ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՎԱՅԵԼՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2008թ. մայիսի 18-ին Երեւանում Սերժ Սարգսյանի եւ Եվրոպայի ու Եվրասիայի երկրների ԱՄՆ օգնության համակարգող Թոմ Ադամսի միջեւ 90-րոպեանոց բավականին հետաքրքիր մի հանդիպում է տեղի ունեցել: Այն արձանագրված է «Վիկիլիքսի» կողմից հրապարակված արխիվային փաստաթղթերից մեկում, որը հեղինակել է ՀՀ-ում ԱՄՆ նախկին ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փե նինգտոնը: Քննարկման հիմնական թեման Հայաստանում մարդու իրավունքներն ու ժողովրդավարական հիմնախնդիրներն են: Ամերիկացիները հանդիպման ընթացքում Սարգսյանի առաջ բարձրացրել են բավականին ցավոտ հիմնահարցեր, որոնց հետ կապված նա ակնհայտորեն չի կարողացել իրական հակափաստարկներ ներկայացնել: Հատկանշական է, որ սույն հանդիպումը Փենինգտոնը որակել է իբրեւ «հիասթափություն», քանզի Սերժ Սարգսյանը փաստացիորեն իրենից հեռացրել է պատասխանատվությունը:

Այսպես, ԱՄՆ-ից ժամանած պաշտոնյան հանդիպման սկզբում Սերժ Սարգսյանի առաջ բարձրացրել է լուծման կարոտ մի շարք հարցեր՝ փորձելով նրան հակել ժողովրդավարական բարեփոխումներ անելու անհրաժեշտության գաղափարին: Ուշագրավ է, որ իր դիտողություններում Ադամսը բավականին խիստ է գտնվել: Նա արտահայտել է իր մտահոգությունները Սարգսյանի վարչակազմի քայլերի նկատմամբ՝ դժգոհելով վերջինիս վերաբերմունքից նախագահական ընտրությունների ու մարտի 1-ի արդյունքում առաջացած ժողովրդական համատարած զայրույթի հանդեպ: Նա կարեւորել է մի շարք քայլեր, որոնք իշխանությունը պետք է իրականացներ՝ Մարտի 1-ի սպանությունների արդար հետաքննություն, ընտրախախտումների կապակցությամբ լրջագույն քրեական հետապնդումներ, քաղաքական բանտարկյալների ազատ արձակում, ընդդիմությանը ցույցերի ու սեփական մոտեցումներն ազատ արտահայտելու հնարավորության ընձեռում: Ակնհայտորեն Սերժ Սարգսյանը չի դիմացել այդքան ճշմարտություն իր դեմքին ասելու ԱՄՆ պաշտոնյայի համարձակությանը եւ հակադարձել է, որ ինքն ամենեւին չի կիսում ամերիկացիների տեսակետը՝ կապված հատկապես ընտրությունների հետ: Նա ընդունել է, որ որոշ թերություններ եղել են, սակայն պնդել է, որ դրանց պատասխանատուները դատապարտվել են, այդ թվում՝ իշխանության կողմնակիցները: Հետաքրքիր է, որ Սարգսյանի՝ զեկուցագրում արձանագրված խոսքին անմիջապես հաջորդում է Փենինգտոնի նկատառումը, որ ընտրախախտումների համար մի շարք ձերբակալություններով հանդերձ՝ դրանց բացարձակ մեծամասնությունն ընդդիմության ներկայացուցիչներ են եւ ոչ թե Սերժ Սարգսյանի կողմնակիցներ:
