թ. արդեն հաջորդեց Հոկտեմբերյան հեղափոխությունը:
Քիմ Քարդաշյանի ընտանիքին իրենց բնակավայրը լքելու հարցում օգնել է Ռուսաստանի վերջին կայսր Նիկոլայ II-ը: Քարդաշյանների ընտանիքը նամակ է գրել ցարին՝ պատմելով գյուղում կրոնական հողի վրա կրած իրենց հալածանքների մասին, և վերջինը տվել է իր թույլտվությունը. Քարդաշյանների նախնիները հարել են մոլոկան աղանդին: Այդ մասին հետագայում պատմել է Քարաքալեից Քարդաշյանների ընտանիքի հետ գաղթած մեկ այլ ընտանիքի ժառանգ: