ԼԵԶՎԻ ՍԱՅԹԱՔՈՒՄՆ ԵՆ «ՄՈՒԹ ՈՒԺԵՐԸ» ԴԱՎԱԴՐԱԲԱՐ ՍԱՐՔՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանի` անցած ուրբաթ տեղի ունեցած մամուլի ասուլիսը դարձել է վերջին երեք օրերի քննարկման հիմնական թեման: Բոլորը ծաղրում էին, որ փոխոստիկանապետ գնդապետն ասուլիսի ընթացքում մի քանի կոպիտ սխալներ թույլ տվեց՝ «…առավոտյան ժամը 20.00», «քաղաքացիների մուտքը Եղեռնի հուշահամալիր կսկսվի ժամը 13:000-ից» կամ «System of a Down» աշխարհահռչակ ռոք խմբի անունը սխալ կարդաց՝ ասելով «Սիստեմ օն դաուն» (գոնե սովորեր խմբի անունը, ամոթ էր), երբեմն էլ նա մի տեսակ մոռանում էր, թե ինչ պետք է ասեր եւ դժվարությամբ էր կարդում իր առջեւ դրված թղթերը: Իհարկե, բոլորն էլ շփոթվելու իրավունք ունեն, այդ թվում եւ գնդապետը, որը գուցե հոգնած է եղել: Բայց փոխանակ այսքանից հետո ներողություն խնդրեր, որ մեր ժողովրդի ու երկրի համար ամենակարեւոր իրադարձության առիթով կազմակերպված միջոցառումների ցանկը չի կարողացել մարդկային լեզվով մատուցել, «դասը վատ սերտած աշակերտի» պես էր իրեն պահում, փոխոստիկանապետը երեկ դիմադրում էր՝ չընդունելով խայտառակությունը: «Ես չեմ շփոթվել, նայեք ասուլիսը, մի՛ նայեք մոնտաժված տարբերակը»,- Yerkir.am-ի հետ զրույցում կրկին մեխանիկորեն ասել է Սամվել Հովհաննիսյանը: Իսկ ոստիկանության պարզաբանումը դուրս էր երեւակայության սահմաններից: Նրանք այդտեղ էլ տեսան ինչ-որ դավադիրների ձեռագիրը: Մինչդեռ ամեն ինչում դավադրություն տեսնելը հայտնի հիվանդության ախտանիշ է, եւ այս տեսանկյունից իրավիճակը հաստատ մտահոգիչ է. Սամվել Հովհաննիսյանը գուցե «առավոտյան 20:00-ին» դիմի մոտակա հիվանդանո՞ց:

 

 

 
Ապրիլի 24-ին ԵՏՄ երկրների նախագահներից Երեւան կգա միայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանում այս օրը ընտրություններ են, իսկ Բելառուսի նախագահը պաշտոնական այցով կլինի հարեւան Վրաստանում: ՀՀ իշխանությունները եւ նախկին այլընտրանքները սիրում էին գլուխ գովել «Բատկայի» հետ իրենց ջերմ հարաբերությունների մասին: 2013-ի մայիսին Գագիկ Ծառուկյանն Աբովյանի իր կառուցած Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման արարողությունը «զարդարելու» համար Լուկաշենկոյին էր Հայաստան բերել: ԲՀԿ նախկին առաջնորդի խոսնակ Իվետա Տոնոյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել՝ արդյո՞ք Ծառուկյանը փորձել է Լուկաշենկոյին անձամբ հրավիրել Երեւան: «Պարոն Ծառուկյանն, իհարկե, տեղյակ է, որ պարոն Լուկաշենկոն առաջիկա օրերին լինելու է Վրաստանում, եւ անկախ նրանց մեջ եղած ընկերական, բարեկամական, դրական ու ջերմ հարաբերություններից, պարոն Ծառուկյանը կարծում է, որ նման հարցերում կանոնակարգվում են պետական արարողակարգով, եւ նա չի պատրաստվում որեւէ մասնակցություն ունենալ այդ հարցում»,- ասաց խոսնակը:

 

 

 
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Աբովյանի քաղաքապետի ընտրություններն ամենայն հավանականությամբ տեղի կունենան հունիսի 7-ին: ՀՀ Կառավարությունը նախատեսում է վաղը կայանալիք նիստում որոշում կայացնել Աբովյանի՝ այլեւս նախկին քաղաքապետի՝ Կարապետ Գուլոյանի լիազորությունների դադարած լինելու եւ քառասունօրյա ժամկետում արտահերթ ընտրություններ նշանակելու մասին: ՀՀ օրենսդրության, ինչպես նաեւ՝ ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջների պահպանման պայմաններում, ստացվում է, որ Աբովյանի քաղաքապետի ընտրությունները պետք է նշանակվեն հունիսի 7-ին: Հիշեցնենք, որ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում առաջադրվելու պատրաստակամության մասին են հայտարարել ԲՀԿ նախկին առաջնորդ Գ. Ծառուկյանի օգնական Վահագն Գեւորգյանը, գործարար Արթուր Հարությունյանը՝ Պալաչը: Վերջինս Ծառուկյանի սանիկն է, բայց մի քանի տարի է՝ նրանց հարաբերությունները խիստ լարված են: Այս ընտրությունների կազմակերպման համար Կառավարությունը պետբյուջեից կհատկացնի 20 մլն 266 հազ. դրամ:

