ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՊՐՈՒՄ Է «ԵՏ ԳՑԱԾ» ՓՈՂԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով Հայաստանի միջազգային պահուստները կազմել են 1 միլիարդ 491 միլիոն 500 հազար դոլար: Սա Հայաստանի, այսպես կոչված, «սեւ օրվա» գումարն է: Այս տարվա փետրվարին Հայաստանի միջազգային պահուստները եղել են 1 միլիարդ 260 միլիոն 900 հազար դոլար: Այսինքն՝ մարտին Հայաստանի միջազգային պահուստներն աճել են 230 միլիոն 600 հազար դոլարով:

Մյուս կողմից հիշեցնենք, որ դեռեւս այս տարվա մարտին հայտարարվեց, որ Հայաստանի կողմից թողարկված եվրոբոնդերի, կամ նույն է թե՝ եվրապարտատոմսերով ձեռք բերված 500 միլիոն դոլարի պարտքից 200 միլիոն դոլարն ուղղվելու էր միջազգային պահուստների համալրմանը: Այսինքն՝ միջազգային պահուստները մարտին գործնականում ավելացել են 30 միլիոն 600 հազար դոլարով: Հիշեցնենք, որ այս տարվա մարտին Հայաստանը թողարկել է 500 միլիոն դոլարի եվրապարտատոմս` տարեկան 7,5 տոկոսով եւ 10 տարի ժամկետով: Նշված ժամկետում Հայաստանն իր թողարկած եվրապարտատոմսերի գնորդներին պետք է վճարի 875 միլիոն դոլար:
Բայց դառնանք ՀՀ կենտրոնական բանկի՝ երեկ հրապարակած տվյալներին, որի համաձայն՝ անցած տարվա սկզբին Հայաստանի միջազգային պահուստները կազմել են 2 միլիարդ 251 միլիոն 613 հազար 609 դոլար: Իսկ անցած տարվա վերջին արդեն՝ 1 միլիարդ 489 միլիոն 443 հազար 269 դոլար: Այսինքն՝ 2014 թվականի ընթացքում Հայաստանի միջազգային պահուստները նվազել են 762 միլիոն 170 հազար 340 դոլարի չափով: Հայաստանի տնտեսության, մեղմ ասած, ծանր վիճակի մասին է վկայում նաեւ այն փաստը, որ միայն այս տարվա առաջին երկու ամիսներին մեր հանրապետության միջազգային պահուստները նվազել են 228 միլիոն 543 հազար 269 դոլարով:
Ի դեպ, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի պահին` անցած տարվա ապրիլի 3-ին, Հայաստանի միջազգային պահուստները կազմել են 1 միլիարդ 970 միլիոն 300 հազար դոլար: Վերջինիս պաշտոնավարման վերջին երեք ամսում մեր հանրապետության միջազգային պահուստները նվազել են 281 միլիոն 313 հազար դոլարով: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մեկամյա պաշտոնավարումից հետո Հայաստանի միջազգային պահուստները պակասել են 678 միլիոն 800 հազար դոլարի չափով (այս տարվա մարտի 200 միլիոն դոլարի համալրումը չենք հաշվարկել, քանի որ, ինչպես արդեն նշել ենք, դա տեղի է ունեցել բարձր տոկոսով ձեռք բերված վարկի հաշվին): Այլ կերպ ասած՝ արդեն մեկ տարի է Հայաստանն ապրում է «սեւ օրերի» համար ետ գցած գումարների հաշվին:
Սակայն ակնհայտ է, որ նման կերպ երկար չի կարող շարունակվել, եւ եթե տնտեսությունը չսկսի աճել, իսկ միջազգային պահուստներն էլ չսկսեն վերականգնվել, ապա մի օր էլ Հայաստանը փաստի առաջ է հայտնվելու: Ու կարող է պարզվել, որ ո՛չ բյուջեում գումար կա եւ ո՛չ էլ միջազգային պահուստներում է «ետ գցած» գումար մնացել: Հատկանշական է, որ Հայաստանը նման ծանր տնտեսական վիճակում պատերազմի տարիներից հետո չէր հայտնվել: 90-ականների երկրորդ կեսին Հայաստանի տնտեսությունը տարեցտարի աճում էր, ինչին նպաստում էր նաեւ արտերկրից եկող տրանսֆերտների տարեցտարի աճը: Նույնիսկ 2009-ին, երբ միջազգային տնտեսական ճգնաժամը հասավ Հայաստան, նման անհույս վիճակ չէր, քանի որ բոլորը գիտակցում էին, որ այդ ամենը ժամանակավոր բնույթ է կրում, եւ առնվազն մեկ տարվա ընթացքում միջազգային տրանսֆերտները կվերականգնվեն, եւ իրավիճակը կշտկվի: Իսկ այսօր իրավիճակից դուրս գալու ուղիները չեն երեւում, քանի որ տրանսֆերտների անկման պատճառը` Ռուսաստանի եւ Արեւմուտքի հակամարտությունը, մոտ ապագայում չի հանգուցալուծվի ու կարող է տարիներ տեւել: Մյուս կողմից էլ ՀՀ իշխանություններն ի վիճակի չեն ինքնուրույն խթանել Հայաստանի տնտեսության զարգացումը, որպեսզի գերտերությունների միջեւ հակամարտության հետեւանքները մեզ վրա այդքան ուժգին չազդեն: Թերեւս հենց այս անելանելի վիճակն է պատճառը, որ իշխանական կուլիսներում համառորեն քննարկում են Կառավարության շուտափույթ փոփոխության հարցը: Իսկ դա ի՞նչ կտա մեզ, անհայտ է:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 

ՊԻՏԻ ՔՎԵԱՐԿԵՆ
Ապրիլի 27-ին մեկնարկելու է Ազգային ժողովի հերթական քառօրյան, որի սկզբում քվեարկության է դրվելու գազի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը, որը նախորդ քառօրյայում բուռն քննարկումների առիթ դարձավ: Հիշեցնենք, որ նշված հանձնաժողովում ընդգրկված էին ԱԺ բոլոր խմբակցությունից ներկայացուցիչներ, որոնք շուրջ մեկ տարի ուսումնասիրել են «Հայռուսգազարդի» բաժնետոմսերի` ՀՀ Կառավարությանը պատկանող 20 տոկոսը ռուսական «Գազպրոմին» տալու պատմությունը, ինչպես նաեւ՝ սպառողին մատակարարվող գազի սակագնի գոյացման հիմքերը: Չնայած փաստաթղթում գազի հետ տվյալները ներկայացված էին հնարավորինս մեղմված, սակայն առկա տվյալները եւս բավարար էին, որպեսզի արձանագրվեր, որ սպառողին մատակարարվող գազի սակագինն առնվազն 20 տոկոսով ուռճացված է:

 

ԳԵՏՆ ԻՆՔՆ ԻՐԵՆ ՄԱՔՐԵԼ Է
«Ժողովուրդ»-ը Տավուշի մարզկենտրոն Իջեւանի բնակիչներից ահազանգ է ստացել, ըստ որի՝ քաղաքի կենտրոնում Աղստեւ գետի ափին գտնվող խանութների եւ սննդի օբյեկտների տերերը աղբը նետում են գետը: Նշված օբյեկտները հիմնականում կառուցված են գետի ափին կամ, այսպես կոչված, «կախված» են գետի վրա, եւ աղբը Աղստեւ գետը լցնելը, երբեմն նաեւ թաքուն` ավելորդ աչքից հեռու, մեծ դժվարություն չի ներկայացնում: Ըստ բնակիչների՝ արդյունքում գետի հունով մեկ, ինչպես նաեւ՝ ողջ քաղաքում, հակասանիտարական վիճակ է ստեղծվել: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց խնդրի հետ կապված Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանից մեկնաբանություն ստանալ` պարզելու համար, թե ինչու քաղաքապետարանը միջոցներ չի ձեռնարկում, որպեսզի Աղստեւի ափին գործող օբյեկտներն իրենց աղբը չլցնեն գետը: Վարդան Ղալումյանն ի պատասխան՝ ասաց, թե այս օրերին գետը վարարել է եւ ափերից դուրս եկել, ու անհասկանալի է, թե ինչու են բնակիչները նման բողոք ներկայացնում: Ըստ նրա՝ գետը հունից դուրս գալով՝ մի քանի խանութներ նույնիսկ ջրով ողողել է: Այլ կերպ ասած, բնությունն արդեն ինքը խնդիրը հոգացել է եւ աղբը քշել-տարել է: Քաղաքապետը վստահեցրեց նաեւ, որ խնդիրը գտնվում է իրենց ուշադրության կենտրոնում:

 

ԲՐՈՒՑԵԼՈԶԻ ՆՈՐ ԴԵՊՔ
ՀՀ առողջապահության նախարարությունը Կոտայքի մարզի բնակչության շրջանում լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերել եւ արձանագրել է բրուցելոզի 19 դեպք, որից 9-ը միայն Սոլակ գյուղում է: Պարզվել է, որ բոլոր հիվանդները շփում են ունեցել իրենց իսկ կենդանիների հետ: Սոլակի գյուղապետ Բադալ Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին գյուղում բրուցելոզ հիվանդությունը չկա: Վեց գլուխ խոշոր եւ 17 գլուխ մանր եղջերավոր անասուններ հարկադիր մորթի են ենթարկվել: «Միսը չի վաճառվել: Ներքին օրգանները թաղել ենք, իսկ միսն օգտագործել է անասնատերը: Լավ եփելու դեպքում միսը կարող են հանգիստ օգտագործել»,- ասաց գյուղապետը:

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՊՈՒՏԻՆԻ ՈՒՂԵՐՁԸ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձով դիմել է «Աշխարհն առանց ցեղասպանության» հիշատակի երեկոյի մասնակիցներին: Նա նշել է, որ միջազգային հանրությունը պետք է անի ամեն ինչ, որպեսզի հայ ժողովրդի ցեղասպանության պես չարագործությունները երբեւէ չկրկնվեն: «1915-ի Ապրիլի 24-ը վշտալի տարեթիվ է, որը կապված է մարդկության պատմության ամենասարսափելի եւ ամենադրամատիկ իրադարձություններից մեկի` հայ ժողովրդի Ցեղասպանության հետ: 100 տարի անց մենք գլուխ ենք խոնարհում այդ ողբերգության բոլոր զոհերի հիշատակի առաջ, որը մեր երկրում ընկալել են իբրեւ սեփական ցավ ու աղետ»: Պուտինը նշել է, թե միջազգային հանրությունը կոչված է անելու ամենը, որպեսզի նման չարագործությունները ոչ մի տեղ եւ երբեք չկրկնվեն:

 

ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ
Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները քննարկել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջիկա այցը Երեւան՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար: Ավելի վաղ Կրեմլը հայտարարել էր, որ Պուտինի՝ Հայաստան մեկնելու կապակցությամբ Թուրքիայի բացասական արձագանքի համար պատճառներ չի տեսնում: «Էրդողանին հայտնի են Հայաստան մեկնելու Պուտինի ծրագրերը: Երկու երկրների ղեկավարների միջեւ այդ մասին խոսակցություն եղել է», – ասել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը:

 

ԱՎՍՏՐԻԱՆ ԷԼ ԸՆԴՈՒՆԵՑ
Ավստրիայի խորհրդարանը երեկվա լիագումար նիստի ընթացքում ճանաչել եւ դատապարտել է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը: Ելույթով է հանդես եկել Ավստրիայի Ազգային խորհրդի նախագահ տիկին Դորիս Բուրեսը, ով նշել է. «Պատմական մեղսակցության ընդունումը նախապայման է հետեւողական հաշտեցման: Այս գիտակցությամբ եւ նպատակ ունենալով սատարել Հայաստանի եւ Թուրքիայի հաշտեցմանը՝ Ավստրիայի խորհրդարանում ներկայացված բոլոր վեց խորհրդարանական խմբակցությունների նախագահները համատեղ հայտարարություն են ընդունել Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրագործված ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ», – ասել է Բուրեսը: Հայտարարության ընդունումից հետո խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգել է ցեղասպանությանը զոհ գնացած մեկեւկես միլիոն հայերի հիշատակը: Երեկ պաշտոնական Անկարան հետ է կանչել Վիեննայում իր դեսպանին:

 

ԲԱՎԱՐԱՐ ՉԻ ԵՂԵԼ
«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» ֆորումի բացմանը երեկ Սերժ Սարգսյանն անուղղակի դիմել է Թուրքիայի իշխանություններին` ասելով. « Ցեղասպանության ժխտումը նաեւ ազգային ատելության նոր ալիքի բարձրացման տարրեր է պարունակում, հաճախ ուղեկցվում է անհանդուրժողականությամբ եւ իրականացված ցեղասպանությունների արդարացմամբ: Իսկ միջազգային ուժեղացող ճնշման պարագայում ժխտողականությունը ձեռք է բերում ավելի փափուկ, բայց նույնքան վտանգավոր երանգներ կամ տարրալուծվում է պատմության վերաշարադրման արշավներում»: Սարգսյանը նաեւ նշել է, որ միջազգային հանրության հետեւողականությունն ու վճռականությունը բավարար չեն եղել ցեղասպանությունների ճանաչման ու դատապարտման, ինչպես նաեւ՝ ժխտողականության բացառման գործում: «Դեպի հաշտություն տանող ուղին ժխտողական կեցվածքը չէ, այլ գիտակցված հիշողություն»- ընդգծել է Ս. Սարգսյանը:

 

ԹՈՒՐՔԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ ապրիլի 24-ին Պոլսո Հայոց պատրիարքարանի Սուրբ Աստվածածնի եկեղեցում անցկացվելիք պատարագին թուրքական կառավարությունը նախատեսում է մասնակցել նախարարական մակարդակով:
Պատարագը կմատուցի Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Աթեշյանը արարողության ժամանակ չի կիրառելու «ցեղասպանություն» բառը, այլ շեշտը դնելու է թուրքական պետական թեզերից բխող «ընդհանուր ցավի» տեսության վրա:




Լրահոս