«2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով այս տարի մշակույթի ոլորտին հատկացվել է` «Մշակութային ծառայություններ»` 15 միլիարդ 539 միլիոն 777 հազար դրամ, որից «Հուշարձանների ամրակայում, նորոգում եւ վերականգնում» ծրագրով` 300 միլիոն դրամ (21 հուշարձանի համար). այն կազմում է մշակույթի ոլորտի ընդհանուր բյուջեի 1.9 %-ը: Բացի այն, որ սա հուշարձանների պահպանության գործի համար չնչին մի գումար է, դեռեւս պարզ չէ` դա իր նպատակին ծառայելու է, թե ոչ:
Եթե ուսումնասիրելու լինենք այն հուշարձանների ցանկը, որոնք ամրակայվելու, նորոգվելու եւ վերականգնվելու են 2015-ի համապատասխան ծրագրով, դրանց թվում կտեսնենք, օրինակ, Քոբայրավանքը, որի վերականգնողական աշխատանքների հետ կապված Վերահսկիչ պալատը դեռեւս 2007-2008 թթ. ստուգումների ընթացքում կոպտագույն խախտումներ էր հայտնաբերել: Մասնավորապես, 321 միլիոն դրամ էր հատկացվել այն ընկերությանը, որը պետք է զբաղվեր Քոբայրավանքի ու Հնեավանքի վերականգնողական աշխատանքներով, սակայն արդյունքում հայտնաբերվել էր 57 միլիոն դրամի փաստաթղթերով ուղղակի չհիմնավորված ծախս, կատարված աշխատանքն էլ անարդյունավետ էր գնահատվել:
ՀՀ Լոռու մարզի Քոբայրավանք համալիրի վերականգնման եւ ամրակայման աշխատանքների համար 2014-ի պետական բյուջեից եւս հատկացվել է 17 միլիոն դրամ, եւ հետաքրքիր է, որ դեռ 2015-ին էլ նախատեսված է տրամադրել 18 միլիոն դրամ: Բանից պարզվում է, որ տարիներ շարունակ հուշարձանի վերականգնման համար տրվում են գումարներ, որոնք կամ չեն ծառայում իրենց հիմնական նպատակին եւ գրպանվում են, կամ էլ չեն բավականացնում: Եվ այսքանիզ հետո էլ դեռ վերականգնման աշխատանքները ոչ արդյունավետ են եւ կատարվում են խայտառակ վատ որակով:
«Հայաստանում հուշարձանների վերականգնման աշխատանքերով զբաղվում են ոչ մասնագիտացած ընկերություններ, որոնք ընտրվում են ծանոթ-բարեկամի միջոցով: Շենք-շինություն կառուցող կազմակերպությունը շահում է նաեւ հուշարձան վերականգնելու մրցույթը, որը կատարելապես սխալ է: Նույն Քոբայրավանքի վերականգնման համար, եթե չեմ սխալվում, սրբատաշ քար է կիրառվել, ինչն անթույլատրելի է: Պարզապես այդ քարը բերում են իրենց ծանոթների քարհանքից, ինչը ձեռնտու է իրենց»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց հայագետ, պատմաբան Արգամ Այվազյանը:
Մեկ այլ հուշարձանի` ՀՀ Տավուշի մարզի Գոշ գյուղի Գոշավանք համալիրի Մխիթար Գոշի դամբարանի վերականգնման եւ ամրակայման աշխատանքների համար 2014-ին հատկացվել է 6 միլիոն 500 հազար դրամ, եւ դեռ 2015-ին էլ նախատեսված է հատկացնել 8 միլիոն դրամ: Իսկ, ահա, ՀՀ Կոտայքի մարզի Կամարիս համայնքի Սբ.Հովհաննես եկեղեցու վերականգնման եւ ամրակայման համար 2014-ի ծրագրով տրամադրվել է 20 միլիոն 500 հազար դրամ եւ դեռ 2015-ին էլ եկեղեցու վերականգնման եւ տարածքի բարեկարգման համար նախատեսված է հատկացնել 13 միլիոն 500 հազար դրամ, որում ներառված են վերականգնման աշխատանքների եւ դրանց որակի տեխնիկական եւ հեղինակային հսկողությունների համար հատկացված գումարները:
Այս պարագայում հարց է ծագում` ո՞ւր են գնում հատկապես այս վերջին նպատակով հատկացված գումարները, եթե որոշ հուշարձանների վերականգնումն ու ամրակայումը տարիներ շարունակ հետաձգվում են, կամ գրանցվում է անարդյունավետ աշխատանք, եւ դեռ էլի գումարներ են հատկացվում` ներառյալ տեխնիկական եւ հեղինակային հսկողության համար:
«Տեխնիկական եւ հեղինակային վերահսկողությամբ զբաղվող ընկերությունները դարձյալ ենթարկվում են մշակույթի նախարարությանը եւ ձեւական բնույթ են կրում: Երբեք հաշվի չեն առնվում վերականգնող, նախագծող ճարտարապետների դիտողությունները, ի՞նչ վերահսկողության մասին է խոսքը»,- մեզ հետ զրույցում վրդովված նկատեց Ա. Այվազյանը:
Ընդ որում, եթե հուշարձանների վերականգնման եւ ամրակայման աշխատանքների համար նախատեսված գումարից հանում ենք տեխնիկական եւ հեղինակային հսկողություն իրականացնող ՍՊԸ-ներին տրամադրվող գումարները, վերջում բուն նպատակի համար մնում է չնչին մի գումար, ուստի պարզ չէ` ինչպես տնօրինել եւ որ մի ուղղությամբ ծախսել ընդհանուր գումարը:
Փաստ է, որ վերոնշյալ խնդիրները լուծելու համար ՀՀ մշակույթի նախարարությունը մինչ օրս կառուցողական քայլերի չի դիմել, դե, իսկ հուշարձանների պահպանությամբ զբաղվող կառույցն էլ, որ գործում է մշակույթի նախարարության ենթակայության ներքո, ինչպես Ա. Այվազյանն է նկատում՝ «վերջին տասը տարիների ընթացքում չի կարողացել շտկել իր փլուզված մեջքը»:
Աննա Բաբաջանյան