Իսկ քաղբանտարկյալների առնչությամբ Սարգսյանն ասել է, որ ինքը չգիտի, թե ում նկատի ունի ամերիկացի դիվանագետը: Նա հավելել է, որ ձերբակալվածները ծանր հանցանքներ են գործել, ուստի պետք է պատժվեն: Հատկանշական է, որ 2008թ. մայիսին տեղի ունեցած այս զրույցի ընթացքում դեռ ոչ մի ձերբակալվածի գործով դատաքննություն չէր սկսվել: Այսինքն՝ դատարանը դեռեւս չէր որոշել՝ ձերբակալվածներից ով է մեղավոր, եւ արդյոք պետք է պատժվի, մինչդեռ Սերժ Սարգսյանը նրանց հանդեպ արդեն իսկ կայացրել էր իր միանձնյա մեղադրական դատավճիռը: Փենինգտոնը հայտնում է, որ զրույցի ողջ ընթացքում պաշտպանվող Սարգսյանը, այդուհանդերձ, խոստովանել է, որ իր իշխանությունը չի վայելում ժողովրդի վստահությունը: Իհարկե, Սարգսյանն այդքան ազնիվ չէր լինի, եթե այդ վստահությունը չկապեր մի անհեթեթ պատճառաբանության հետ: Ըստ նրա՝ ժողովրդի վստահության բացակայության խնդիրն օրենքի կիրառությանն է վերաբերում, ինչի հանդեպ մարդիկ սխալ ընկալում ունեն. «Երբ մենք փորձում ենք հարկային համակարգը դարձնել ավելի ազնիվ, պայքարել կոռուպցիայի դեմ եւ օրենք կիրառել, մարդիկ ավելի են դժգոհում»: Նրա կարծիքով՝ Հայաստանի քաղաքացիներն ավելի են դժգոհելու, քանզի հարկային ու մաքսային ոլորտներում նախաձեռնված ռեֆորմներն արագանալու են: Ստացվում է, որ իշխանությունն այսքան ժամանակ երկիրը մատնել է կոռուպցիայի ու թշվառության՝ զերծ մնալով իրական փոփոխություններից միայն ու միայն ժողովրդի բողոքը չբորբոքելու նպատակամղումով: Սակայն մի՞թե Սերժ Սարգսյանի կողմից հարկային արդար վարչարարություն եւ մաքսային ազնիվ կարգավորումներ երբեւէ շրջանառվել են, որ ՀՀ քաղաքացիներն էլ դրանց համար դժգոհեին: Այդօրինակ բողոքը տեղի է ունենում բացառապես հարկային վարչարարության ընտրողականության շնորհիվ, երբ հարկային ծանր բեռի տակ կքում են սովորական ձեռներեցները, փոքր ու միջին բիզնեսը, մինչդեռ Սարգսյանի անմիջական շրջապատն օգտվում է անթույլատրելի արտոնություններից ու մենաշնորհներից: Վերջապես, այդ «ազնիվ» հռչակված քաղաքականության արդյունքում Սարգսյանի մերձավորները շարունակաբար հարստանում են, իսկ հասարակ քաղաքացիներն անողոքաբար հարստահարվում: Ըստ երեւույթին, հենց Սարգսյանը լավ չի ընկալում օրենքի տրամաբանությունը, որի գերագույն իմաստը բոլորի հանդեպ հավասար կիրառությունն է:
Կիսվելով հանդիպման շուրջ սեփական տպավորություններով՝ ԱՄՆ ներկայացուցիչ Փենինգտոնը այն համարում է հիասթափություն՝ կապված ժողովրդավարական բերափոխումների հարցում Սերժ Սարգսյանի անդրդվելի մոտեցման հետ: Նա արձանագրում է, որ ժողովրդավարության ու ազատությունների հարցում Սարգսյանը թվում է համառ եւ նույնիսկ փոքր ու խորհրդանշական քայլերի հարցում՝ անկարող: Դիվանագետը համոզված է, որ Սերժ Սարգսյանը կենտրոնացած է իր հակառակորդներին պատժելու վրա: Հատկանշական է, որ հեղինակը Սարգսյանին անուղղակիորեն մեղադրում է անպատասխանատու պահվածք դրսեւորելու մեջ՝ պնդելով, որ ՀՀԿ առաջնորդը Հայաստանի ողջ խնդիրների պատասխանատվությունը բարդում է միայն ընդդիմության վրա:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

