Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ լրագրող Արմենակ Դավթյանը երեկ երեկոյան ձերբակալվել է խարդախություն կատարելու կասկածանքով: Քննչական կոմիտեից Armlur.am-ին հայտնեցին, որ Ա. Դավթյանի ձերբակալությունը որևէ կապ չունի նրա լրագրողական գործունեության հետ: Նրա դեմ բողոք է ներկայացրել մի քաղաքացի, ում փոխանցմամբ դեռևս 2011 թվականին Ա. Դավթյանը մոտ 23 մլն դրամ գումար է վերցրել իրենից և չի վերադարձրել:
Այսպես, մեզ հայտնի դարձավ, որ նույն քաղաքացին հայտնել է, որ առաջին անգամ Արմենակ Դավթյանն իրենից վերցրել է 18 մլն դրամ` խոստանալով ինչ-որ ծրագիր իրականացնել: Հենց այս գումարի մասով էլ հարուցվել է քրեական գործը: Մյուս 5 մլն-ը Ա. Դավթյանը քաղաքացուց պարտքով է վերցրել`խոստանալով մարել նախապես պայմանավորված ժամկետներում, սակայն մինչ օրս չի վերադարձրել: Այս մասով վարույթն իրականացնող մարմինը հանցակազմ չի տեսել:
Այդպիսով, մի քանի դրվագներով Դավթյանը տուժող ճանաչված քաղաքացուց գումար է վերցրել և չի վերադարձրել:
Նշենք, որ քաղաքացին բողոք է ներկայացրել այս տարվա փետրվար ամսին, ինչի հիման վրա քննություն է կատարվել: Ապրիլի 4-ին Արմենակ Դավթյանին ձերբակալելու որոշում է կայացվել: Եվ երեկ երեկոյան նա ձերբակալվել է:
Արմենակ Դավթյանը պաշտպան ունենալու ցանկություն է հայտնել, և նրա հարցաքննությունը դեռևս չի կայացել` փաստաբան չունենալու պատճառով: Ուստի` կասկածյալի դիրքորոշումը պարզել չհաջողվեց: Armlur.am-ի տեղեկություններով, լրագրող Ա. Դավթյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը: Նա ձերբակալվել է Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում (խարդախություն, պատժվում է ազատազրկմամբ` 2-6 տարի ժամկետով տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով կամ առանց դրա):
Հավելենք, որ Արմենակ Դավթյանը վերջերս աշխատել է Արթուր Հարությունյանի (Պալաչ) «Աբովյան TV»` որպես լրատվական բաժնի պատասխանատու: Արթուր Հարությունյանը, սակայն, վստահեցրեց, թե Արմենակ Դավթյանը հեռուստաընկերության աշխատակիցը չէ. նա այնտեղ փորձաշրջան էր անցնում: