Արթուր Հարությունյանը` լրագրող Արմենակ Դավթյանի ձերբակալության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր վաղ առավոտից համացանցում լուրեր են շրջանառվում, թե լրագրող Արմենակ Դավթյանն անհետացել է: Նրա ընկերների փոխանցմամբ` Արմենակը գնացել էր իր ծննդավայր` Կապան, իսկ ավելի ուշ պարզ է դարձել, որ նա անհետացել է: Քիչ առաջ, սակայն, հայտնի դարձավ, որ Արմենակ Դավթյանը ոչ թե անհետացել, այլ ձերբակալվել է: Ոստիկանությունից Armlur.am-ին հայտնեցին, որ այս պահին լրագրողը գտնվում է Կապանի ՁՊՎ-ում:

Նա ձերբակալվել է Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում (խարդախություն):

Քննչական կոմիտեից տեղեկացանք, որ ապրիլի 4-ին կայացված է եղել նրան ձերբակալելու որոշում: Երեկ երեկոյան Արմենակ Դավթյանը ձերբակալվել է, ինչի մասին սահմանված կարգով տեղեկացվել են նրա հարազատները: Արմենակ Դավթյանը ցանկություն է հայտնել փաստաբան ունենալ, ուստի` Քննչական կոմիտեից վստահեցնում են, որ հարցաքննությունը տեղի կունենա փաստաբանի ներկայությամբ:

armtimes.com-ի տեղեկություններով` խոսքը 23 միլիոն դրամի մասին է: Դավթյանը նշված գումարը քաղաքացուց վերցրած է եղել 2011 թվականին:

Նշենք, որ Արմենակ Դավթյանը հանդիսանում է «Աբովյան» հեռուստաընկերության լրատվական բաժնի պատասխանատուն: Լրագրողի ձերբակալության թեմայի շուրջ Armlur.am-ը զրուցեց «Աբովյան» ՀԸ հիմնական բաժնետեր Արթուր Հարությունյանի (Պալաչ) հետ` իմանալու համար` ինչ է իրեն հայտնի կատարվածի մասին, և արդյոք իր աշխատակիցը կարող էր քաղաքացուց խաբեության միջոցով նման չափի գումար վերցնել: Արթուր Հարությունյանը մեզ վստահեցրեց, որ եթե ինքը իմանար, որ Արմենակը նման պատմության մեջ է ընկել, կփորձեր օգնել նրան և դուրս հանել այդ վիճակից:

Ավելին, մեր զրուցակցի խոսքով` Ա. Դավթյանը հեռուստաընկերության աշխատակից չէր, նա փորձաշրջան էր անցնում. «Կատարվածը հեռուստաընկերության հետ որևէ կապ չունի: Արմենակը մեզ մոտ փորձաշրջան էր անցնում, խորհուրդ էր տալիս: Մի քանի օրից ես նրան պետք է ձևակերպեի որպես հիմնական աշխատող: Թե ինչ խարդախության մասին է խոսքը, չգիտեմ և պատկերացում էլ չունեմ: Եթե ես իմանայի` Արմենը նման խնդիրներ ունի, կօգնեի, այսօր այդ վիճակին չէր հասնի: Ես նեղվում եմ, որ ովքեր իմացել են դրա մասին, գոնե իրենք ինձ չեն ասել, Արմենին կկանչեի մոտս, կօգնեի նրան: Խելոք, աշխատող տղա է: Ինչո՞ւ նման իրավիճակի մեջ պետք է ընկներ»,- եզրափակեց Ա. Հարությունյանը:

215886_102226603197579_640358_n




Լրահոս