 

 

 

ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, որ վերջին 20 տարիներին միայն պետական պաշտոններ է զբաղեցրել, կարողացել է միլիոնատեր դառնալ: Նրա ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ 2014-ի վերջին մարզպետն ունեցել է 31 մլն 300 հազ. դրամ եւ 110 հազ. դոլար դրամական միջոց: Տարվա սկզբին նրա գումարները եղել են 40 մլն դրամ եւ 200 հազ. դոլար: Ու թեեւ մարզպետի եկամուտն անցած տարի կազմել է 2 մլն 583 հազ. դրամ, այնուամենայնիվ, անցած տարի նա գնել է «Toyota Land Cruiser 1004.51» մակնիշի ավտոմեքենա՝ վճարելով 7 մլն 500 հազ. դրամ: Տպավորիչ է նաեւ մարզպետի կնոջ՝ Աննա Ազատյանի ունեցվածքի հայտարարագիրը: Նա ունի 101 մլն դրամ եւ 400 հազ. եվրո: Աբովյանի դուստրը` Անուշ Աբովյանը, 2014-ին 15 մլն դրամով գնել է «Toyota Rav 42.0 Gas»: Իսկ, ահա, մարզպետի որդին` Աշոտ Աբովյանը, 2014-ին 20 մլն դրամով գնել է «Mercedes-Benz G 55 AMG»: Նկատենք, որ Աշոտ Աբովյանի տարեկան աշխատավարձը 1 մլն 320 հազար դրամ է: Հետաքրքիր է՝ որտեղի՞ց չինովնիկի ընտանիքին այսքան փող ու կարողություն:

 

 

 

 

 
ՀԱՆԳՐՎԱՆԱՅԻՆ

Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման եւ Թուրքիայի վրա միասնական միջազգային ճնշում բանեցնելու առումով շատ կարեւոր են մի քանի ազդեցիկ պետությունների դիրքորոշումները, որոնց թվում առանձնահատուկ տեղ ունի Գերմանիան, մի պետություն, որի պատմական դերակատարությունն ու հարաբերությունները Թուրքիայի հետ առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ճակատագրական նշանակություն են ունեցել հայ ժողովրդի համար:
Ավելի ուշ` արդեն երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, հայ ժողովրդի նկատմամբ իրականացված Ցեղասպանության անպատժելիությունը որպես հրեաների բնաջնջման գործընթացի հաջողության երաշխիք ներկայացնող Հիտլերի եւ երիտթուրքերի բարոյահոգեբանական եւ արժեհամակարգային կապի մասին շատ է խոսվել: Սակայն Նյուրնբերգյան դատավարությունից հետո անցած 70 տարիների ընթացքում հիտլերյան ֆաշիզմի անմարդկային համախտանիշը հաղթահարած եւ դատապարտած Գերմանիան այդպես էլ չփորձեց նույնն անել նաեւ երիտթուրքերի հարցում:
Իհարկե, Գերմանիայի խորհրդարանը դեռեւս 2005թ. հունիսի 15-ին ընդունել է Հայոց ցեղասպանության հիշատակման մասին բանաձեւ, սակայն ընդհանուր առմամբ այս հարցում Գերմանիայի վարած քաղաքականությունը մշտապես աչքի է ընկել ավելի շատ թուրքամետ, քան հայանպաստ շեշտադրումներով: Ընդ որում, մինչեւ տակավին վերջերս` Հռոմի պապի ապրիլի 12-ի հայտնի ուղերձի հաջորդ օրը, Գերմանիայի կառավարությունը խոսնակ Ք. Վիրցի շուրթերով հայտարարում էր, թե «չի ցանկանում միջամտել այս խնդրին, քանի որ սա մի հարց է, որով պետք է զբաղվեն պատմաբանները»:
Մինչդեռ երեկ արդեն հայտնի դարձավ, որ Գերմանիայի կառավարությունը հավանություն է տվել այդ երկրի խորհրդարանում ապրիլի 24-ին քննարկվելիք Օսմանյան թուրքերի կողմից 100 տարի առաջ իրագործված հայերի սպանդը հիշատակող բանաձեւին, որում կիրառվելու է ցեղասպանություն բառը: Associated Press-ի փոխանցմամբ` այդ փաստաթղթի նախագծում ասված է, որ հայերի ճակատագիրն օրինակելի է «զանգվածային ոչնչացման, էթնիկ զտման, տեղահանումների եւ ցեղասպանությունների պատմության համար»:
Պարբերականի գնահատմամբ` Գերմանիայի խորհրդարանի կողմից բանաձեւի ընդունումը երաշխավորված է թվում:
Եթե ապրիլի 24-ին Գերմանիայի խորհրդարանն ընդունի այս բանաձեւը, դա կլինի Հռոմի պապի ուղերձից հետո ամենածանր հարվածը Թուրքիային եւ կնշանակի, որ աշխարհի քաղաքական կենտրոններում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն արդեն իսկ որոշված-փակված է: Ընդ որում, անկախ Բարաք Օբամայի՝ ապրիլքսանչորսյան ուղերձից:




Լրահոս