ԵՎՍ ՄԻ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
«Ժողովուրդը» տեղեկացավ, որ ՀՀ բնապահպանական պետական տեսչության Տավուշի բաժնի աշխատակիցները ուսումնասիրություններ են կատարել «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ տանող ճանապարհին ապօրինի հատված 34 ծառերի, այդ տարածքում առաջացած սողանքային գոտու վերաբերյալ: Այդ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ապօրինի ծառահատումներ, իրոք, կատարվել են, եւ նշված տարածքում առկա է սողանք:
Բնապահպանական տեսչության Տավուշի բաժնից հայտնեցին, որ սողանքային երեւույթների մասնագետները կարող են ասել, թե սողանքի առաջացումը որքանով է կապված այդ ծառերի հատման, «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ տանող ճանապարհի կառուցման հետ: Իրավապահներից ստացված տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի բաժինը քրեական գործ է հարուցելու նշված ապօրինի ծառահատումների կապակցությամբ: Հիշեցնենք, որ «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի մերձակա տարածքում ապօրինի հատումները կատարվել են 2014թ. նոյեմբերին: Հայկական բնապահպանական ճակատն այդ մասին համացանցում տեսանյութ է տեղադրել, որտեղ երեւում է, որ ապօրինի ծառահատողները փայտի կտորներով ծածկել են հատված ծառերի բները, որպեսզի քողարկեն դրանք:
«Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի ճանապարհին հատված 34 ծառից 28-ը գտնվում են Իջեւանի, 6-ը՝ Սեւքարի անտառտնտեսությունների տարածքում: Այդտեղ 500 մետր երկարությամբ սողանք է առաջացել: Տվյալ տարածքում գոյություն ունի սողանքի վտանգ, ուստի ծառահատումներ չպետք է կատարվեին: Մեր տեղեկություններով՝ նշված տարածքից վերեւ գտնվող հատվածում հատվել են արջատխլենու ծառեր, որոնք գրանցված են ՀՀ Կարմիր գրքում, ուստի դրանց հատումն արգելված է: Հավելենք, որ «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ը շահագործող «Մեգաէներջի» ՍՊԸ-ի դեմ բնությանը պատճառված վնասների համար քրեական գործ է հարուցված, որի քննությունը կատարում է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի քննչական բաժինը:
Նշված քրեական գործով նշանակված են մի շարք փորձաքննություններ: 2012թ. մայիսից «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ը կառուցելու նպատակով, առանց համայնքի կողմից տրված շինթույլտվության, շինարարական աշխատանքներ են կատարվել, որոնց ժամանակ աշխատել է ծանր տեխնիկա, բազմաթիվ ծառեր հատվել են, հողի շերտի փոփոխություն է եղել:
2012թ. աշնանը Գետահովիտ համայնքի բնակիչների բողոքի արդյունքում դադարեցվեց «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի կառուցումը: 2012-ի դեկտեմբերին Գետահովտի բնակիչները դիմեցին ՀՀ գլխավոր դատախազություն՝ առանց շինարարական թույլտվության ՓՀԷԿ-ի կառուցման ժամանակ բնությանը պատճառած վնասի համար քրեական գործ հարուցելու համար: Նշենք նաեւ, որ 2013թ. հունիսի 3-ին «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի շինարարությունում աշխատող էսկավատորի վրա ժայռը փլվել էր, ինչի արդյունքում 1986թ. ծնված էքսկավատորավար Արտյոմ Խալաթյանը տեղում մահացել էր:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 
ԲՐՈՒՑԵԼՈԶԻ ԴԵՊՔԵՐԸ ՇԱՏԱՆՈՒՄ ԵՆ
Կոտայքի մարզի Սոլակ համայնքում արձանագրված բրուցելոզի հետագա տարածումը կանխելու եւ հիվանդներ վաղաժամ հայտնաբերելու նպատակով համատեղ աշխատանքներ են իրականացվել թե՛ համայնքային կառույցների, թե՛ գյուղական ամբուլատորիայի հետ:
Նշենք, որ ապրիլի 14-ին հոսպիտալացվել էր 1 հիվանդ: Համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հիվանդը շփում է ունեցել իր իսկ գյուղատնտեսական կենդանիների հետ: Բժշկական հսկողություն է սահմանվել հիվանդի տնային օջախի նկատմամբ, եւ տան բոլոր անդամների նկատմամբ կազմակերպվել են համապատասխան լաբորատոր հետազոտություններ եւ սահմանվել բժշկական հսկողություն: Կազմակերպված լաբորատոր հետազոտությունների արդյունքում կոնտակտավորների շրջանում հայտնաբերվել է եւս երկու հիվանդ, որոնք նույնպես հոսպիտալացվել են: Ապրիլի 17-ին եւ 18-ին Սոլակ համայնքի բրուցելոզի տեսակետից անապահով տնային տնտեսությունների ազգաբնակչության շրջանում իրականացվել են նմուշառումներ (37 նմուշ), որի արդյունքում հիվանդությունը լաբորատոր հաստատվել է եւս 6 անձի մոտ: Պետական պատվերի շրջանակներում կազմակերպվել է նրանց բուժումը: Հավելենք, որ Սոլակ համայնքում այժմ առկա է 9 հիվանդ, որից 7-ը հոսպիտալացված է:

 

800 ԱՆԳԱՄ ԿՐԱԿԵԼ ԵՆ
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով՝ ապրիլի 12-18-ը Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 800 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 12 հազար կրակոց:
«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը առաջնագծում եւ շարունակում վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն», – ասված է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում:

 

ՑՐՏՈՒՄ Է
Ապրիլի 21-24-ին Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, հնարավոր է նաեւ կարկուտ: 21-ի գիշերը հյուսիսային շրջաններում սպասվում են ինտենսիվ անձրեւներ: 21-24-ը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ: ՀՀ ԱԻՆ հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի պետական ծառայության հաղորդմամբ՝ օդի ջերմաստիճանը 22-24-ին աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով:




Լրահոս