Armlur.am-ն արդեն հայտնել է, որ այսօր վաղ առավոտյան պայթյուն է տեղի ունեցել Գառնի գյուղի մոտ գտնվող ավտոգազալցակայանում՝ «ՆԻՎԱ» ավտոմեքենայի լիցքավորման ժամանակ: Մահացել է գազալցակայանի 24-ամյա աշխատակիցը: Նա Գառնիի բնակիչ է:
Մեկ այլ ավտոմեքենայի վարորդ ոտքի շրջանում վնասվածք է ստացել:
Armlur.am-ին տեղեկություններ հասան, որ գազալցակայանը պատկանում է Գառնի համայնքի ղեկավար Աշոտ Վարդանյանին, իսկ ՍՊԸ տնօրեն Արտաշես Մկրտչյանը նրա ազգականն է: Աշոտ Վարդանյանը, սակայն, Armlur.am-ի հետ զրույցում հրաժարվեց որևէ կերպ մեկնաբանել տեղի ունեցածը և անջատեց հեռախոսը:
Նշենք, որ լրատվամիջոցներով պարբերաբար լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Գառնիի համայնքապետ Աշոտ Վարդանյանը տեղական տուրք վճարողների ցանկում չի հաշվառել գյուղում գործող երկու բենզալցակայանները և մեկ գազալցակայանը: Գազալցակայանի համասեփականատերը համայնքի ղեկավարն է, չնայած, պետական ռեգիստրում գազալցականը գործարկող «Հին Գառնի» ՍՊԸ-ի 100% բաժնեմասի սեփականատեր է ներկայանում միայն նրա քրոջ որդին՝ Արտաշես Մկրտչյանը:
Ա. Վարդանյանը նաեւ գյուղում գործող բենզալցակայաններից մեկի համասեփականատերն է, որը Կոտայքի տարածքային հարկային տեսչությունում հաշվառված է Սպարտակ Ստեփանյանի անունով: Վերջինս համայնքի ղեկավարի ազգականն է եւ բենզալցակայանում սպասարկող է աշխատում:
Թերևս, հնարավոր աղմուկից խուսափելու համար էլ համայնքապետը հրաժարվում է որևէ կերպ մեկնաբանել տեղի ունեցածը և խուսափում է ներկայացնել տեղի ունեցածը:
Armlur.am-ը ՀՀ ՏԿԱԻ նախարարությունից տեղեկանում է, որ Գառնի գյուղի Ազատամարտիկների փողոցի թիվ 1 հասցեում գտնվող գազալցակայանում «ՎԱԶ-2121» մակնիշի 43 OU 399 պ/հ ավտոմեքենայի (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) վառելիքի լիցքավորման ժամանակ տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն, ինչից վնասվել են «ՎԱԶ-2121» մակնիշի մակնիշի 43 OU 399 պ/հ ավտոմեքենան` ամբողջությամբ, «ՎԱԶ-2121» մակնիշի 21 SO 953 պ/հ ավտոմեքենան` մասնակի (վարորդ՝ Վ. Գ., ծնվ. 1980թ.), գազալցակայանի պատը (մոտ 6 քմ) և հարակից շինության դուռն ու պատուհանը:
Գազալցակայանի այթյունից տուժած աշխատակից Ռ. Ս.-ն (ծնվ. 1988թ.) «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Հրշեջ-փրկարարները անջատել են ավտոմեքենաների մարտկոցները, փակել են «ՎԱԶ-2121» մակնիշի 21 SO 953 պ/հ ավտոմեքենայի գազի բալոնի փականը: