«ԻՐԵՆՑ ՖՈՐՄԱՏԻՆ ՉԵՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բազմաթիվ երգերի հեղինակ, երգահան, կատարող ՍՐԲՈՒՀԻ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆՆ այսօր հազվադեպ է երեւում եթերում, իսկ թե ինչով է զբաղվում, կիմանանք հենց իրենից:
-Եթերում չերեւալու պատճառները բազմաթիվ են: Նախ այն, որ երաժշտությունը, ինչը ես եմ կատարում, շատ նեղ խավի համար է, իսկ այդ նեղ խավի համար տեսահոլովակ նկարել, այդքան ծախս անել, եթե անգամ ծախսածիդ 0.01 տոկոսը չես հանելու, ի՞նչ իմաստ ունի:
Էլ չեմ ասում, որ հեռուստաընկերությունների մեծ մասն ասելու է` «մեր ֆորմատը չէ»: Իսկ եթե ծախս անես, ու ցույց չտան, հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ անես: Միգուցե սխալվո՞ւմ եմ, բայց տեսահոլովակ նկարահանելու իմաստ պարզապես չեմ գտնում:
-Բայց այդ տեսահոլովակը կարծես թե հիշեցնում է Ձեր մասին, քարոզում Ձեր երաժշտությունը:
-Ճիշտ եք, բայց ամեն դեպքում անիմաստ է: Այն երգերի մեջ, որ ցուցադրվելու է իմ տեսահոլովակը, վստահաբար իր դերը չի կատարելու: Ռաբիս լսողը սա չի լսի, իսկ ովքեր որ նման երաժշտություն են լսում, այդ կարգի հաղորդումներ չեն նայում: Նույն իրավիճակը համերգների պարագայում է: Եթե մի ժամանակ պետությունն էր կազմում երգիչների ցանկը, հիմա ամեն ինչ մասնավոր կազմակերպիչների ձեռքում է: Բայց ժամանակին չկար մի համերգ, որին ես չմասնակցեի: Դե մասնավոր կազմակերպիչներից շատերն ինձ չգիտեն էլ, հենց այդ նույն պատճառով է նաեւ, որ եթերում չկամ: Եթե ճանաչեին էլ, միգուցե նաեւ հրավերքներ  չանեին, քանի որ նորից իրենց ֆորմատին չեմ համապատասխանում:
-Դո՞ւք էլ եք այն համոզման, որ ինտելեկտուալ երաժշտությունն ամեն մեկին հասու չէ:
-Ոչ թե հասու չէ, այլ մեծ մասսաները ինչին սովորում են, դա էլ ուզում են լսել: Անգամ եթե դասական երաժշտություն հաճախ մատուցեն լսարանին, մարդ կսովորի ու կսկսի սիրել, անկախ իրենից՝ հենց դա լսելու պահանջ է ունենալու: Իսկ այսօր եթե երգ են պատվիրում, պիտի հիշվող լինի, բարդ բառեր չլինեն:
-Ձեր հարցազրույցներից մեկում նշել էիք, որ եթե մի քանի երգեր արգելվեն ու չհեռարձակվեն հեռուստատեսությամբ` թերի լեզվի պատճառով, ապա փոփոխություն կլինի, երգիչներն էլ կգնան նորմալ հեղինակների մոտ երգ պատվիրելու:
-Իհարկե, թեկուզ հենց մենակ լեզվի համար արգելեն: Այլանդակ երաժշտության վրա նորմալ խոսքեր չես գրի: Երբ ինձ բերում են ռաբիս երաժշտություն, ես էլ ստիպված ռաբիսին մոտ բառեր եմ գրում, հո ինտելեկտուալ լուրջ պոեզիա չե՞մ գրի:
-Ամենից շատ ո՞ր ոճի մեջ են երգեր պատվիրում:
-Բնականաբար այն, ինչն ամենից հաճախ է լսվում եթերում: Սակայն այս ամենի կողքին կան նաեւ անհատ կատարողներ, որոնք բոլորովին այլ ժանրի երգեր են մատուցում, նրանք ուղղակի եթերում չեն երեւում, բայց ակումբային փոքրիկ համերգներ են տալիս: Եթե այսօր քո երգը քեզ գումար չի բերում, ստիպված էլ չես երգում: Շատ տաղանդավոր երգիչ-երգչուհիներ գիտեմ, որ էլ չեն երգում, կորել են ասպարեզից: Իմ բախտը դեռ բերել է, քիչ թե շատ լինում են հրավերներ:
-Որտե՞ղ եք ելույթ ունենում:
-Շուտով մենահամերգ կունենամ Երգի պետական թատրոնում: Երգելն էլ չմոռանալու համար երբեմն ռեստորաններում ելույթ եմ ունենում, միայն այդքանը: Որեւէ տեղ մշտական աշխատանք չունեմ:
-Երբ երգ են պատվիրում, որն այդքան էլ Ձեր սրտով չէ, բայց համաձայնում եք համագործակցել, չե՞ք մտածում, որ Դուք Ձեզ եւ Ձեր արվեստին դեմ եք գնում:
-Երբ 6 տարի առաջ Մոսկվայից եկա, այս աստիճան խայտառակություն չէր: Սթրես տարա, երբ տեսա, որ այն, ինչ թողել գնացել էի, դրանից բան չէր մնացել: Սկզբում ընտրում էի՝ ում համար գրել: Բայց այդ ընտրությունն էլ հանգեցրել է նրան, որ գիտեն` ես կամակոր եմ, ամեն ինչ չեմ անում, ուրեմն պատվեր էլ չեմ ունենում: Իսկ պատվեր չունենալու դեպքում էլ կանգնում եմ նյութական խնդիրներ լուծելու առաջ: Մեկը մյուսից բխող հետեւանքներ են: Կատեգորիկ չեմ կարող «ոչ» ասել, ինձ էլ պետք է ապրել: Հեղինակներ կան, որոնց երգերով ինձ մոտ են գալիս, բայց ես կատեգորիկ ասում եմ «ոչ», այդ մարդկանց արածին չեմ դիպչի: Դե հիմա գիտեք` ամենից շատ որ հեղինակներն են վաճառվում: Բայց լրիվ կտրել էլ չեմ կարող, միայն վոկալի դաս տալը բավարար չէ ապրելու համար:
-Երգի պետական թատրոնում վոկալի դասեր եք տալիս, ի՞նչ կասեք, ապագա սերնդի մեջ կա՞ն արժանի հետեւորդներ:
-Գնալով շնորհք ասածն էլ, համեմատած նախորդ տարիների հետ, քչանում է, բայց փառք Աստծո, կան: Մի վատ բան էլ կա. եթե տարիներ առաջ միայն շնորհքը բավարար էր, որ սկսնակ կատարողն ինչ-որ բաների հասնի, այսօր միայն շնորհքով առաջ չես գնա: Նախ եւ առաջ գումարն է կարեւոր, իսկ շնորհալի երեխաների մեծամասնությունն անապահով ընտանիքներից է: Այսինքն՝ ի սկզբանե գիտես, որ այդ երեխան ոչ մի բանի էլ չի հասնելու՝ չնայած որ տաղանդ ունի: Ցավոք սրտի, այդ օրն ենք ընկել:

շարունակելի
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս